2017թ․-ի դեկտեմբերի 28-ից իրանական քաղաքներում սկսված հուժկու ելույթները, որոնք սկզբնական շրջանում կրում էին սոցիալական բնույթ, իսկ հետագայում վերածվեցին հակակառավարական ակցիաների, շարունակվում են։ ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որը, մոռանալով ամանորյա տոները, տարբեր մակարդակներով և բավական ակտիվ մեկնաբանում է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ Իրանում հակակառավարական ելույթների մասնակիցներին պաշտպանելու և սատարելու հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը, փոխնախագահը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը և շատ այլ քաղաքական գործիչներ։ 
Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին պաշտոնական Թեհրանը որոշել էր արգելափակել Telegram և Instagram սոցցանցերը, որոնք բավական ակտիվ օգտագործվում են իրանական ընդդիմադիրների կողմից իրավիճակը երկրում ապակայունացնելու նպատակով։ Սակայն զավեշտալին այն է, որ Վաշինգտոնին դուր չի եկել, որ Թեհրանն արգելափակել է այդ սոցցանցերը, և ԱՄՆ-ն կոչով դիմել է Իրանի իշխանություններին և հորդորել արգելաբացել Instagram-ը։ Ստացվում է, որ ԱՄՆ-ն Թեհրանին կոչ է անում չխոչընդոտել Իրանում հեղափոխություն կազմակերպելու իր ծրագրերը, որոնք պետք է դառնան Վաշինգտոնի «Արաբական գարուն» ծրագրի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Ավելի տարօրինակ առաջարկով Թրամփի վարչակազմը հանդես գալ չէր էլ կարող։ Եթե ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գերադասում էր չբարձրաձայնել, թե Թունիսում, Եգիպտոսում, Սիրիայում, Ալժիրում և այլ իսլամական երկրներում 2011թ․-ից գլուխ բարձրացրած «Արաբական գարունն» ինչ մեթոդներով է տարածվում և ինչ սոցցանցերի միջոցով է ուղղորդվում, ապա Թրամփը բացահայտ բարձրաձայնում է դա։ Facebook-ից, Twiiter-ից բացի՝ ԱՄՆ իշխանությունները որպես հեղափոխությունների կազմակերպման գլխավոր «հարթակ» օգտագործում են նաև Instagram-ը և այլ սոցցանցեր։ 
Իրանական իշխանությունները, տեղյակ լինելով ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սոցցանցերի մասին, հորդորում են սեփական քաղաքացիներին օգտվել ոչ ամերիկյան ծագում ունեցող սոցցանցերից։ Հենց դրանով է պայմանավորված, որ բավական մեծ քանակությամբ իրանցիներ օգտվում են «ռուսական» ծագում ունեցող Telegram սոցցանցից, որի հիմնադիրն է Պավել Դուրովը՝ ՌԴ-ում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում բավականաչափ ճանաչված Вконтакте սոցցանցի հիմնադիրը։ Սակայն նույն Դուրովը մերժել էր իրանական իշխանությունների խնդրանքն արգելափակել Telegram-ում գործող մի քանի ալիքների գործունեությունը, որոնք օգտագործվում էին իրանական ընդդիմադիր խմբավորումների կողմից տեղեկատվություն տարածելու և փոխանակելու նպատակով։ Պատճառը մեկն է․ Պուտինի նախկին երկրպագու Պավել Դուրովը 2014թ․-ից լքել է Ռուսաստանը և հայտարարել, որ նպատակ չունի վերադառնալու հայրենիք։ Դուրովը հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում և, որքան կարելի է կռահել, համագործակցում է ԱՄՆ իշխանությունների հետ։ 
Հիմա արդեն պարզ է, թե «ռուսական» ծագում ունեցող Telegram-ը և վերջինիս տնօրենն ինչու են մերժել Թեհրանի խնդրանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել