Հանրապետության հրապարակ, քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-1990 թթ. կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977 թվականին)։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հեկտար)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1990-ը Լենինի արձանն էր, 1996-ը՝ պատվանդանը (1940, քանդակագործ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետներ՝ Նատալյա Փարեմուզովա, Լևոն Վարդանով (Վարդանյան))։

Հրապարակը՝ 20-րդ դարի սկզբին

1971 թվականին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։

Հանրապետության հրապարակի ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942, հետմահու, նիստերի դահլիճի նախագիծը և շինության ավարտի ղեկավարումը՝ Գևորգ Թամանյանի), Կառավարական 2-րդ տունը (ճարտարապետներ՝ Սամվել Սաֆարյան, Վարազդատ Արևշատյան, նախագծման սկզբնական փուլում նաև՝ Ռաֆայել Իսրայելյան), Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը (երեքն էլ՝ ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, վերջինը՝ Ս. Ղազարյանի մասնակցությամբ)։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման։ Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ (Կառավարական 2-րդ տունը, թանգարանների շենքը) և վարդագույն (մնացած շենքերը) երանգների ֆելզիտային տուֆով։

Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է, ավելի ուշ կառուցված Կառավարական 2-րդ տունը և հրապարակի հարավարևմտյան շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքի չափով ներդաշնակ են նրան, որով և պայմանավորված է Հանրապետության հրապարակի հորինվածքային և ոճային միասնությունը։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել