Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսը անդրադարձել ԱՄՆ-ի նախագահի` Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  հայտարարությանը, մերժելով այդ մոտեցումը, որը չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, և հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աուն իր հերթին ներկայացրել Լիբանանի դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ  նույնպես մերժում է այդ մոտեցումը:

Հայրապետն իր խոսքում անդրադարձել է նաև հայ եկեղեցու ազգային նկարագրին ու ժողովրդանվեր ծառայությանը և, ընդհանրապես Սփյուռքի համայնքներում դերակատարությանը: Իր հերթին Լիբանանի նախագահը շեշտել է հայկական Սփյուռքի կարևորությունը և հայերեն լեզուն, հայկական արժեքներն ու մշակույթը պահպանելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն առանձին հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Լիբանանը և, ընդհանրապես, Միջին Արևելքը հուզող քաղաքական հարցեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել