Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ամբողջ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը դժգոհություն է առաջացրել արաբական և մուսուլմանական երկրներում, բայց նրանք չունեն լուրջ լծակներ պատասխանելու Միացյալ Նահանգների որոշմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Ինչպես և սպասվում էր Դոնալդ Թրամփի կողմից ամբողջ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը բավական լուրջ արձագանքների արժանացավ արաբական և մուսուլմանական երկրներում, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներում: Սա բնական երևույթ էր, քանի որ, ըստ էության, նման որոշմամբ Միացյալ Նահանգները փաստացի ամրագրում է նոր մոտեցում պաղեստինաիսրայելական հակամարտության հարցում»,- հայտնեց նա:

Ըստ նրա՝ բողոքի դրսևորումը արաբական և մուսուլմանական երկրներում դրսևորեցին երեք հարթություններում՝ դիվանագիտական, հռետորաբանական և տարաբնույթի բողոքի գործողությունների ձևով իսրայելական և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:

«Առաջին հարթությունում մենք տեսանք բազմաթիվ դիվանագիտական նախաձեռնություններ, մասնավորապես, Արաբական պետությունների լիգան հրավիրեց արտահերթ նիստ, այսօր Թուրքիայում տեղի է ունենալու Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստը: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է արտակարգ նիստ գումարել, որոնց բոլորի ընթացքում փորձ է արվել ԱՄՆ դեմ հնարավոր ճնշում գործադրել, որպեսզի Միացյալ Նահանգները հրաժարվի այս որոշումից»,- ասաց արաբագետը:

Հռետորական հարթության մեջ, նրա խոսքով՝ եղան լուրջ, սուր հայտարարություններ ինչպես մուսուլմանական, այնպես էլ արաբական որոշ երկրների կողմից: Հատկապես այս հարցում ակտիվ էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Իսկ բողոքի գործողություններին, ինչպես և կանխատեսվում էր հիմնական գործողությունները ընթանալու են հենց այս հարթության մեջ: Ինչպես Իսրայելում՝ պաղեստինյան ինքնավարության հատվածում, այնպես էլ մի շարք մուսուլմանական երկրներում եղան իսրայելական և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ բողոքի գործողություններ:

«Այս երեք հարթություններում էին բողոքները, բայց հազիվ թե դրանից դուրս գան: Ակնհայտ է նաև, որ այսօր լուրջ լծակներ արաբական և մուսուլմանական երկրները, և առհասարակ ամբողջ աշխարհը չունի, պատասխանելու Միացյալ Նահանգների որոշմանը: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ ցավոք, այսօր արաբական աշխարհի երկրները պառակտված են և չունեն հնարավորություն ըստ արժանվույն պատասխանելու ԱՄՆ-ին»,- նշեց Արմեն Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել