Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 2-րդ եթերաշրջանի հայտերի ընդունման փուլը: Նախագծի հաղթողն իր մրցույթային երգով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2018»-ում: Նախագծի մասնակիցների շարքում է նաև Սևակ Խանաղյանը, ով մրցույթին մասնակցելու որոշումը երկար է կայացրել. ««X Factor» նախագծում մասնակցության ժամանակ ինձ հաճախ էին գրում, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ «Եվրատեսիլում»։ Իհարկե, հաճելի էր, բայց դրա համար երկար ճանապարհ էր պետք անցնել: Հաղթանակիցս հետո այդ խոսակցությունները և ցանկությունները կրկնապատկվեցին։ Կամուկացի մեջ էի՝ մասնակցել, թե ոչ: Ես մտածում եմ, որ արտիստի փոխարեն հանդիսատեսը որոշում պետք է կայացնի, այդ իսկ պատճառով Համալիրում կայացած համերգի ժամանակ, երբ բազմահազար հանդիսատես էր հավաքվել, ես հարցրի՝ ինչ եք կարծում՝ արժի, որ մասնակցեմ «Եվրատեսիլին»: Պատասխանը դրական էր, և ես խոստացա իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անել: Եթե ես տվել եմ խոստում, ապա պետք է պահեմ: Հիմա ակտիվորեն և շատ լուրջ պատրաստվում եմ նախընտրական փուլին։ Հույս ունեմ՝ այն կանցնի այնպես, ինչպես ես եմ պատկերացնում»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Սևակը:
Ըստ մրցույթի կանոնների՝ նախագծին կարելի է մասնակցել միայն պատրաստի երգով: Դիմորդները ներկայացնում են իրենց մրցույթային երգը և նախագծում հաղթելու դեպքում հենց այդ երգով էլ ներկայացնելու են Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում: Ինչպես Սևակն ասաց, այդ փաստը նրա համար ևս ստիմուլ էր. ««X Factor»-ից հետո ես ասացի, որ չեմ ուզում մասնակցել մրցույթների, իսկ հիմա կա նման հնարավորություն: «X Factor» մրցույթին էլ գնացի միայն նրա համար, որ կարողանամ երգել իմ հեղինակային երգերը․ հիմա ևս կա նման հնարավորություն: Ես ուզում եմ ներկայանալ հենց այն երգով, որն ինքս եմ գրել: Գաղտնիք բացեմ և ասեմ, որ երգը պատրաստ է, և հեղինակը ես եմ»:
Սևակը նշում է, որ իր համար մրցույթի առաջին կարևոր նախապայմանը լավ երգն է․ «Հույս ունեմ, որ հանդիսատեսն ավելի շատ կքվեարկի լավ երգի օգտին: Անկեղծ ասած՝ ավելի լավ է՝ լավ երգ երգեմ, բայց չգնամ «Եվրատեսիլ», քան երգեմ վատ երգ և դրանով մասնակցեմ մրցույթին: Հույս ունեմ, որ իմ հեղինակային երգը դուր կգա հանդիսատեսին, և ինձ կքաջալերեն»,- եզրափակեց երգիչը։
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի