Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելուց հետո հանրությունը փոփոխությունների հույս ունի: Ռուսական մոդելը, որում մենք 20 և ավելի տարի ապրում ենք, իրեն չի արդարացրել, իսկ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները իրականացնելու պարագայում մարդկանց կյանքը կարող է փոխվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը: Ըստ նրա՝ ԵՄ հետ փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանում տարվում է հակահայկական քարոզչություն, որը կարող է վտանգավոր լինել, որովհետև Ռուսաստանը Ուկրաինայի պարագայում ապացուցեց, որ կարող է թշնամացնել այդ երկու բարեկամական ժողովուրդներին: Արթուր Ղազինյանը նկատեց, որ Եվրամիությունը հարգեց Հայաստանի որոշումը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչը պարտավորեցրեց Ռուսաստանին հարգել Հայաստանի որոշումը՝ ստորագրել Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիր: Ըստ նրա՝ այսպիսով, Հայաստանը դուրս եկավ այն վերահսկելի իրավիճակից, որը կա ԵԱՏՄ երկրների վրա:

- Փորձագիտական որոշ շրջանակներ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո պնդում են, որ այն կարող է կյանքի չկոչվել: Հայաստանի իշխանությունները նշում են, որ իրենց չեն պարտադրել ստորագրել այս համաձայնագիրը, և եթե իրենք ցանկանային այն չիրականացնել, ապա չէին էլ ստորագրի: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանություններն ունեն պատճառ կյանքի չկոչելու այն:

- Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը թե՛ բովանդակային, թե՛ ձևական նշանակություն ունի: Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ ի հեճուկս Ռուսաստանի մենք ունենք այնքան ինքնուրույնություն, որ ստորագրենք այն, իսկ բովանդակային տեսանկյունից այն մեր առաջ բացում է լայն հնարավորություններ՝ ժողովրդավարական երկիր կառուցելու համար: Առաջին քայլը կատարել ենք, մենք ապացուցել ենք, որ մենք կանք, մենք ուժեղ ենք, իշխանությունը ձեռք բերեց լեգիտիմության հիմքեր, իսկ բովանդակային առումով մենք ունենալու ենք խնդիրներ, որովհետև այդ ռեֆորմներն ամբողջապես կատարելու պարագայում մենք կվերածվենք եվրոպական պետության: Իսկ սա ենթադրում է, որ այսօր հսկիչ փաթեթի տեր իշխանությունը դառնալու է փոքրամասնություն, այսինքն՝ իշխանության հիմնական մասը հանձնվելու է պետական ինստիտուտներին, պետական մարմինները զբաղվելու են իրենց գործով, կատարելու են օրենքով սահմանված իրենց լիազորությունները, կատարելագործվելու են պետական մարմինները:

Արդյունքումշ` ստացվելու է մի իրավիճակ, որ համաձայնագրի ամբողջական կյանքի կոչման պարագայում մենք կհայտնվենք Վրաստանի կարգավիճակում: Թեև Վրաստանում ռուսական փողերով  օլիգարխն է, բայց կա հստակ սահմանված օրակարգ, գործում են ինստիտուտները, ոչ թե մարդիկ, դրա համար չեն կարողանում փոխել Վրաստանի արտաքին քաղաքականությունը: Ռուսաստանը դժվար թույլ տա, որ մենք նման փոփոխություն անենք, ուստի ներսում մենք ունենալու ենք ակտիվացող հինգերորդ շարասյունը, որը խոսելու է Հայաստանում եվրոպական արժեքների անհարիրության մասին, ընտանեկան արժեքների գերակայության, հայու գենի և այլնի մասին: Սկսվելու է սպեկուլյացիաների շրջան:

- Նկատի ունեք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման արդյունքում մենք կանգնելու ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդրի առա՞ջ, կամ գուցե մե՞զ են հանելու այդ միությունից:

- Եթե մենք ներքին բարեփոխումների արդյունքում կարողանանք ձևավորել Եվրոպական միության անդամ-պետությունների Սահմանադրությունների ավանդույթներին համապատասխանող պետություն, մենք պարզապես անելիք չենք ունենա ԵԱՏՄ-ում և հիմա էլ այդտեղ անելիք չունենք:

- Հայաստանի իշխանություններն ասում են, որ դա տնտեսական միություն է և ժողովրդավարության հաստատման հետ կապ չունի:

- Հայաստանի աշխարհագրական դիրքը հուշում է, որ մենք դեպի Իրան-Վրաստան շղթայում ենք, որը եվրոպական շուկա ապրանքների տարանցման ճանապարհ է: Մենք այս պահին այդ հնարավորությունն ունենք, բայց, չգիտես ինչու, ընտրել ենք քարանձավի միջոցով Ռուսաստանի հետ կապվելու հնարավորությունը ու հրաժարվել ենք դեպի եվրոպական շուկա ծովային ելքից: Բոլոր ռացիոնալ հաշվարկներով՝ աշխարհագրական, տնտեսական, աշխարհաքաղաքական, մեզ տանում են դեպի եվրոասոցացում, բայց մենք գնում ենք քարանձավով Ռուսաստանի հետ կապվելու ճանապարհով, որը տարին տասը անգամ օրերով փակվում է, հերթեր են գոյանում, արտահանվող ապրանքը փչանում է և այլն:

- Պարո՛ն Ղազինյան, ամեն դեպքում, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով առաջարկված բարեփոխումները մեկ կամ երկու օրում իրականացվել չեն կարող, դրանք տարիներ են պահանջում: Մենք ե՞րբ ենք կանգնելու հակասությունների առաջ:

- Հակասությունը միանգամից չի երևա: Մենք կտեսնենք, թե ինչպես են ձևավորվելու, կայանալու ժողովրդավարական ինստիտուտները, կտեսնենք, թե ընտրությունների արդյունքում ինչպես է իրադրություն փոխվելու հանրապետությունում, կտեսնենք, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունը ստանձնում պատասխանատվությունը, մարդիկ ինչպես են գիտակցում, որ քաղաքական գործընթացներում գործիք չեն, գործոն են: Այս ամենն, ի վերջո, կհանգեցնի նրան, որ ժամանակի ընթացում ներքին իրավիճակը կփոխվի: Թե երբ կլինի, ես չգիտեմ: Կարևորն այն է, որ մենք պարզապես դուրս եկանք այն վերահսկելի իրավիճակից, որը կա Եվրասիական տնտեսական միության անդամակցության երկրների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել