Երգիչ, դերասան Գոշին հանդիսատեսը ճանաչեց «Ֆուլ հաուս» սիթքոմից, որում, ի դեպ, նա ներկայանում էր հենց իր անվամբ: Կարճ ժամանակում Գոշը կարողացավ գրավել բոլորի սրտերը: Ներկայումս նա նկարահանվում է «Ոսկե դպրոց» սիթքոմում, ակտիվ է նաև երգարվեստում: Օրերս նա ներկայացրեց իր երկրորդ` «Կինն ու գինին» տեսահոլովակը: BlogNews.am-ը վերջերս եղել էր «Ոսկե դպրոց»-ի նկարահանման հրապարակում և պահն օգտագործելով՝ զրուցել Գոշի հետ դերասանական խաղի, կրթության ու անձնական կյանքի մասին:

««Ոսկե դպրոց»-ում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Վաչեից: Այդ ընթացքում ես երկրում չէի: Ասաց, որ նոր նախագիծ կա՝ առանց մանրամասնելու՝ ինչի մասին է խոսքը: Դրանից որոշ ժամանակ անց, երբ արդեն իմացա մանրամասները, ինձ շատ դուր եկավ գաղափարն ու մանավանդ կերպարային գիծը, որը պետք է մարմնավորեի: Կերպարս որքան էլ թվա, որ պրիմիտիվ է, իրականում բարդ է նրան հասկանալը: Շատ միամիտ կողմեր ունի, շատ բան չի տեսնում, չի նկատում, ցույց չի տալիս: Դավիթն ունի ընկերուհի, բայց նրան սիրում է նաև մեկ ուրիշ աղջիկ, և ինքը կուրորեն ոչինչ չի տեսնում, կենտրոնացած է իր ու կարիերայի վրա»:

Գոշի խոսքով՝ կերպարի հետ քիչ նմանություններ ունի. «Երևի թե նման ենք միայն միամտությամբ: Բոլոր այն հատկանիշները, որն ունի Դավիթը, Գոշին հատկանշական չեն»:

IMG (25) copy23824442_1998317187093170_5945444105965273088_n

Շատ չեն անցել այն տարիներից, երբ Գոշն աշակերտական նստարանին էր նստած, ինչ զգացողություններ են առաջանում դերասանի մոտ հիմա, երբ նորից աշակերտի կարգավիճակում է. «Վերջին անգամ դպրոցում եղել եմ 6 տարի առաջ, անկեղծ՝ շատ եմ կարոտել այդ տարիները: Ինձ սիրում էին, բայց երբեք չեմ հասկացել՝ ինչու, որովհետև նույն բանը մենք կարող էինք անել երկու հոգով, բայց ավելի շատ տուժում էր երկրորդը: Զայրույթն իմ վրա չէր թափվում: Չէի ասի, թե դպրոցական տարիներին լիդեր եմ եղել, բայց այնպես էլ չէր, որ պասիվ էի:  Ընկճված չեմ եղել, բայց լիդերների շարքում էլ չէի: Մի քիչ կռվարար եմ եղել, քանի որ բնավորությամբ բռնկուն եմ ու ցանկացած տեղ փորձում եմ իմ կամքով առաջնորդվել»:

Պարզվում է՝ Գոշը դեռ դպրոցական տարիներից է արտագրողների շարքում եղել ու մինչև այսօր էլ պահում է ավանդույթը, նույնիսկ համալսարանում. «Խոսքը չի վերաբերում այն առարկային, որն իրոք կսիրեմ: Այս տարի ավարտում եմ ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարում ֆակուլտետը: Շատ կարևորագույն փուլ է իմ կյանքում: Որպես երգիչ ու դերասան հանդես գալն արդեն վնասում են կրթությանս, բայց ես հասկանում եմ, որ երեք երանի մեկ տեղում անհնար է: Ֆիզիկապես ու ժամանակի առումով չեմ հասցնում, իսկ համալսարանում դա, իհարկե, ներում չունի»:

24126383_477939892605811_3738554995767771136_n.jpg24838914_553887548277731_5750850205914234880_n

Ինչ է փոխվել Գոշի կյանքում մինչ սիթքոմն ու դրանից հետո. «Շաբաթվա մեջ մի քանի անգամ հեռուստատեսությամբ ամբողջ հանրապետության առաջ ներկայանալը մեծ պատասխանատվություն է, ու կատակ բան չէ, երբ միաժամանակ երկու սիթքոմում ես խաղում: Պետք է այնպես ներկայանալ, որ ոչ մի դեպքում չշփոթեն քո կերպարներն իսկական եսի հետ: Կարևորը ճիշտ մատուցելն է իրար հետ, ամեն երգիչ չէ, որ կարող է որպես դերասան ներկայանալ ու  հակառակը: Հույս ունեմ, որ իմ մոտ գոնե միջին մակարդակի ստացվում է: Կարևորը՝ ճիշտ շեշտադրում լինի, իմ դեպքում շեշտադրումը դրված է երաժշտական կարիերայի վրա, քանի որ ապրում եմ երգով: Իսկ դերասանականն ավելի շատ ներկայանալի տեսքի շնորհիվ է: Փոխվել է իմ վրա աշխատելու պատրաստակամությունը: Որքան էլ ինձ շատ սիրեն, միևնույն է, ինձանից ակնկալում են ավելին»:

Գոշն ունի երկրպագուհիների մեծ բանակ, ու շատերին է հետաքրքրում՝ զբաղված է արդյոք նրա սիրտն այս պահին, թե ոչ. «Ոչ, այս պահին ընկերուհի չունեմ, ու սիրտս ազատ է»:

Հարցին՝ ի՞նչ որակներ պետք է ունենա աղջիկը, որ կարողանա գրավել Գոշի սիրտը. «Այդ հարցը տանում է իդեալիզմի, իսկ ինձ համար իդեալ չկա. Չգիտեմ, դեռ չեմ զգացել այդպիսի բուռն զգացմունք, որ համեմատելու կետ լինի, չեմ կարող ասել, չնայած անսպասելի բաներ շատ են լինում: Արտաքին տեսքը, միանշանակ, կարևոր է, հետո արդեն փորձում ես ճանաչել նրա մարդկային որակներն ու տեսակը: Իմ դեպքում արտաքինն ու ներքինը հավասարաչափ իրար լրացնող գործոններ են»,- եզրափակեց Գոշը:

IMG (28) copyIMG (8) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել