2018-ի Դեղին շան տարին առաջարկում ենք սկսել պոզիտիվ ու հաճելի նյութերով: BlogNews.am-ն իր ընթերցողների համար ամփոփել է 2017-ը և կազմել է այն աստղային ընտանիքների թոփ տասնյակը, որտեղ այս տարի համալրումներ են եղել: Նրանցից շատերն առաջին անգամ են զգացել ծնող դառնալու բերկրանքը, ոմանք էլ արդեն փորձառու ծնողներ են: Աստղերի երեխաները, դուր է գալիս դա իրենց, թե ոչ, ծնված օրվանից հայտնվում են հասարակության և օբյեկտիվների ուշադրության կենտրոնում: Սակայն ոմանք համառորեն այդպես էլ ցույց չեն տալիս երեխաների դեմքերը:
Վաչե Թովմասյան և Գայանե Մանուկյան
Աստղային ընտանիքներում 2017-ի առաջին համալրումը եղավ դերասան-պրոդյուսեր Վաչե Թովմասյանի և դիզայներ Գայանե Մանուկյանի ընտանիքում: Հունվարի 25-ին ծնվեց զույգի առաջնեկը՝ Միան։ Ամուսինները դստեր լուսանկարը դեռ ոչ մի տեղ չեն հրապարակել ու համառորեն թաքցնում են փոքրիկի դեմքը:
Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան
Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում այսուհետ մարտի 15-ը տոնական օր է․ այդ օրը լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ բալիկը։ Հռիփսիմեն կրկին որդի պարգևեց ամուսնուն: Ծնողները փոքրիկին տվեցին Ռոբերտո անունը։ Նշենք, որ զույգի ավագ որդին՝ Ալբերտոն, արդեն 7 տարեկան է։
Էմմի
«3 կգ հրաշք»․ ահա այս գրառմամբ ամերիկաբնակ երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու լուրը: Երգչուհին մարտի 16-ին երկրոդ անգամ մայր դարձավ՝ լույս աշխարհ բերելով որդուն՝ Մարտինին: Հիշեցնենք, որ Էմմիի առաջնեկը` Դանիելն, արդեն մեկուկես տարեկան է:
Արամե և Աննա Թովմասյան
Այս տարվա հունիսի 4-ին լույս աշխարհ եկավ Արամեի և Աննա Թովմասյանի առաջնեկը՝ Աննա Մարիան։ Երեխան շատ սպասված էր զույգի ընտանիքում և մեծ երջանկություն բերեց նրանց։ Թե՛ Արամեն, թե՛ Աննան փոքրիկի ծննդից հետո Ինստագրամի իրենց էջերում գրել էին․ «Շնորհակալ եմ, Տեր»։ Իսկ ավելի վաղ Արամեն ասում էր, որ երազում է որդի ունենալ և նրան հոր անունը տալ, սակայն դուստր ունենալու լուրն էլ նրան չափազանց երջանկացրեց։
Գնել Ուլիխանյան և Աննա Դալլաքյան
Այս տարվա հուլիսի 27-ին լույս աշխարհ եկավ Գնել Ուլիխանյանի ու Աննա Դալլաքյանի առաջնեկը՝ Մալվինան։ Գնելը հարցազրույցներից մեկում նշել է, որ աստվածային զգացողություն է ապրել, երբ տեսել է փոքրիկին ու շնորհակալ է Աստծուն այս պարգևի համար։
Գարիկ Պապոյան և Մարիաննա
Այս տարի երկրորդ անգամ ծնողներ դարձան նաև հումորիստ և երաժիշտ Գարիկ Պապոյանն ու Մարիաննան: Սեպտեմբերի 12-ին լույս աշխարհ եկավ նրանց աղջիկը։ Հիշեցնենք, որ զույգն արդեն դուստր ուներ: Նրանց առաջնեկը` Ամելին, ծնվել էր 2014 թվականին:
Արամ MP3 և Աննա
Այս տարի երգիչ, դերասան Արամ MP3-ը երկրորդ անգամ հայր դարձավ: Հոկտեմբերի 10-ին կինը՝ Աննան, կրկին որդի պարգևեց Արամին։ Իմիջիայլոց, փոքրիկի անունը հայտնի դարձավ հաղորդավար Ավետ Բարսեղյանի մեկնաբանության շնորհիվ։ Նա լուսանկարի տակ գրել էր. «Բարի գալուստ, Դավիթ»։ Հավելենք, որ Արամն ու Աննան մինչ այս զբաղվում էին յոթ տարեկան Առնոյի դաստիարակությամբ։
Գոհար Գասպարյան և Նարեկ Վան Աշուղաթոյան
Հոկտեմբերի 10-ին լույս աշխարհ եկավ նաև հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի առաջնեկը։ Նա ամուսնուն` «Լեգալ Լաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանին, արու զավակ պարգևեց։ Նորաթուխ ծնողները փոքրիկին Վան են անվանել: Նշենք, որ Գոհարն ու Նարեկն ամուսնացել էին 2016 թվականի հունիսին։ Հաղորդավարուհին չէր խոսել հղիության մասին, քանի որ նորությունը համարում էր խիստ անձնական։
Գոհար Հարությունյան
Հոկտեմբերի 14-ին մանկան ճիչ ու խինդ լսվեց «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ընտանիքում․ նա լույս աշխարհ բերեց երկվորյակների՝ Արգիշտիին ու Սոֆենային: Հիշեցնենք, որ Գոհարն արդեն ուներ երկու դուստր՝ Մելինեն և Բիայնան, և մեկ որդի՝ Մենուան: Հայ իրականության մեջ դժվար է միանգամից 5 երեխայի մայր լինելը։ Մի փոքր անքնություն, դժվարություններ, բայց Գոհարի խոսքով՝ ինքը գիտակցում է բազմազավակ մայր լինելու ողջ պատասխանատվությունն ու ուրախությամբ է կրում այդ կոչումը:
Գոռ Պետրոսյան և Մերի Ներսիսյան
Աստղային ծնողների շարքը շարունակում են ռեժիսոր Գոռ Պետրոսյանն ու Մերի Ներսիսյանը: Զույգի երրորդ բալիկը լույս աշխարհ եկավ նոյեմբերի 15-ին: Հաղորդավարուհին ամուսնուն որդի պարգևեց: Բազմազավակ ծնողները փոքրիկին Ռոբերտ անվանակոչեցին: Նշենք, որ Ռոբերտը երկու քույր ունի՝ Էվան և Սառան: Զույգը շատ է սիրում երեխաների։ Փոքրիկները մեծ երջանկություն են բերում ամուսիններին և նրանք մտադիր չեն սահմանափակվել 3 երեխայով։ Մերին և Գոռը միշտ խոսում են բազմազավակ ծնողներ լինելու երջանկության մասին։
Նյութը՝ Էմմա Վարդանյանի