Ապրիլի 22-23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հանրային առողջապահության ֆակուլտետը, Յակոբեան բնապահպանական կենտրոնը, համագործակցելով Կոլեգիում Ռամազինի (Collegium Ramazzini) միջազգային հեղինակավոր կազմակերպության հետ, կազմակերպում է միջազգային գիտական սիմպոզիում: Այն նվիրված է հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներում աշխատողների և հարակից համայնքների բնակիչների առողջական խնդիրներին…
Ուղերձ սիմպոզիումի մասնակիցներին

Պատմությունը ցույց է տալիս, որ թալանողներն ու ավարառուները բոլոր ժամանակներում, բոլոր հասարակություններում մարդկանց մոտ միշտ տագնապի զգացում ու վախ, հետևաբար՝ իրենց նկատմամբ արհամարհանք և զզվանք են առաջացրել, և որպես օրենք ավարառությունը միշտ խստագույնս դատապարտվել և պատժվել է հասարակությունների կողմից: Հին աշխարհի ստրկավաճառներից ու հետմիջնադարյան ծովահեններից, ճանապարհի ավազակներից ու քարվան կտրողներից սկսած մինչև ժամանակակից միջազգային փքուն «բրենդներով» հանդես եկող տարաբնույթ «կազմակերպությունները», որոնց, առանց չափազանցնելու, կարելի է նոր կորսարներ անվանել, որոնք հազարապատիկ ավելի վտանգավոր են, միասին վերցրած իրենց բոլոր նախորդողներից, քանզի նրանք «գալիս են մեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են», մշտնջենապես մեկ խնդիր են լուծել և լուծում` կողոպտել և արագ «ցվրվել»:
Ներկայումս կիրառվող ավարառության առավել «քաղաքակիրթ» տեխնոլոգիաների նախապատկերն իսպանական կոնկիստադորներն ու նրանց հաջորդած անգլոսաքս ավազակախմբերն են եղել: Սրանք Ամերիկյան մայրցամաքի տեղաբնիկ, հոգով մաքուր ու պարզամիտ և այդ բաշիբոզուկներին միամտաբար իրենց աստվածների հետ շփոթած խեղճ հնդկացիների անարատ ոսկու մեջ արտահայտված ողջ մշակութային հարստությունը թալանեցին ու տարան, տեղը փայլփլուն հայելիկներ ու արժեք չունեցող ապակյա մանրիկ զարդարանքներ թողնելով, այդպիսով ոչնչացնելով մարդկային քաղաքակրթության ամբողջ մի շերտ: Այսօր էլ նույնն է, և այն ժամանակների հետ համեմատած գրեթե ոչինչ չի փոխվել, միայն կիրառվում են ալան-թալանի էլ ավելի հնարամիտ, նրբին տեխնոլոգիաներ: Այսօրվա ավարառուներն արդեն հանդես են գալիս իրենց տերերի սեղանի փշրանքներով կերակրվող տեղաբնիկ դրածոների միջոցով, որոնք մաքուր սափրված, թանկարժեք հանդերձներ հագած, տարանուն առաջնակարգ համալսարանների դիպլոմները ձեռքներին, քաղաքավարի, պարկեշտ, մարդկանց ապագայով ու նրանց համար նոր աշխատատեղերի ստեղծմամբ մտահոգված, քո լեզվով խոսող, քո հայրենակից ու երկրացի, քո պրոբլեմներով քեզանից ավելի “մտահոգ”, «հայրենասեր» ու «ազգասեր» և այլն, և այլն, մարդու կերպարանք ունեցող արարածներ են: Այսօրվա ալան-թալան իրականացնողներն օգտվելով պետությունների ծանր ֆինանսատնտեսական վիճակից, երկրների տնտեսական կառավարիչների ապաշնորհությունից, կրում-տանում են այդ երկրների հարստությունները՝ փոխարենը տալով չնչին մի գումար, ժամանակավոր աշխատատեղեր, իսկ տեղը թողնելով ժանտահոտ պոչամբարներ, ավերված ու ապականված բնություն, մթնոլորտ և որպես հետևանք նաև մարսկանց բազում ծանր ու անբուժելի և ժառանգաբար փոխանցվող հիվանդություններ: Զարմանալու ոչինչ չկա, որ Հայաստանի և նման երկրների նկատմամբ (Ճ դասի երկրներ` Աֆրիկյան մայրցամաքի բոլոր երկրները, հարավ- արևելաասիական երկրները և այլն) կիրառվում է «Հումքն ու գերշահույթը մեզ, պոչամբարն ու աղտոտվածությունը՝ ձեզ» մոտեցումը: Այսինքն՝ արդյունահանման հետ կապված բոլոր «կեղտոտ» տեխնոլոգիական գործընթացներն իրականացնել տեղում, թունավորել տեղի ազգաբնակչությանը, ապականել տեղի բնությունն ու մթնոլորտը, չնչին ծախսերով ստանալ խտանյութը, որն արդեն տեղափոխելով իրենց «մաքուր պահվող» երկրներում գտնվող գործարանները՝ զտել այն և ունենալ գերշահույթներ:
Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու, էլ չեմ ասում իրենց երկրների, նրա ազգաբնակչության ապագայի մասին հոգալ պարտավոր կառավարական այրերի համար այսպիսի վերաբերմունքը պետք է առնվազն վիրավորական լիներ, և դրա դեմ առաջին հերթին հենց նրանց կողմից պետք է որոշակի գործողություններ, հակամիջոցներ ձեռնարկվեին, բայց, ավաղ, ոչ մի ձայն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես այդ ավարառությունից սրանք էլ իրենց «հաշիվն» ունեն: Մյուս կողմից, իրոք գործից հասկացող տարբեր մասնագետների ցանկացած տրամաբանական ու խելամիտ առաջարկ` տեղում խտանյութերի վերջնային վերամշակման և ինչ-ինչ պատրաստի ապրանքների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ, ինչը հայրենի բնության հարկադրված ապականմանը զուգընթաց, գոնե որպես չարյաց փոքրագույն, շատ ու շատ ավելի մեծ օգուտներ կբերեր երկրին ու նրա ժողովրդին, հանդիպում է կոշտ հակազդեցության հենց մեր երկրի տնտեսության կառավարմամբ զբաղվողների կողմից: Չափազանց տարօրինակ է, թե ինչու ի սկզբանե հանքարդյունահանման վերաբերյալ սթափ տրամաբանությունից բխող միակ ճշմարիտ, «ջրի երեսին լողացող», իսկապես օգտառատ հայեցակարգ չի ընդունվել, կամ գոնե այժմ վիճակը շտկելու որևէ փորձ չի կատարվում: Փոխարենը զանազան պատճառաբանություններ են բերվում շուկաներում մրցակցության բարձր աստիճանի, այդ հումքերից մեր արտադրած կամ արտադրելիք ապրանքների որակական ցածր հատկանիշների, տնտեսական աննպատակահարմարության և այլնի մասին: Այսինքն մեր կառավարողների կողմից գործ չանելու, այս վիճակն ինչպես որ կա պահպանելու պատճառաբանությունները ծայր չունեն, իսկ մարդկանց առողջության, հայրենի բնության, երկրի ապագայի մասին մտահոգվածության խոսքերն անգամ բացակայում են: Ճիշտ հակառակ տրամաբանությունը պիտի գործեր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել