Մինչև Նոր տարի հաշված օրեր են մնացել, իսկ շուկաներն ու սուպերմարկետները լի են մթերքներով, որոնք շուտով հայ կնոջ ձեռքում տոնական, համեղ ու գեղեցիկ ուտեստների կվերածվեն։ Շատերն արդեն կազմել են Ամանորի սեղանը զարդարող ուտեստների ցուցակը։ Ի՞նչ է, կարծում եք՝ համեղ պատրաստելը միայն տնային տնտեսուհիների՞ն է բնորոշ: Պարզվում է՝ ոչ: Աստղերից շատերն էլ հեռու չեն խոհանոցից: Հայտնի գեղեցկուհիները գիտեն, որ դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով, դրա համար էլ ժամանակ չեն խնայում խոհանոցում լինելու համար: BlogNews.am-ը սկսում է նոր շարք, որտեղ հայտնիները կիսվում են ամանորյա ճաշատեսակների իրենց բաղադրատոմսով: Շարքի առաջին հերոսուհին դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն է՝ սննդաբան-դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը: Ներկայացնում ենք գեղեցիկ ֆոտոշարք ու սեփական մտահղացմամբ համեղ բաղադրատոմս Լիլիթի խոհանոցից:
Լիլիթը սիրում է խոհանոցում իմպրովիզներ անել ու ստեղծագործել: Ասում է՝ դեռ չի եղել դեպք, որ խանութ գնա կոնկրետ մթերքներ գնելու, ինչ-որ բան պատրաստելու համար: Այդ պահին ինչ լինում է տանը, փորձում է համադրել ու ստանալ համեղ ուտելիք: Իսկ ահա մեր դեպքում բացառություն արեց. Լիլիթը մեզ ու հայ կանանց վստահեց իր ֆիրմային բաղադրատոմսերից երկուսը, որոնք անգամ իր հաճախորդներին է հազվադեպ տրամադրում:
«Համեղ ճաշատեսակ ստանալու գաղտնիքն, իմ կարծիքով, այն է, որ սիրով պատրաստես, հոգի ներդնես, էմոցիաներ ու տրամադրություն փոխանցես: Դա շատ կարևոր է»:
Հավի կրծքամսով տաք ուտեստ
Բաղադրությունը՝
Շամպինյոն՝ 100 գրամ
Կծու կամ բուլղարական պղպեղ՝ 1 հատ
Պոմիդոր՝ 1 հատ
Բրոկոլի՝ 100 գրամ
Հավի կրծքամիս՝ 1 հատ
Պարմեզան պանիր՝ 100 գրամ
Համեմունքներ
Պատրաստման եղանակը
Սունկը շերտատել, պղպեղը, պոմիդորն ու բրոկոլին կտրատել, այնուհետև հավի կրծքամիսը լցոնել բանջարեղենով, համեմել աղ ու պղպեղով: Զանգվածը տեղավորել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ու 10 րոպե եփել սառը ջրում: Հետո զանգվածին ավելացնում ենք քերած պանիր ու տեղափոխում ջեռոց:
Բանջարեղենային աղցան
Շամպինյոն՝ 100 գրամ
Կծու, բուլղարական պղպեղ՝ 1 հատ
Պոմիդոր՝ 1 հատ
Բրոկոլի՝ 100 գրամ
Հավի կրծքամիս՝ 1 հատ
Մանգո կամ ավոկադո՝ 1 հատ
Զեյթունի ձեթ
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ ավելացնում ենք բուսայուղ, տապակում պոմիդորն ու բուլղարական պղպեղը, այնուհետև ավելացնում կծու պղպեղն ու շարունակում տապակել խորանարդաձև կտրատած հավի կրծքամսի հետ՝ ավելացնելով սոյայի սոուս: Մատուցելիս աղցանի վրա ավելացնում ենք մանգոյի կամ ավոկադոյի կտորներ ու չիայի սերմեր:
Բաբասյանների ընտանիքը նախապատվությունը տալիս է ճիշտ, առողջ ու վիտամիններով հարուստ սննդին: Մեծամասամբ տանն են սնվում: Ժամանակին Լիլիթը համառ ջանքերի շնորհիվ կարողացավ ազատվել ավելորդ կիլոգրամներից ու այսօր իր փորձով կիսվում է նրանց հետ, ովքեր ցանկանում են վարել առողջ ապրելակերպ և լինել ավելի բարեկազմ. «3 տարի է՝ ապրում եմ մի կենսակերպով, որը բացառում է անառողջ ու յուղոտ սնունդը, ու կորցրել եմ մոտ 35 կիլոգրամ: Խորհուրդ եմ տալիս խիստ դիետաներ պահելու փոխարեն ուղղակի առողջ սնվել ու սպորտով զբաղվել, օրվա ընթացքում ուտել առնվազն 5 անգամ, փոքր չափաբաժնով»:
Լիլիթը խստորեն հետևում է ամուսնու սննդակարգին և հաճույքով վերջինիս համար տարբեր ճաշատեսակներ ու թխվածքներ է պատրաստում. «Սաշը շատ է սիրում համեղ ուտել, հատկապես մակարոնով ու ծովամթերքներով ուտեստները նրա ամենասիրելի ճաշատեսակներից են: Նա ուտելիքների հարցում պահանջկոտ չէ, բայց եթե ես հանկարծ մի օր ոչինչ չպատրաստեմ, դա նշանակում է վերջ կյանքիս :) (ծիծաղում է)»:
Լիլիթը չի սիրում, երբ խոհանոցում իրեն փորձում են օգնել, ամեն ինչ նախընտրում է մենակ անել. «Երբ ինչ-որ մեկն ինձ խորհուրդ է տալիս, որ այսինչ բանը եթե խառնես այնինչ բանին, լավ կստացվի, ես ուղղակի հունից դուրս եմ գալիս: Անկեղծ ասեմ՝ անգամ մայրիկիս հետ ենք երբեմն վիճում»:
Դուք որքան էլ ջանք թափեք Նոր տարվա սեղանին ճոխ ու յուրահատուկ տեսք տալու համար, ապարդյուն կլինի, եթե չլինի Ձեր տան ներքին խաղաղությունը, հոգու ներդաշնակությունը, տոնի իրական իմաստի խորը գիտակցումը: Սեղանի լիությունը չէ, որ երաշխավորելու է մեզ համար հաճելի ու ուրախ տոներ, այլ՝ սեղանակիցների անկեղծ երջանկությունը: Երջանիկ եղեք: Թող տոների նախապատրաստությունը ոչ թե հոգնություն, այլ հաճույք պարգևի Ձեզ: