Armenpress.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հնարավոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կուրցը հայտարարել է Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողությանն իր ելույթի ժամանակ:

«Ուրախ եմ, որ նախարարական հավաքի շրջանակում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սրանք շատ փոքր, բայց դրական ազդանշաններ են, որոնց կարիքը մենք ունենք»,- ընդգծել է ԵԱՀԿ նախագահողը:

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ժամկետի ավարտի կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել կազմակերպության անդամ երկրներին դրական համագործակցության համար: «ԵԱՀԿ-ն յուրահատուկ կազմակերպություն է: Անվտանգության աճող բացակայության պայմաններում կարևոր է, որ մենք ունենք նման կազմակերպություն, որը քարոզում է անվտանգություն և վստահություն ու պայքարում է դրանց համար»,- հայտարարել է Կուրցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել