Ասում են՝ կարիքն առաջընթացի մայրն է: Պատերազմի ժամանակ «լույս աշխարհ եկան» մի շարք գյուտեր, որոնցից շատերն իրենց տեղն են գտել մեր ժամանակակից կյանքում ևս՝ դառնալով հայտնի և նորարարական:

Թեյի անհատական տուփիկներ

Պատերազմի ժամանակ սնունդ արտադրողները հաճախ նորարարությունների էին դիմում, որպեսզի կարողանան առաջնագծում կռվող զինվորներին անհատական հարամարվետ կերպով սնունդ մատուցել, որի պատրաստման համար երկար ժամանակ էր պահանջվում: Այդպիսի նորարարություններից մեկն էլ թեյի տերևների բաժանումն էր անհատական այնպիսի տուփիկների մեջ, որոնք ջրակայուն էին հետագայում եռացրած ջրի մեջ դնելու նպատակով:

Շատերը համարում են, որ այս տուփիկների հայտնագործողը ամերիկացի Թոմաս Սալիվանն է, ով իր հաճախորդներին թեյն այսպիսի եղանակով էր ուղարկում՝ ընդամենը փորձարկում կատարելու համար: Սակայն նա ինքն էլ չէր մտածել դրանք ջրի մեջ դնելու մասին. դա միանգամայն պատահաբար է ստացվել:

Սակայն ժամանակակից թեյի տուփիկները, որոնք կապված են թելերով, հայտնվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ, ինչպես նշեցինք, ամերիկյան թեյի արտադրամասերը սկսեցին առաջնագծում կռվողներին հենց այս եղանակով թեյ հասցնել:

Պատերազմից հետո տուփիկներով թեյերը հայտնվեցին խանութներում և միագամից հիթ դարձան:

Սոուս «Տաբասկո»

Էդմունդ Մակայլենին Նոր Օրլեանում 1850 թ. աշխատում էր որպես բանկիր, երբ նրա ընկերը, վերադարձած ամերիկա-մեքսիկական պատերազմից, նվիրեց նրան Մեքսիկայում աճող կծու պղպեղի մի քանի պտուղ: Մակայլենիին այնքան դուր եկավ արտասովոր բանջարեղենը, որ նա որոշեց դրա սերմերից ցանել իր կնոջ տնկարկներում:

Այնուհետև ԱՄՆ-ում սկսվեց քաղաքացիական պատերազմը, և Մակայլենիի ընտանիքը ստիպված էր դուրս գալ քաղաքից, որի վրա աստիճանաբար հարձակվում էին հյուսիսցիները: Քաղաքում ռազմական գործողությունների ավարտից հետ ընտանիքը վերադարձավ հայրենի տուն, սակայն տնկարկները գտավ ամբողջովին ավերված վիճակում: Չէին ոչնչացրել միայն կծու պղպեղի տնկարկները, քանի որ զինվորները, ըստ էության, համարել են դրա պտուղները անպետք: Մակայլենիի համար այլ ելք չկար, քան ամբողջ տնկարկում նույն պղպեղից ցանել և կծու սոուս պատրաստել:

Առաջին սոուսները հայտնվեցին խանութներում 1868 թ. և կայծակնային արագությամբ գնվեցին հաճախորդների կողմից: Մակայլենին ևս մի քանի տեսակի սոուսներ պատրաստեց՝ հիմնելով «Տաբասկո» ապրանքանիշն ու զանգվածային արտադրություն սկսելով: Այդ ժամանակից ի վեր «Տաբասկո» սոուսին ծանոթ են աշխարհում բոլորը, իսկ դրա անվանումն ասոցացնում են յուրաքանչյուր կծու սոուսի հետ:

 

Շարժական հոսպիտալներ

Անիվների միջոցով տեղաշարժվող հոսպիտալները, որոնց բնորոշ ժամանակակից հասկացությունը «շտապ օգնությունն» է, կրկին հայտնվել են 1914-1918 թթ. պատերազմական գործողությունների ժամանակ: Ի սկզբանե ներսում տեղադրված էին միայն ռենտգենյան սարքավորումներ՝ 19-րդ դարի գիտնականների շրջադարձային գյուտը: Շարժական հոսպիտալները փրկել են հազարավոր զինվորների կյանքեր, որոնք կարող էին մահանալ, եթե անհրաժեշտ լիներ հասնել մինչև մոտակա հիվանդանոցը:

Արյան բանկ

Այն դեպքում, երբ հիվանդանոց է ընկել մարդ, ով շտապ կարիք ունի արյան փոխներարկման, պարտադիր չէ սպասելը որևէ մեկին, որը պատրաստ կլինի ապահովել նրան արյամբ. բժիշկներն անհրաժեշտ քանակությամբ արյուն են վերցնում արյան բանկից:

Եվ չնայած որ արյան փոխներարկման գիտությունը մարդկանց հետաքրքրել է դեռևս 1628 թվաականից, միևնույն է, մինչև Առաջին համաշխարհային պատերազմը փոխներարկման հաջող գործընթաց իրականացնելու համար հիվանդի կողքին պետք է լիներ կենդանի դոնոր, քանի որ մինչ այդ արյուն պահել ոչ ոք չէր կարողանում: Եվ միայն 1917 թ. արյան մեջ նատրիումի ցիտրատ ավելացնելով պարզ դարձավ, որ քիմիական տարրը կանխում է արյան կոագուլացումը և թույլ է տալիս այն պահպանել ավելի երկար ժամանակ:

Այս ամենը պարզելուց հետո միաժամանակ բոլոր հոսպիտալներում սկսվեց արյան բանկի կազմավորումը: Ո՞վ գիտի՝ քանի կյանք չէր հաջողվի փրկել վերջին տասնամյակների ընթացքում, եթե ռազմական գործողությունները չստիպեին արյան պահպանման եղանակ փնտրել և գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել