Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի 25,628 շահառու  բժշկական ծառայություններ են ստացել պետության կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության միջոցով: Նրանցից 1,742-ին մատուցվել է  վիրահատական ծառայություն, այդ թվում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սրտի վիրահատություններ։

ԱՆ-ից հայտնում են, որ յուրաքանչյուր դեպքի նկատմամբ հսկողություն են իրականացնում  նախարարության Պետական առողջապահական գործակալությունը և համապատասխան ապահովագրական ընկերությունը։

«Այդպիսով ապահովվում է պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև բժշկական ծառայությունների ժամանակին և պատշաճ մատուցումը: Ստացված արձագանքները խոսում են դիմողների գոհունակության մասին»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:

Շահառուները նախարարության «թեժ գիծ» են դիմում հիմնականում տեղեկատվություն ստանալու համար. բժշկական ինչ ծառայություններ են տրամադրվում պայմանագրի շրջանակներում, որ հիվանդություններն են հանդիսանում բացառություն, ինչ հիմունքներով են իրականացվում հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները և այլն։

Առողջապահության նախարարության պաշտոնական էջում ստեղծված «Սոցիալական փաթեթ» դարանում, կարելի է գտնել այս ծրագրին վերաբերող շատ հարցերի պատասխաններ։  

Շահառուների իրազեկումը բարձրացնելու նպատակով  պարբերաբար կներկայացնենք «թեժ գծին» տրվող հարցերի պատասխանները։ 

Այստեղ ներկայացված են սոցիալական փաթեթի շահառուներին տրամադրվող բժշկական ծառայությունները և բացառությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել