Armtimes.com-ը գրում է.

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, այսինքն՝ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ծրագրի մեկնարկի առաջին օրը, պատվաստում ստանալու նպատակով պոլիկլինիկա այցելած երեխաների քանակը չափազանց փոքր է:

ՀՀ առողջապահության նախարարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից տեղեկացանք, որ այդ օրն Արմավիրի մարզում կատարվել է 4 պատվաստում, Գյումրիում՝ 1, ու եւս 1-ը՝ Երեւանում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, հայտնի է, որ ամբողջ Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստվել է 6 աղջիկ:

«Այո, ծրագրի մեկնարկը տրվել է երեկ՝ դեկտեմբերի 11-ին, բայց դա չի նշանակում, որ հենց նույն օրը բոլոր աղջիկները պետք է պատվաստվեին: Մանկաբույժները եւ ընտանեկան բժիշկները ճշգրտում են իրենց սպասարկման տարածքում պատվաստման ենթակա աղջիկների թիվը, պլանավորում են ըստ օրերի, խոսում են ծնողների հետ եւ համաձայնեցնում են ամսաթվերը: Ժամկետները կախված են ծնողների ազատ ժամանակից, երեխաների դասերից: Մեծ մասը գերադասում է դեկտեմբերի վերջին պատվաստվել: Միշտ էլ նոր պատվաստումների ներդրման առաջին օրերին մարդիկ չեն շտապում, ավելի շատ սպասողական են: Բոլոր դեպքերում երեկ որոշ պոլիկլինիկաներում արդեն պատվաստումներ են արվել: Այս պահին տեղեկատվությունը դեռեւս հավաքվում է»,- պատվաստված երեխաների փոքր թվի առնչությամբ ասաց Գայանե Սահակյանը:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ նպատակի է ուղղվելու ԳԱՎԻ-ից (Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինք) Հայաստանի ստացած 178 000 դոլարը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ դա տրամադրվել է պատվաստումների ներդրման նպատակով: Իսկ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարն օրերս մի առիթով ասել էր, որ այդ գումարից ոչ մի դրամ դեռ չի ծախսվել: Այնինչ՝ ծրագիրը, փաստորեն, ներդրվել ու մեկնարկել է, տպագրվել են այդ թեմայով բուկլետներ ու պաստառներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել