Աշխարհում հնագույն քարտեզը, որը կոչվում է Բաբելոնյան աշխարհացույց, հայտնաբերվել է Բաբելոնից 97 կմ հյուսիսում՝ Եփրատի արևելյան ափին գտնվող Ուրուկում (այժմյան Իրաքի հարավային հատված, Սիպպար):
Բաբելոնյան աշխարհացույցը Միջագետքի տարածքից գտնված և պահպանված միակ քարտեզն է, որտեղ կոպիտ մասշտաբային սխալներով բաբելոնցիները ներկայացրել են իրենց ծանոթ հին աշխարհը: Քարտեզը ներառում էր ինչպես աշխարհագրական իրական տարածքներ, այնպես էլ առասպելաբանական տարրեր:
Քարտեզը փորագրված է կավե տախտակի վրա: Բաղկացած է երեք մասից՝ աշխարհագրական բուն քարտեզն իր գրառումներով, երեսկողմի արձանագրություններ և շրջերեսի արձանագրություններ:
Քարտեզի վրա Երկիրը պատկերված է թռչնի թռիչքի բարձրությունից՝ երկու հարթ, կոնցենտրիկ շրջանների ներսում և ունի հարթավայրի տեսք: Հարթավայրը բոլոր կողմերից ողողում է «Դառը գետ» կամ այլ տեքստերից հայտնի «Աղի ջուր», «Ծովային աղ» կոչվող օվկիանոսը: Բաբելոնյան աշխարհացույցը մեզ հայտնի միակ քարտեզն է, որտեղ ցույց են տրված հորիզոնի կողմերը: Հյուսիսում պատկերված են լեռներ, որոնցից սկիզբ են առնում Եփրատ ու Տիգրիս գետերը, որոնք էլ իրենց հերթին պատկերված են երկու զուգահեռ գծերի տեսքով և թափվում են քարտեզի ստորին հատվածում գտնվող ճահճի մեջ: Բաբելոնը գտնվում է մեծ ուղղանկյունու մեջ՝ Երկրի կենտրոնում՝ զբաղեցնելով ցամաքի լայնքի կեսը: Տարբերակված են նաև Վերին ծովի՝ Սև ծովի, և Ստորին ծովի՝ Պարսից ծովի, երկրները: Բաբելոնից դեպի հյուսիս-արևելք պատկերված է Ասորեստանը, որը հյուսիսում սահմանակից է Ուրաշտու-Հայաստանի հետ: Բաբելոնից հարավ-արևմուտք նշված է Հաբբան երկիրը: Բացի խոշոր երկրներից՝ քարտեզը պարունակում է այլ անանուն բնակավայրեր ևս:
Քարտեզի գրությունների արձանագրություններում ամփոփված է ընդհանուր առմամբ 25 անվանում, որոնցից 7-ը երկրանուններ են՝ Բաբելոն, Ուրաշտու-Հայաստան, Ասորեստան, Դերի, Սուզա, Բիթ Յակին, Հաբբան, իսկ 18-ը՝ մարդկության համար խորհրդանշական այլ վայրեր: Վերջիններս են՝ Աստվածների ժողովի լեռը, Քաղաքը (նշվում է 2 անգամ), Ճահճուտը, Ջրանցքը, Օվկիանոսը (նշվում է 4 անգամ) և Շրջանը (նշվում է 8 անգամ):
Հնագույն քարտեզն ունի նաև երեսկողմի 11-տողանի և շրջերեսի 29-տողանի արձանագրություններ, որոնք վերաբերում են Երկրի և յոթ երկրների նկարագրությանը:
Բաբելոնյան աշխարհացույցն առաջին անգամ հրատարակել ու գիտական հասարակությանն է ներկայացրել Փայզերը 1889 թվականին: Դրան հաջորդել են ևս մի քանի հրատարակություններ, սակայն լավագույն ամբողջական հրատարակությունն իրականացրել է Վ. Հորովիցը 1988 թվականին: Հայագիտության մեջ քարտեզը երբեք ամբողջական կերպով չի հրատարակվել, սակայն մի շարք թերի և սխալական հրատարակումներ եղել են: Քարտեզի գրություններից մեկում ամենատարածված անճշտությունը «Ուրաշտու-Հայաստանի» փոխարեն «Արմենիա» երկրանվան նշումն է, սակայն հայտնի է, որ բաբելոնյան աղբյուրներում Հայաստանը երբեք հանդես չի եկել «Արմենիա» ձևով:
Ուրաշտու-Հայաստանի հիշատակումը բաբելոնյան աշխարհացույցում մատնանշում է Հայաստանի ճանաչումը Հին Արևելքի պետությունների շարքում, հզորությունն ու հնամենիությունը: Բացի այդ՝ ժամանակակից երկրներից Հայաստանը միակն է, որը պատկերված է հնագույն այս քարտեզում:
Բաբելոնյան աշխարհացույցն այժմ պահվում է Բրիտանական թանգարանում: