Հայաստանում հայտնի լուսանկարիչ Արթուր Պապարացիի մասին լսել են շատերը: Քչերը գիտեն, սակայն, որ Հայաստանում երբեմնի հաջողակ լուսանկարիչն արդեն մի տարի է՝ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։
Նա LGBTnews–ին պատմել է Հայաստանը պարտադրված լքելու պատճառների մասին:
Արթուրն ընտանիքի հետ Իրանից Հայաստան է տեղափոխվել 16 տարեկանում՝ Հայաստանի հետ մեծ հույսեր կապելով և մտածելով, որ ապրելու է ավելի ազատ ու ապահով երկրում:
«18 տարեկանում մի անգամ՝ «Մելինեզ» գեյ ֆրենդլի ակումբից դուրս գալուց, ինձ ծեծի են ենթարկել ու կողոպտել: Զանգեցի ոստիկանների, նրանք եկան ու երբ իմացան, որ այդ ակումբից եմ դուրս եկել, ասացին՝ պետք է շնորհակալ լինեմ, որ ինձ հետ այլ բաներ չեն եղել ու թողեցին֊գնացին»,- պատմում է Արթուրը՝ հավելելով, որ այդ պահից հասկացավ՝ ապահով լինելու համար այդուհետ պետք է ապրի հայաստանյան չգրված կանոններով՝ մեծամասնության նման․
«Այդ ժամանակ մազերս դեռևս երկար էին, այլ կերպ էի հագնվում, սակայն այդ օրը հասկացա, որ եթե ուզում եմ ապրել Հայաստանում՝ պետք է փոխեմ իմ վարքը, կեցվածքը, այլապես վտանգի տակ եմ լինելու և ոչ ոք ինձ չի պաշտպանելու։ Ես սկսեցի խնամքով թաքցնել իմ սեռական կողմնորոշումը»:
Արթուրն այն կարծիքին է, որ Իրանում մարդիկ այս հարցում ավելի ազատ են. «Ճիշտ է՝ այնտեղ նույնասեռ հարաբերություններն արգելված են օրենքով, բայց մարդիկ ավելի հանդուրժող են, իսկ Հայաստանում, որտեղ նույնասեռ հարաբերություններն ապաքրեականացված են, մարդիկ ավելի հոմոֆոբ են ու անհանդուրժող»:
Հայաստանում ապրելու շուրջ տասը տարիների ընթացքում Արթուրը բազմիցս դիմել է ոստիկանություն՝ կողոպուտի, սպառնալիքների ու այլ դեպքերի առնչությամբ, սակայն ամեն անգամ, երբ դեպքերի հանգամանքներով պայմանավորված՝ ոստիկանությունում իմացել են նրա սեռական կողմնորոշման մասին, հանցագործությունների մասին հաղորդումներն ընթացք չեն ստացել: Փոխարենն Արթուրը ենթարկվել է ծաղրուծանակի, ստորացումների։
«8-9 ժամ ոստիկանության տարբեր սենյակներում մնալով, անվերջ ու անիմաստ հարցերին պատասխանելով, ծաղանքներ լսելով՝ էլ չես դիմանում, ասում ես՝ ավելի լավ է՝ թողե՛ք գնամ։ Միևնույնն է՝ ոչ մի բան էլ հակված չէին լինում բացահայտել»,֊ ասում է Արթուրը։
Այնուամենայնիվ` նա նշում է, որ միշտ փորձել է չհուսախաբվել ու հավատալ, որ, ի վերջո, առաջընթաց լինելու է. «Ես միշտ մտածել եմ, որ լավ կլինի, դրական եմ տրամադրվել, մտածել եմ, որ կփոխվի, կկարգավորվի, կզարգանա։ Ինքս ինձ ասում էի՝ սա իմ հայրենիքն է, պետք է հարմարվեմ, փոփոխությունները միանգամից չեն լինում և այլն։ Բայց հակառակն է տեղի ունենում․ ես տեսա, որ հատկապես 2012-2013֊ից սկսած՝ վիճակը միայն վատանում է, ամեն ինչ հետ է գնում»:
«Բարձրաստիճան մի ծանոթ զինվորականի հարցրեցի՝ ի՞նչ է լինում, երբ բանակում պարզում են, որ զինծառայողը նույնասեռական է, ասաց․ «էնքան ենք տփում, մինչև նատուռալ ա դառնում»։ Իսկ ես միամտաբար մտածում էի՝ գնամ բանակ․․․»,֊ հիշում է Արթուրը։
Նա կարծում է, որ Հայաստանում առկա նման իրավիճակի պատասխանատուն իշխանություններն են. «Եթե ցանկացած մարդ գնա ու մեր պատգամավորներին, նախարարներին հարցնի, թե ինչպես կվարվեն նույնասեռական մարդու հետ, ճնշող մեծամասնությունը կասի՝ շանսատակ կանեմ, գլուխը կջարդեմ, եթե նման մարդ տեսնեմ։ Եթե նման մարդիկ են օրենքներ ընդունում` ես էլ ինչպե՞ս ակնկալեմ, որ նրանք իմ իրավունքները պաշտպանող օրենքներ կընդունեն»:
Ըստ Արթուրի՝ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների իրավիճակի վատթարացումը սերտորեն կապված է նաև Ռուսաստանի անմիջական ազդեցության ու Հայաստանի՝ ԵՏՄ֊ին անդամակցելու հետ։
«Քանի որ ո՛չ Հայաստանի իշխանություններն են փոխվում, ո՛չ էլ Ռուսաստանի ազդեցությունն է քչանում, այլ մի բան էլ հակառակը՝ իշխանություններն էլ ավելի ամուր են նստում աթոռներին, իսկ Ռուսաստանի ազդեցությունը միայն անընդհատ մեծանում է, տեսանելի ապագայում մարդու իրավունքների տեսանկյունից ոչ մի դրական բան չի սպասվում»,֊ նշում է Արթուրը։
Հայաստանում Արթուրը նաև մասնագիտական անգրագիտության զոհ է դարձել. հոգեբանական ճնշված վիճակում նա դիմել է մասնագետի, որն ասել է, թե պետք է հորմոններով «շտկել սեռական կողմնորոշումը»։
«Ես այն ժամանակ երիտասարդ էի, քիչ տեղեկացված ու միամիտ։ Կարծում էի, որ եթե մասնագետն է ասում՝ մի բան գիտի։ Արդյունքում այդ հորմոնների պատճառով քաշս շեշտակի ավելացավ, ձայնս փոխվեց, մազերս սկսեցին ավելի շատ աճել, ինչպես նաև նյարդային խնդիրներ ձեռք բերեցի։ Պատկերացնո՞ւմ եք՝ հոգեբանը հորմոններով սեռական կողմնորոշում է «բուժում»․․․»,֊ պատմում է Արթուրը։
Ծնողների ու հասարակական բարքերի ճնշումներին չդիմանալով՝ Արթուրը, «նորմալ» կյանք ունենալու հույսով որոշել է, ի հակառակ իր սեռական կողմնորոշման, ամուսնանալ, սակայն ամուսնությունից մեկուկես ամիս հետո կինը, իմանալով նրա նախկին նույնասեռական կապերի մասին, հեռացել է նրանից ու նրա համար կարևոր բոլոր շրջանակներում աութինգի ենթարկել:
Տեղեկանալով Արթուրի սեռական կողմնորոշման մասին՝ ծնողները երես են թեքել նրանից՝ վռնդելով տնից:
Աութինգը խիստ բացասական ազդեցություն է ունեցել Արթուրի կարիերայի վրա․ նախկինում հայտնի ու հաջողակ լուսանկարչին այլևս չեն հրավիրել միջոցառումներին, դուրս են մղել շոուբիզնեսի շրջանակներից, նա կորցրել է բոլոր աշխատանքային կապերն ու հովանավորներին: Իր հետ նախկինում աշխատող մարդիկ, օգտվելով ստեղծված իրավիճակից, Արթուրից խլել են նրա բրենդը՝ Paparazzi.am֊ը՝ վերանվանելով այն Paparazzilife.am:
«Ես ուզում էի իրավական ճանապարհով պահպանել իմ բրենդը, սակայն որ իրավաբանին դիմում էի՝ երբ իմանում էին, որ բրենդը հափշտակողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից է, հրաժարվում էին զբաղվել այդ հարցով․ ասում էին, որ միևնույնն է՝ ոչ մի բանի չեմ հասնի, որ անիմաստ է բողոքել»:
Հայտնվելով ծանր իրավիճակում՝ Արթուրը ոչ մի աջակցություն չի ստացել նախկին գործընկերներից որևէ մեկից կամ շոուբիզնսեի ներկայացուցիչներից: Ասում է՝ աշխատանքի առաջարկներ եղել են, բայց միայն սեռական հարաբերությունների դիմաց, ինչից ինքը հրաժարվել է։
«Ես առաջին հերթին ինքս ինձ չէի հարգի, եթե սեքսի նախապայմանով աշխատանքի տեղավորվեի»,֊ նշում է նա։
Այն բանից հետո, երբ բացահայտվել է Արթուրի սեռական կողմնորոշումը, նրան վռնդել են նաև եկեղեցուց. «Չեմ ուզում նշել՝ որ եկեղեցին է, բայց երբ իմացան՝ հատուկ մի հանդիպան ժամանակ 3-4 հարյուր մարդկանց մեջ այդ թեման բացեցին ու նայեցին ինձ՝ հասկացնելով, որ այլևս չգնամ հավաքների: Նախկինում մտածում էի՝ այս եկեղեցին ազատ է նայում ամեն ինչին, մարդուն կսիրեն՝ անկախ իր կողմնորոշումից, չէ՞ որ Աստված սեր է, Հիսուսը սեր է․․․ Բայց պարզվեց՝ այդպես չէ»:
Առանց գոյության էական միջոցների, բոլորի կողմից լքված, ինքնասպանության փորձ կատարած Արթուրը որոշել է, ի վերջո, հեռանալ Հայաստանից:
Այժմ նա ապրում է Մանչեսթերում և փորձում է Մեծ Բրիտանիայում մշտական բնակություն հաստատել: Արթուրն այստեղ բազմաթիվ բարեկամներ ունի, որոնց հետ նա, տեղափոխվելով Բրիտանիա, հույսեր էր կապում, սակայն վերջիններս, իմանալով նրա սեռական կողմնորոշման մասին, նույնպես երես են թեքել. «40 տարի Անգլիայում ապրող բարեկամներս երբ իմացան, որ նույնասեռական եմ, ասացին, որ շատ հիասթափված են ինձնից ու չեն ուզում որևէ կապ ունենալ ինձ հետ: Միայն մի հորաքույրս է օգնում երբեմն՝ ինչով կարողանում է»:
Մանչեսթերում Արթուրն այցելում է տեղի ԼԳԲՏԻ կենտրոններ, փորձում է իր մասնագիտությամբ ինչ-որ բաներ անել, լուսանկարել է 2017-ի Լոնդոնի գեյ փրայդը: Չնայած ապրում է շատ ծանր պայմաններում, որևէ կապ չունի ընտանիքի ու ընկերների հետ՝ նախընտրում է լինել մի երկրում, որտեղ հանգիստ է և իրեն մշտապես ճնշված ու վտանգի տակ չի զգում.
«Գոնե այստեղ իմ իրավունքները չեն ոտնահարի։ Եթե իմ հետ ինչ֊որ բան պատահի՝ ես կարող եմ դիմել իրավապահ մարմիններին ու իմանալ, որ դա արդյունք կունենա, իսկ Հայաստանում ես անընդհատ մտածելու էի, որ մեղավոր եմ ու անպաշտպան»: