Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ «ժողովրդավարապաշտ և մարդակենտրոն» Արևմուտքի գործողությունները հաճախ վկայում են այն մասին, որ արևմտյան մարդակենտրոնությունը ձև է, առանց բովանդակության, երևույթ է` առանց էության, իրականության բարեփոխման ցանկություն է` առանց կամարտահայտման: Բանն այն է, որ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության առաջամարտիկի կարգավիճակը սեփականած Արևմուտքը պատրաստ է խտրողաբար պատժել և քաղաքական ասպարեզից հեռացնել ոչ ժողովրդավար առաջնորդներին, սակայն քաղաքական սիրախաղ անել մի ժողովրդի ֆիզիկական բնաջնջման ենթարկած պետության և դրա առաջնորդների հետ: Ստացվում է այնպես, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն Արևմուտքի համար կարծես միջոց են, այլ ոչ` նպատակ: Պետական շահերի սպասարկման համատեքստում ուրանալ հռչակված արժեքային գերակայությունները նշանակում է ունենալ առավելապես նոմինալ արժեքային ինքնություն, ունենալ կարգախոս, բայց ոչ առաքելություն: «Անգլիան, Ֆրանսիան, - արդարացիորեն գրում է Հ. Ասատրյանը, - ցնցուեցին, անշո՛ւշտ, հայկական եղեռնից, բայց նրանք ցուցահանեցին ո՛չ թէ չարիքի դէմ մաքառելու, այլ` նրանից օգտուելու կամք: Լոնդոնի թէ Փարիզի կառավարութիւնների ձեռքում, հայկական նահատակութիւնը դարձաւ քարոզչութեան անփոխարինելի զէնք` Գերմանիայի դեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել