Կանանց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են, որ չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել:

Այդպիսի ախտորոշման դեպքում գոյություն ունեն մի շարք հանձնարարականներ. ինչպես է այն դրսևորվում, որոնք են պատճառները և ինչ անել:

Այս երևույթի պատճառները բազմազան են, սակայն սկզբից հարկ է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում արգանդի թեքումը: Փոքր կոնքում տեղակայված արգանդի այդպիսի տեղակայումը խիստ տարբերվում է նորմալ տեղակայված վիճակից: Նորմալ դիրքն այն է, երբ արգանդի և վզիկի անկյունը բութ անկյուն է կազմում, այսինքն՝ 80-ից մինչև 180օ: Թեքումը լինում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմի վրա, սակայն տարածված է նաև արգանդի հետևի կողմից թեքումը: Բժշկության մեջ այս պաթոլոգիան ունի իր անվանումը` ռետրովերսիա կամ ռետրոֆլեքսիա: Երբեմն արգանդի թեքումը բարդանում է իր առանցքի շուրջ պտտվելով` ռոտացիայով, իսկ դա իր հերթին հանգեցնում է արգանդի փողերի ճնշման, որն էլ կարող է անպտղության պատճառ է դառնալ:

Իսկ որո՞նք են թեքման պատճառները: Դրանք այնքան բազմազան են, որ բժշկության մեջ մինչ այժմ ստույգ դասակարգում չի ընդունվել: Կանանց մի մասի մոտ ազդեցություն է թողնում ժառանգականությունը, և ի դեպ՝ դա ամենահաճախակի պատճառներից մեկն է: Բացի այդ՝ կոնքի հատակի ոչ բավարար զարգացած մկանները նույնպես կարող են հանգեցնել արգանդի թեքման: Կնոջ սեռական համակարգի բորբոքային գործընթացները քիչ դեր չեն խաղում ռետրովերսիայի առաջացման գործում: Էնդոմետրիոզը և ուռուցքները նույնպես կարող են ազդել արգանդի դիրքի վրա:

Շատերը կարծում են, որ աղջիկ երեխաներին 6 ամսականից շուտ չի կարելի նստեցնել, չնայած բժշկության մեջ դա հաստատված չէ: Իսկ ահա դեռահաս աղջիկներին չի կարելի 20 կգ-ից ավելի ծանրություն բարձրացնել: Այս փաստն ապացուցված է: Նման ծանրաբեռնվածությունը կարող է թեքում հրահրել: Այնպես որ, պատճառները շատ են և յուրաքանչյուր կնոջ մոտ դրանք անհատական են:

Որոնք են արգանդի ոչ ճիշտ դիրքի հետևանքները: Ամենատհաճ հետևանքը ցավոտ մենստրուացիաներն են: Որպես կանոն, մենստրուացիայի սկսվելուց մի քանի օր առաջ թույլ արտադրություն է գալիս, որին ուղեկցում են գոտկատեղի ցավերը, իսկ մենստրուացիայից հետո` հեշտոցից առատ արտադրությունը: Սակայն կան այնպիսի կանայք, ովքեր նույնիսկ չգիտեն իրենց ախտորոշման մասին, այսինքն՝ արգանդի թեքումը ոչ մի ձևով չի դրսևորվում:

Իսկ ինչպե՞ս է այս ամենն ազդում բեղմնավորման վրա: Այդ հարցը շատ հաճախ է առաջանում վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Այստեղ նույնպես միանշանակ պատասխան գոյություն չունի: Բարեբախտաբար, այդպիսի ախտորոշումը շատ հազվադեպ է կնոջ անպտղության պատճառ դառնում, իհարկե, եթե կնոջ մոտ առկա չեն ուղեկցող հիվանդություններ: Շատ ու շատ կանայք հաջողությամբ հղիանում են, նույն հաջողությամբ ծննդաբերում և նույնիսկ՝ մի քանի անգամ: Իհարկե, լինում են նաև բացառություններ, սակայն սովորաբար գինեկոլոգները նման բացառությունները ժամանակին են հայտնաբերում և կիրառում են բուժման ճիշտ մեթոդներ:

 

Արգանդի թեքման կանխարգելումը

Հարկ է ժամանակին դատարկել միզապարկն ու աղիները: Դա պետք է սովորություն դառնա: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել մարզումների ուժային այն տեսակներով, որոնք լարում են կոնքային մկանները: Նաև խորհուրդ է տրվում անպայման բուժել փոքր կոնքի օրգանների բորբոքային գործընթացները, քանի որ դրանք կարող են քրոնիկական բնույթ ստանալ և, անշուշտ, պարբերաբար այցելել գինեկոլոգին: Հարկ է նաև հետևել աղիների աշխատանքին փորկապություններից խուսափելու համար:

Բուժման են ենթակա արգանդի այն թեքումները, որոնք ուղեկցվում են դրա իջեցման կամ իր առանցքի շուրջ պտտվելու դեպքում: Նման բուժումը շատ երկարատև է, երբեմն ոչ այնքան արդյունավետ: Եթե բուժումը սպասված արդյունքը չի տալիս, ապա կիրառվում է վիրահատական միջամտություն:

Գոյություն ունեն մասնագիտացված կլինիկաներ, որտեղ շտկում են կոնքի արատները, կարգավորում դրա մկանների տոնուսը բուժական ֆիզկուլտուրայի օգնությամբ: Այդ ուղղությամբ աշխատող մասնագետներին անվանում են կինեզոթերապևտներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել