Tert.am-ը գրում է.

Բազմակուսակցական համակարգի կայացման համար հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը աշխատեն տարածքային կառույցների ակտիվացման ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հայտարարությանմասին, որ «անհրաժեշտ է արդիականացնել Հայաստանի քաղաքական համակարգը, կայացնել բազմակուսակցական համակարգ»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ համաձայն է Տիգրան Թորոսյանի հետ: Ըստ նրա՝ բազմակուսակցական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերը տարածքային կառույցներ ունենան, ակտիվ աշխատեն, մասնակցեն համայնքային ընտրություններին: Այնինչ, ըստ Էդուարդ Շարմազանովի, համայնքային վերջին ընտրություններին, բացի ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից ու «Ծառուկյան» դաշինքից, որևէ այլ կուսակցություն չմասնակցեց:

«Մեր կուսակցություններն ունեն շատ մեծ ամբիցիաներ: Եվրոպական որևէ երկրում առանց ՏԻՄ ընտրությունների մասնակցելու կուսակցությունը չի կարող լինել ամբիցիոզ: Եթե տարածքային կառույցներ չունես, եթե ՏԻՄ ընտրություններին չես մասնակցում, հետևաբար, միայն խորհրդարանում ֆրակցիա ունենալով՝ բազմակուսակցական համակարգ չես ձևավորում: Այո, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ բազմակուսակցական համակարգը կայանա: Իսկ այն կայանում է ընտրությունների միջոցով, բայց մեր գործընկերներն ասում են՝ օլիմպիական սկզբունքով մասնակցել չենք ուզում»,- ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ ընդդիմադիր գործընկերները չպետք է գնան «ամեն ինչ հիմա և այսօր» սկզբունքով: 

«Բոլոր կուսակցությունները Մեղրիից Նոյեմբերյան, Ախուրյանից Ստեփանավան տարածքային կառույցներ պետք է ունենան, բայց քանի՞ կուսակցություն կա, որ կառույցներ ունի»,- նկատեց ՀՀԿ խոսնակը:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ Հայաստանում միակուսակցական համակարգ է, Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց. «Ոչ, 3 կուսակցություն կա, որ ընտրություններին է մասնակցել: ՀՀԿ-ն ի՞նչ է, պետք է նստի, այլ կուսակցությունների համար տարածքային կառույցնե՞ր ստեղծի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել