Ռուսաստանի մոտալուտ կործանման մասին լուրերը տարածում է արևմուտքը, որպեսզի դեմոկրատացման ենթակա երկրներին մոլորեցնի և հեռու պահի այդ երկրի հետ համագործակցությունից․ իբր կործանված երկիր է և դուք էլ կկործանվեք՝ հույսեր կապելով նրա հետ։ Ցարական Ռուսաստանի կազմաքանդման պատճառն այն էր, որ այն ժամանակվա Ռուսաստանի ռազմական պոտենցիալը բավական չէր արտաքին և ներքին խնդիրները լուծելու համար, մանավանդ ցարական Ռուսաստանում բավական մեղմ էին պատիժները արևմտյան գործակալների, ինչպես նաև հեղափոխականների նկատմամբ։ Այսօր այդ երկիրն իր ռազմական պոտենցիալով չի զիջում ոչ մի երկրի, և ավելի հզոր է, քան եվրոպական բոլոր բանակները, որը քաջ գիտակցում են այնտեղ։ Արևմտյան մեծ տերությունը բավական խոր խաղի մեջ է մտել Եվրոպայի հետ և Եվրոպային փորձում է «պաշտպանել» ոչ թե Ռուսաստանից, այլ գործում է ըստ իր ծավալապաշտական քաղաքականության։ Ոչ միայն Եվրոպան, այլև ամբողջ աշխարհը նրան պետք է որպես շուկա․ սա է գերխնդիրը, մնացածը արվում է սա քողարկելու համար։ Ոչ միայն Չինաստանն է խնդիր, այլև՝ հենց Եվրոպան, Ճապոնիան։ Սա բավական հեռուն գնացող է և շատերի համար անհասկանալի։ Այս երկու օրերի ընթացքում Իրանում մեկ միլիոնից ավելի մարդ է մասնակցել ի պաշտպանություն կառավարությանը՝ պահանջելով պատժել անկարգությունների հրահրիչներին։ Աշխարհը վաղուց արդեն բազմաբևեռ է։ Սիրիան չկարողացան կազմաքանդել, ուր մնաց աշխարհի ամենահզոր միջուկային տերությունը կազմաքանդեն։ Քաղաքականությունը մի քանի ծանծաղամիտների հայտարարություններ կամ հեռուստատեսային հաղորդումներ չէ, այլ հստակ, հաճախ քողարկված գործողություններ, որոնց արդյունքում Սիրիան ետ նվաճեց իր տարածքի գրեթե 95 տոկոսը։ Ռուսական տասնվեց հոգուց կազմված հատուկ նշանակության խումբը մի քանի օր շարունակ ետ մղեց ԻՊ-ի մի քանի հարյուր զինյալներին, որոնք հարձակվում էին տանկերով։ Միայն այս փաստը արդեն իսկ խոսում է այդ երկրի բանակի մարտունակության, զինվածության և սպաների պատասխանատվության մասին։ Քսանվեց տարի մեր երկիրը գտնվել է եվրոպական քաղաքականության ազդեցության տակ, որը բավական լուրջ տրամաբանությամբ հանդուրժել է Ռուսաստանը՝ միաժամանակ գիտակցելով և հաշվարկելով մեր հնարավորություններն իր ծավալապաշտական քաղաքականության շրջանակներում։ Չեմ կարծում, որ մեր երկրի երեք կառավարությունների կողմից քսանվեց տարի շարունակ իրականացված սիրողական քաղաքականության շնորհիվ ստեղծված քաղաքական իրավիճակը ձևավորել է քաղաքական «հանգամանքներ», որոնք հօգուտ մեր երկրի են։ Տարեցտարի ահագնացող արտագաղթն այս բոլոր հարցերի հստակ պատասխանն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել