Ճանապարհի բաժանար գծերը տրորելու կարգի թեթև խախտումները չարձանագրելու ու ավելի ներողամիտ լինելու մասին կառավարության ասածները հեքիաթ են այնպես, ինչպես կառավարության ասածների մեծ մասը: Մոտ 2.5 տարվա ընդմիջումից հետո այսօր ՃՈ տուգանք ստացա: Տեսախցիկով տեսել են որ մի ոչ էական տեղում գիծը տրորել եմ (նկարը մեկնաբանությունում): Այո, մեղավոր եմ ու պետք է վճարեմ տուգանքս: Նույն վայրում առավոտյան ժամը տասին (այդ ժամին հոսքը շատ փոքր է այդ հատվածում) 3 րոպեում հաշվեցի այդ գիծը տրորող 27 մեքենա: Դե պատկերացրեք թե օրական քանի հազար մեքենա է այս նույն տուգանքը ստանում նույն տեղում: Գրեթե 9 տարի օրական միջինում 100 կմ մեքենա եմ վարում ու սա տեսախցիկների արձանագրած 3-րդ խախտումն է: Բոլորն էլ նույն բնույթի՝ ամենաթեթև խախտումներն են: Կարծում եմ նախանձելի ցուցանիշ ունեմ:

Օրվա ընթացքում տարբեր մարկանցից հասցրեցի պարզել, որ ՃՈ-ն սկսել է տեսախցիկներով տուգանել ամենաչնչին բաների համար, շատ խախտումների համար որոնց համար չի տուգանել երբևէ, որոնց համար նույնիսկ շրջող տեսուչները չեն տուգանում (կռահեք ինչու): Դե բյուջեում փող չկա. թոշակները ուշացումով են տալիս, ծախսերը կրճատում են որոշ տեղերում, բայց գումարը էլի չի հերիքում, երկիրը վստահորեն գնում է ֆինանսատնտեսական աղետի, որը կարող է տեղի ունենալ ամեն պահի: Դրա համար էլ ժողովրդից հնարավոր բոլոր ձևերով փող <<քերելուն>> են անցել:

Ես պատրաստ եմ նույնիսկ այդ գումարի կրկնակին ու եռակին վճարել միայն թե ՃՈ-ն ու մնացած պատասխանատու կառույցները բարեհաճեն փող հավաքելուց բացի այլ հարցերի էլ ուշադրություն դարձնել: Դրանց մասին շուտով մանրամասն կգրեմ: Բայց մի քանիսը այսպես արագ էլ կարելի է ասել՝ խցանված խաչմերուկների կողքով անտարբեր անցնող կամ այդ խաչմերուկներով հերթական <<զոհին>>
փնտրող տեսուչներ, հին ու նոր իրար խառնված գծանշումներ ճանապարհներին, գազել-ավտոբուս- տաքսի կոչվող երթևեկության տեռորը ու ՃՈ-ի աչք փակելը դրա վրա, հետիոտնային ամենաթողությունը, որի հետևանքով վարորդները նյութական կամ առողջական մեծ վնասներ են կրում և այլն:

Մի խոսքով լավ կլինի փող <<կլպելու>> ու իբր օրենքի տառով գործելու փոխարեն, սկսել գոնե մի քիչ աշխատելու ու կարևոր հարցեր լուծել: Հոգնել ենք շոուներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել