Տերևներ, մրգեր, հում միս, որդեր. ո՛չ, սրանք ամենևին էլ աստղերի սննդակարգի նոր բաղադրիչները չեն, այլ այն պրիմատների առօրյա սննդակարգը, որոնցից, ըստ էվուլյուցիայի տեսության, առաջացել են մարդիկ: Դրանց համեմատ homo sapiens-ը բազմաթիվ քայլեր է արել դեպի առաջ և կարողանում է ինքն իր համար կերակուր պատրաստել: Տարբեր երկրներ այցելելիս մենք, բացի տեղի տեսարժան վայրերը տեսնելուց, շտապում ենք նաև ավանդական խոհանոցի ուտեստները համտեսել:

Մթերային ապրանքների ֆիզիկական և քիմիական բաղադրությունը փոխելը ջերմային ազդեցության միջոցով մարդկային էվոլյուցիայի մեջ իրական հեղաշրջում էր: Կերակրի պատրաստումը թույլ տվեց մշակել այն, դյուրամարս դարձնել և նաև համի նոր երանգներ հաղորդել: Սակայն ե՞րբ է տեղի ունեցել այս «հեղաշրջումը», որը, հնարավոր է, հիմք դրեց homo sapiens-ի հետագա զարգացման:

Կերակրի պատրաստումն առանց ջերմության անհնար է, իսկ դրանից կարելի է ենթադրել, որ խոհանոցային արվեստում մարդն իր առաջին քայլերն արել է կրակի հայտնագործմանը համատեղ: Սակայն հասկանալը, թե հստակորեն երբ է դա իրականացել, դժվար է: Հնագետները խոստովանում են, որ գործնականորեն անհնար է որոշելը՝ արդյոք գետնի վրա մնացել են մարդու կողմից արված կրակի հետքեր, թե՞ տասնյակ հազարավոր տարիներ առաջ այդ վայրին ուղղակի հարվածել է կայծակը: Հենց այդ պատճառով էլ հնագույն խարույկների հետքեր հարկավոր է փնտրել քարանձավներում:

Հնագույն խարույկների մեկի հետքերը, որն արվել է շուրջ 1 մլն տարի առաջ, գտնվել են Հարավային Աֆրիկայի քարանձավերից մեկում: Այդ ժամանակ աֆրիկյան հանրապետությունում բնակություն էին հաստատել ժամանակակից մարդու հեռավոր նախնիները՝ Homo erectus-ը: Ածխացած գտածոները վկայում են այն մասին, որ homo erectus-ը միս է պատրաստել եփելու միջոցով:

Նեանդերթալացիները, որոնք առաջացել են 250 000 տարի առաջ homo erectus-ի էվոլյուցիայի հետևանքով, հստակորեն կարողանում էին խարույկ վառել և ուտելիք պատրաստել: Այդ մասին վկայում են ածխացած կենդանիների մնացորդների բազմաթիվ գտածոները: Սակայն այս գտածոների մասին հստակ որևէ եզրակացություն տալուց առաջ տրամաբանական հարցեր են առաջանում. առաջին՝ միգուցե սրանք վկայում են ոչ թե մսի պատրաստման, այլ ուղղակի կենդանիների միջոցով ծիսակատարությունների անցկացման մասին, և երկրորդ՝ եթե անգամ ուտելիք պատրաստել են, ապա ինչ հաճախականությամբ են արել դա:

Հասկանալը, որ մարդը պարբերաբար կերակուր է պատրաստել, հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայտնաբերվեն պատրաստման համար նախատեսված հատուկ գործիքներ: Կավե հնագույն տարաները հայտնաբերվել են Չինաստանի տարածքում և ունեն մոտ 20 000 տարվա վաղեմություն: Ներքին պատերի բազմաթիվ քերծվածքներն ապացուցում են, որ դեռևս 20 000 տարի առաջ մեր նախնիները կարողանում էին բավականին բարդ կերակուրներ պատրաստել:

Սակայն այս գտածոն ևս հստակություն չի մտցնում այն հարցում, թե երբ է հին մարդը սկսել ուտելիք պատրաստել: Գիտնականները որոշեցին, որ քանի որ հնագիտական տվյալները չեն կարողանում հստակ պատասխան տալ, անհրաժեշտ է հղում կատարել կենսաբանությանը, ավելի կոնկրետ՝ մարդու տարբեր հնագույն նախնիների կմախքներին՝ homo habilis-ի, որը գոյություն է ունեցել շուրջ 2 մլն տարի առաջ, homo erectus-ի և նեանդերթալացիների: Բանական մարդու հետ համեմատելիս մյուս երկուսի մոտ նկատվեց ատամների չափերի խիստ արտահայտված փոքրացում՝ համեմատած գլխի չափսերի հետ: Այս փոփոխությունը գիտնականները կապում են հենց կերակրի պատրաստման ունակություններ ձեռք բերելու հետ: Այն մթերքները, որոնք մինչ այդ դժվար էին մարսվում, ջերմային մշակումից հետո օգտագործման համար առավել հարմարավետ էին դարձել, առավել շատ կալորիաներ էին պարունակում և հեշտ էին ծամվում: Մեր նախնիներն այլևս ստիպված չէին լինում ամբողջ օրն ուտելիք փնտրել և շատ հաճախ ուտել, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ կալորիաներ ստանային, հետևաբար՝ խոշոր ատամներն անհետացան, քանի որ մարդիկ դրանց կարիքն այլևս չունեին:

Ստացվում է, որ այն տեսությունը, որի համաձայն՝ ժամանակակից մարդու նախնին առաջին անգամ սկսել է կերակուր պատրաստել շուրջ 1 մլն տարի առաջ՝ homo erectus-ի գոյության ժամանակ, շատ հավանական է: Ճիշտ է, այդ գործընթացը նախկինում շատ ավելի դանդաղ է կատարվել, քան մեր օրերում, բայց, ամեն դեպքում, ջերմային մշակման արդյունքում մարդիկ կարողացել են հասնել իրենց ուզածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել