Tert.am-ը գրում է.

1991-1992թթ. Հայաստանի Նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան, 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո մենք ունենք բոլոր հիմքերը, որպեսզի ապացուցենք ու պահանջենք ընդունել, որ ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է մյուս հակամարտություններից: Նա Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց իր տեսակետը․ղարաբաղյան հիմնահարցը տարբերվում է և՛ հետխորհրդային երկրների, և՛ Արևելյան Եվրոպայի, և՛ այլ  վայրերի հակամարտություններից նրանով, որ այստեղ խնդիրը ոչ միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի յուրացումն է, կամ տարածքային ամբողջականությունը, այլ այստեղ ուղղակի փրկության հարց կա:

-Պարո՛ն Շուգարյան, ապրիլյան պատերազմից հետո Դուք շատ եք նշել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմը պետք է փոխի իր գործողությունների տրամաբանությունը՝ ցույց տա միջազգային հանրությանը, թե ինչպիսին է Ադրբեջանը: Բայց միայն հայկական կողմի գործողությունները բավարա՞ր են․ արդյոք միջազգային հանրությունը հիմա պատրա՞ստ է տեսնել Ադրբեջանի քաղաքականությունը:

-Իհարկե, միայն Հայաստանից չէ կախված Ադրբեջանի նկատմամբ տրամադրությունների փոփոխությունը: Դա նաև միջազգային հանրությունից է կախված: Բայց, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա ճշգրիտ արձագանքել և իր դիրքորոշման մեջ որոշակի ճշտումներ մտցնել, պետք է Հայաստանը որոշակի լրամշակումներ անի իր գործողություններում: Անհրաժեշտ է, որ Հայաստանն այս հարցում նախաձեռնողականությունը վերցնի իր վրա և ավելի ակտիվ լինի:

Փոփոխություններ արդեն կան, և դրանք միայն Ադրբեջանի հետ չեն կապված։ Փոփոխություններ կան միջազգային քաղաքականության արժեքային համակարգի մեջ: Որոշակի վերագնահատումներ են արվում:

Հիմա միջազգային հանրության քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ փոխվել է մի քանի ասպեկտներով: Նախ` ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ փոխվեց․այստեղ ուշադրության է արժանանում, թե ինչպես կատարվեց այն: Արդեն ինչ-որ ձևով ակնհայտ դարձավ Ադրբեջանի քաղաքականությունը: Այն համեմատվում է աշխարհում կատարվող ահաբեկչական խոշոր գործողությունների հետ, և դա ալիևյան վարչակազմի ոճն էր․ ռազմագերիների հետ վարվելը, հանցագործությունը դարձել էր Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Ես նշել եմ՝ սկսած Սաֆարովի հանցագործությունից, շարունակած Ալիևի հայտարարություններով՝ Ստեփանակերտում օդանավակայանի բացման առիթով և  վերջացրած ապրիլյան պատերազմով, ամբողջը գործընթաց էր․ապրիլյան պատերազմը այդ գործընթացի գագաթնակետն էր: Սա մի ուղղություն է, որտեղ միջազգային հանրությունը սկսեց դանդաղ փոխել իր քաղաքականությունը:

Նախկինում կար «կեղծ հավասարության նշան»: Այդ «կեղծ չեզոքությունը» վտանգ է պարունակում, ոչ մի լավ բանի ոչ մի տեղ չի բերում: Եվ մենք տեսանք դրա արդյունքները: Այդ չեզոքությունն ինչ-որ չափով փոխվեց ապրիլյան պատերազմից հետո․ հետաքննման մեխանիզմների ներդրման, վստահության մեխանիզմներ ստեղծելու առաջարկներն այդ մասին են խոսում: Անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում ինչ-որ բան փոխվեց, որոշ շեշտադրումներ փոխվեցին: Դանդաղ է գործընթացը գնում, բայց փոփոխություն կա:

Միջազգային հանրության փոփոխության երկրորդ ասպեկտն այն է, որ Ադրբեջանի ներքին կյանքում խնդիրներ կան․քաղբանտարկյալներ, լրագրողների ձերբակալություններ և այլն:

Միջազգային հանրության կարծիքի փոփոխման պատճառ է նաև այդ երկրում եղած կոռուպցիան: Կոռուպցիան հասել է այն մակարդակի, որ արդեն այլ անդրադարձ է պահանջում: Դա նոր երևույթ է: Մենք արդեն տեսնում ենք, որ Արևմուտքի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ սկսում է փոխվել: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հոդվածներ են հայտնվում միջազգային մամուլում Ադրբեջանի մասին: Համակարգային փոփոխություն կա Արևմուտքի վերաբերմունքի մեջ՝ Ադրբեջանի նկատմամբ:

-Ձեր կարծիքով՝ միջազգային մամուլում հայտնվող կոռուպցիոն սկանդալներն Ադրբեջանի մասին, արևմտյան մամուլի կողմից պարբերաբար արվող բացահայտումներն իրենց ազդեցությունն ունենո՞ւմ են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, թե՞ դրանք լծակներ են այլ հարցերում Ադրբեջանին զսպելու կամ ճնշելու համար:

-Չէ, իհարկե փոխում են: Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա աշխարհում խնդիրները  ոչ թե և ոչ միայն որոշվում են ավանդական իրավական նորմերով, այլ նոր համակարգով: Վերցնենք, օրինակ, ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում․կատարվել են այնքան բացթողումներ, որովհետև հույսները դրել են կեղծ կայունության կամ տնտեսական, կարճաժամկետ կամ միջնաժամկետ շահի վրա, արդյունքում` վտանգվել է ավելի կարևորը, ճգնաժամային իրավիճակ է ստեղծել, համագործակցել են բռնապետների հետ, կամ մտածել են, որ կարելի է համագործակցել նույնիսկ ամենակոռումպացված առաջնորդների հետ, եթե նրանք ապահովում են կայունություն:

Հիմա նույն իրավիճակը, իհարկե, ավելի փոքր մասշտաբով կարող է ղարաբաղյան հիմնախնդրի դեպքում լինել: Բայց ես միայն Ադրբեջանի մասին չեմ խոսում, այլ օրինակներ էլ կան:

Հիմա վերագնահատում է տեղի ունենում, և այսօրվա արժեքային քաղաքական համակարգում մենք տեսնում ենք, որ դանդաղ կատարվում են փոփոխություններ վերաբերմունքի մեջ: Այստեղ արդեն անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը շարունակեն ապացուցել, որ քաղաքակիրթ աշխարհի մաս են կազմում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել