Tert.am-ը գրում է.

«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ շատացել են միջազգային զարգացումները: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ արցախյան հիմնախնդրի բարձրաձայնումը նկատելի է հակամարտող կողմերից յուրաքանչյուրի դեպքում, նկատելի են նաև Թուրքիայի քայլերը:

«Կողմերը փորձում են հնարավորինս միակողմանիորեն իրենց դաշտ բերել արցախյան գործընթացը»,- նկատեց նա:

Կարեն Վերանյանը, անդրադառնալով վերջերս ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տարբեր հարթակներում տեղ գտնող ձևակերպումների շուրջ «մրցավազքին», համաձայնեց, որ երբ ընդունվում են բանաձևեր, որոնք համահունչ են մեր դիրքորոշմանը, համարում ենք դիվանագիտական հաղթանակ, իսկ երբ մեր պաշտոնական դիրքորոշմանը հակասում են, մենք համարում ենք, որ դրանք իրավաբանական ուժ չունեն և չեն կարող ազդել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

Նկատենք, որ վերջին շրջանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ձևակերպումների շուրջ մտավախություններ եղան մինչ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի ընդունումը: Իսկ ԱլԳ գագաթնաժողովի նախօրեին Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից ընդունած հռչակագրում տեղ գտած ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ձևակերպումները հայաստանյան փորձագիտական դաշտը դիվանագիտական հաղթանակ համարեց: Սակայն պետք է նկատել նաև, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունված ԼՂ հիմնախնդրի մասին հակահայկական բանաձևի մասին խոսելիս՝ հայկական կողմը նշեց՝ այն որևէ ուժ ու ազդեցություն չունի կարգավորման գործընթացի վրա:

«Մենք խնդիրներ ունենք, անելիքներ էլ ունենք, և միևնույն ժամանակ պետք է ավելի վճռական, կիրառական ուղղություն տանք այս հարցի լուծմանը: Մենք գիտենք, որ Ադրբեջանի ջանքերով, Թուրքիայի միջամտությամբ տարբեր երկրներ աշխատում են ի հակառակ Հայաստանի՝ իհարկե տարբեր ֆորմատներով, տարբեր դրդապատճառներով: Եվ դա այնպես չէ, որ միանշանակ ուղղված է Հայաստանի դեմ: Այստեղ նաև Ռուսաստանի խնդիրը կա, նաև Ռուսաստանի դեմ է ուղղված լինում»,- նկատեց Կարեն Վերանյանը՝ նշելով, որ այս գործընթացները տեղի են ունենանում տարբեր աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել