Հայերի սուրբ լեռը, Հայոց երկրի հիմնասյունը, Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթն Արարատն է: Մեծ գագաթի՝ Մասիսի, որի բարձրությունը կազմում է 5165 մ (ըստ թուրքական չափումների՝ 5170 մ), գիտական ուսումնասիրություններ կատարել են շատերը՝ սկսած բավականին վաղ ժամանակներից:

Առաջիններից մեկը եղել է Փավստոս Բուզանդը, ով վկայել է Մասիսի մասին: Նա պատմում է, որ Հակոբ Մծբնեցի եպիսկոպոսը Նոյյան տապանը տեսնելու համար 4-րդ դարում մի խումբ մարդկանց հետ փորձ է ձեռնարկել Արարատի գագաթը հյուսիսարևելյան կողմով բարձրանալու փորձ է ձեռնարկել: Ըստ պատմիչի՝ Աստված վերևից տեսել է, որ նրանք ապարդյուն ջանքեր են գործադրում լեռը բարձրանալու համար, որպես նշան հրեշտակի միջոցով տապանից մի կտոր է ուղարկել եպիսկոպոսին՝ հասկացնելու, որ մահկանացուների համար Մասիսի գագաթն անմատչելի է: Մծբնեցու բերած սուրբ կտորն այսօր պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում:

Ամենահամարձակ և լուրջ քայլերից մեկը կատարել է ֆրանսիացի բնագետ Պիտոն դը Տուրնեֆորը: 1701 թ. օգոստոսին հազվագյուտ բույսեր փնտրելու, լեռնային բուսականությունն ուսումնասիրելու նպատակով նա հասավ հավերժական ձյան սահմանին: Իր աշխատություններում նա նկարագրել է Մասիսի ֆիզիկական առանձնահատկություններն ու, իհարկե, բուսական աշխարհը:

Պետրոս Մեծի արշավախումբը 1720 թ. ևս փորձել է բարձրանալ գագաթը՝ տապանը հայտնաբերելու նպատակով, սակայն կրկին ձախողվել է:

1735-1736 թթ. Պարսկաստանի Նադիր շահը նույն նպատակով հատուկ արշավախումբ է ուղարկում Արարատ, սակայն կրկին ոչինչ չի գտնում:

Առաջին անգամ պաշտոնապես Արարատը նվաճել է Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարոտը 1829 թ.: Հետաքրքիրն այն է, որ մինչ այդ սրբապղծություն էր համարվում Մասիսի վրա բարձրանալը: Շատերին է հայտնի, որ պրոֆեսորին ուղեկցել են հայ ականավոր գրող Խաչատուր Աբովյանը, ակոռեցի երկու գյուղացի և ռուս երկու զինվոր: Ակոռիում Պարոտը գտել է 319 թ. երկրաշարժի հետևանքով տապանից պոկված մի փոքրիկ կտոր:

Հայ երիտասարդների երթը դեպի Մասիս

1846 թ. Մասիսի գագաթն է բարձրացել անգլիացի ճամփորդ Սեյմուրը, ում կրկին ուղեկցել է Աբովյանը:

1850 թ. համարձակ քայլը կատարեց ռուս գնդապետ Խոձկոն իր արշավախմբի հետ միասին, որը մեկ շաբաթ շարունակ մնաց լեռան գագաթին: Խոձկոն վկայում է, որ երբ վաղ առավոտյան նայում ես Մասիսի գագաթից, տեսանելի են լինում Բարձր Հայքի, Կորդուքի, Գեղամա, Տավրոսի լեռները, Մեծ Կովկասի լեռնաշղթան:

Ամենահայտնի նվաճումներից մեկն էլ կատարվեց թուրքական կառավարության կողմից ուղարկված արշավախմբի կողմից 1883 թ.: Նրանք վերջապես հայտնաբերեցին տապանը, սակայն այն ընդունելու համար խոչընդոտ հանդիսացավ Դարվինի ուսմունքը:

1989 թ. սեպտեմբերին Մեծ Մասիսի գագաթ ուղևորվեց ամերիկյան գիտական մի արշավախումբ, որը հայտարարաեց, թե գտել է Նոյյան տապանը: Կոլորադո նահանգում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ դրա մասին հայտնեց արշավն առաջնորդած ամերիկացի աստղանավորդ, Ապոլլոն-15-ով Լուսին կատարած թռիչքի մասնակից Ջիմ Էրվինը: Ըստ նրա՝ այդ թվականին Թուրքիայում վերջին 50 տարվա ընթացքում ամենաշոգ ամառն էր: Հալվել էր սառցակեղևի որոշակի հատված, որի հետևանքով էլ մի շարք քարանձավերի մուտքեր բացվել էին: Այդ քարանձավերից մեկում էր, որ խմբի անդամները գտան շագանակագույն արտասովոր մի առարկա, որն ավելի շատ տուփ էր հիշեցնում: Արշավախմբի մասնակիցները տեսաժապավենի օգնությամբ նկարահանեցին տեսածը, իսկ վերադառնալուց հետո որոշեցին ուղղաթիռով ամերիկյան հնագետների ուղարկել այնտեղ, որպեսզի համապատասպան ուսումնասիրություններ անցկացվեն: Խոչընդոտ հանդիսացան թուրքական իշխանությունները, որոնք արգելեցին իրագործել որոշվածը:

Այսօր սուրբ լեռան գագաթին հասնելը հասանելի է շատերին: Այլևս անհրաժեշտ չէ արկածախնդրությունը սահմանափակել զգուշությամբ և թշնամիների հորինած արգելքներով: Արարատը բարձրանալու համար անհրաժեշտ է միայն հզոր կամք, հայի կամք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել