Դեռևս մտածում եք, որ դինոզավրերն իրենց արտաքին տեսքով նման են եղել ժամանակակից մողեսներին կամ կոկորդիլոսների՞ն՝ հարթ ու հաստ կաշվով: Հնարավոր է՝ գիտնականների նոր հայտնագործությունը ստիպի Ձեզ վերջնականապես փոխել կարծիքը այն արարածների արտաքին տեսքի մասին, որոնք բնակեցրել են Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ առաջ:

20-րդ դարի վերջից սկսած հնագետները սկսեցին առավել հաճախ գտնել այնպիսի հետքեր, որոնք հաստատում էին վարկածը, թե դինոզավրերի տեսակներից որոշները փետուրներ են ունեցել: Զարմանալի չէ, որ այսպիսի երևույթի հայտնաբերումն արվում է միայն վերջերս, քանի որ փետուրները չափազանց վատ են պահպանվում կենդանիների նեխած մնացորդների հետ: Հետևաբար այսպիսի հետքեր գտնելու համար հարկավոր է ժամանակակից տեխնիկա և, իհարկե, բախտի բերում:

Չափազանց հետաքրքիր է այն փաստը, որ դինոզավրերի փետուրները մեզ հասել են ոչ թե փտած վիճակում, այլ այնպիսին, որպիսին եղել են ի սկզբանե:

Հետաքրքիր գտածո հաջողվել է գտնել Մյանմայի Միչինա քաղաքի շուկաներից մեկում: Վաճառողը նույնիսկ պատկերացնել չէր կարող, թե ինչպիսի յուրօրինակ գտածո կա իր հավաքածուում: Քարացած խեժի կտորի մեջ հայտնաբերվեց ցելուրոզավրերի խմբին պատկանող երիտասարդ դինոզավրի պոչ: Ամենայն հավանականությամբ հնադարյան «մողեսն» անզգուշաբար պոչով դիպել է խեժին և դրանից աատվելու ընթացքում ստիպված է եղել հրաժեշտ տալ մարմնի մի փոքրիկ մասին:

Գտածոյի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա տարիքը պակաս չէ 99 մլն տարուց: Հետաքրքիր է, որ ցելուրոզավրերը գիշատիչ դինոզավրերի ամենամեծ խումբն են կազմում, որոնց կամի մեջ են մտնում նաև հայտնի տիրանոզավրերը: Գիտնականների մեծ մասը պնդում է, որ այս խմբի բոլոր ներկայացուցիչներն ունեցել են փետուրային ծածկույթ (բացառված չէ, որ փետուրները վառ գույներ են ունեցել), իսկ սա արմատապես փոխում է մեր պատկերացումները նրանց արտաքին տեսքի մասին: Փետուրների մնացորդներով պոչի գտածոն ապացուցում է այս վարկածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել