Հրանիցյան անդունդը ներկայումս համարվում է ստորգետնյա ամենախորը քարանձավն աշխարհում, որն ունի 404 մ հաստատված խորություն: Քարանձավը գտնվում է Չեխիայի արևելքում, Հրանիցե քաղաքից ոչ հեռու, որտեղից էլ ստացել է իր անունը՝ Hranicka propast: Սրան անդունդ են կոչել տեղի բնակիչները շատ վաղուց՝ հսկայական խորության պատճառով:

Զարմանալի է, որ քարանձավը գտնվում է սարերում՝ ծովի մակարդակից բարձր: Բնության այսպիսի անդունդները հիմնականում ունենում են կարստային ծագում. այս երևույթի դեպքում ջուրը մակերևույթներից ճեղքվածքների միջոցով թափանցում է երկրի ընդերքը, որտեղ այն լուծում է կրաքարն ու առաջացնում ընդարձակ անձավներ՝ վերջիններիս մեջ էլ երբեմն առաջացնելով ստորերկյա լճեր:

Նոր ռեկորդ է սահմանել լեհ սուզորդ-ուսումնասիրող Կշիշտոֆ Ստարնավսկին: Քարանձավերի հետազոտման համար գրանտ ստանալով՝ նա սկսել է բնական այս օբյեկտների հետ ծանոթանալ դեռ 1998 թվականին: Այն ժամանակ սուզորդն աքվալանգով հասավ 200 մ խորության: Թվում էր՝ հասել է քարանձավի ստորին հատվածին, այդ պատճառով էլ Հրանիցյան անդունդը մնաց որպես տեղի տեսարժան վայր՝ չհասնելով համաշխարհային որևէ ռեկորդի: Սակայն 2014 թ. հերթական սուզման ժամանակ Կշիշտոֆ Ստարնավսկին հայտնաբերեց մինչ այդ չնկատված նեղ անցում, որի միջով անցնելու հնարավորություն մարդ արարածը չուներ:

Մեկ տարի անց անցումը փլուզվեց և ավելի լայնացավ, հետևաբար աքվալագիստը կարողացավ դրանով ավելի ներքև իջնել՝ շարունակելով քարանձավի ուսումնասիրությունը: Այս անգամ նա իր հետ վերցրեց  խորջրյա հատուկ սարք: Մաքսիմալ հեռավորությունը, որտեղ նա հաջողեց անցնել, 104 մետր էր. տեխնիկական որոշ խնդիրների պատճառով հետագա ընթացքը անհնար էր իրականացնել: Սակայն անգամ սա էր բավարար նոր ռեկորդ սահմանելուև Հրանիցյան անդունդն աշխարհում ամենախորը ստորջրյա քարանձավը համարելու համար: Մինչ այդ ռեկորդակիր էր համարվում իտալական Pozzo del Merro քարանձավը, որն ունի 392 մ խորություն:

Իսկ ի՞նչը խանգարեց շարնակելուն քարանձավի ուսումնասիրությունը: Բանն այն է, որ Հրանիցյան անդունդի ջուրը ոչ միայն պղտոր է, այլ նաև սառը. ինչքան իջնում ես դեպի ստորին կետը, այնքան իջնում է ջրի ջերմաստիճանը: Սակայն խառնուրդների մեծ ծավալի պարունակության հետևանքով հեղուկը սառույց չի դառնում: Դրա բաղադրության մեջ կան մեծ քանակությամբ հանքային աղեր, որոնք շարքից հանում են տեխնիկան: Հենց այս պատճառով էլ անդունդում ավելի խորանալու համար անհրաժեշտ են տեխնիկապես ավելի հզոր և պաշտպանված խորջրյա սարքավորումներ: Չի կարելի անտեսել նաև ավելացող ճնշումը:

Այս պահին առկա է քարանձավի բավական մանրամասն քարտեզը (վերոհիշյալ նկարը): Սակայն քարտեզի ամենաներքևում հետազոտողները հարցական նշաններ են դրել, քանի որ քարանձավի ստորին հատվածը դեռ նվաճված չէ, և մեզ սպասվում ե Հրանիցյան անդունդի նոր ռեկորդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել