Դերասան, երգիչ  Գոշը, ով նկարահանվում է նաև «Ոսկե Դպրոց» սիթքոմում EXKLUSIVElife.com-ի հետ ունեցած հարցազրույցում խոսել է սիթքոմի, իր նոր տեսահոլովակի, անձնական կյանքի մասին և ոչ միայն...
- Ինչպես եղավ, որ նկարահանվեցիք «Ոսկե դպրոց» սիթքոմում:
 
- Այն պահին, երբ «Ոսկե դպրոց»-ի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Վաչե Թովմասյանի կողմից առաջարկ ստացա մասնակցելու սիթքոմի դերակատարների քասթինգին, ես երկրում չէի գտնվում: Հայաստան գալուն պես միանգամից տեղեկացա սիթքոմին վերաբերող մանրամասներին, անցա քասթինգը, և արդեն տևական ժամանակ է, ինչ հանդես եմ գալիս Դավիթի կերպարում: Նշեմ, որ տվյալ կերպարի համար բավական շատ մարդ էր հավաքվել քասթինգի ժամանակ, բայց, հուրախություն ինձ, «Ոսկե դպրոց»-ի ստեղծագործական կազմն իր որոշումը կայացրեց հօգուտ ինձ, ինչի համար շնորհակալ եմ նրանց: 
- Ինչ տվեց այն Ձեզ: 
- Նախևառաջ, այն ինձ համար մեծ փորձ է դերասանական ոլորտի հետ կապված: Սա այն առաջին լուրջ նախագիծն էր, որում ես ընդգրկվեցի, և որն ինձ հնարավորություն տվեց փորձելու ուժերս որպես դերասան: Թեև առաջնային կարևորություն եմ տալիս իմ երաժշտական գործունեությանը, բայց շեշտեմ, որ դերասանական ոլորտին ոչ պակաս լուրջ և մանրակրկիտ եմ մոտենում: Մինչ այս կամ այն սերիայի նկարահանումը ինքս վերլուծում եմ, թե տվյալ սերիայում ինչ խնդիր է դրված Դավիթի առջև, որպեսզի, ինչպես հարկն է, կատարեմ այդ խնդիրը: Իսկ արդեն եթեր հեռարձակվելուց հետո փորձում եմ շտկել այն բոլոր թերությունները, որոնք, իմ կարծիքով, առկա են: Դա երևի գալիս է նրանից, որ ինքս շատ բծախնդիր եմ իմ հանդեպ թե՛ առօրյա կյանքում և թե՛ մասնագիտական առումով:
- Ինչպիսին եք կադրից դուրս:
- Ի տարբերություն «Ոսկե դպրոց»-ում իմ կերպարի՝ Դավիթի, ես ավելի էներգիայով լի և աշխույժ եմ: Դավիթը համեստ և միամիտ տղա է, իսկ ես այդպիսին չեմ: Չեմ սիրում ժամանակս անիմաստ վատնել, փորձում եմ տարբեր բաներով զբաղվել, նույնիսկ այս ընթացքում հաջողություններ եմ գրանցել սպորտի ոլորտում, ինչպես նաև հաջորդ տարի ավարտում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բիզնես և մարքեթինգ» ֆալուկտետը:
- Մինչ սիթքոմը հանրությանը դուք հայտնի էինք որպես երգիչ, և Ձեր վերջին տեսահոլովակը քննարկումների տեղիք տվեց հանրության շրջանում և հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր Ձեզ երկրպագում են: Նրանք Ձեզ նմանեցրին Ջասթին Բիբերի հետ: Ձեր կարծիքն այս ամենի մասին: 
- Նախ ասեմ, որ ինքս շատ ուրախ եմ «Կինն ու գինին» տեսահոլովակիս շուրջ առաջացած արձագանքների համար: Դրանք ինձ շատ են ոգևորում և ևս մեկ անգամ ապացուցում, որ չեմ սխալվել այն երաժշտական ուղու մեջ, որն ընտրել եմ: Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ Ջասթին Բիբերին նմանեցնելուն, ապա ասեմ, որ ցանկացած տեսակետի և, ինչու  ոչ, նմանօրինակ համեմատություններին դրական եմ վերաբերում: Բայց սրա հետ մեկտեղ, իհարկե, կցանկանամ, որ մարդիկ ինձ ընկալեն միմիայն որպես անհատ կատարողի, որպես երգիչ Գոշի, ով ունի իր սեփական գործունեությունը և անձամբ չի ցանկանում ոչ մեկին նմանվել: 
- Որ փուլում է Ձեր անձնական կյանքը և արդյոք ունե՞ք ընկերուհի կամ կողակից: 
- Նախկինում արդեն նշել եմ, որ սիրտս ազատ է, ընկերուհի չունեմ: Ներկայումս կենտրոնացած եմ միմիայն աշխատանքիս վրա:
Ամբողջական հոդվածն՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել