«Դար 21» հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Գևորգյանը կրթությամբ հագուստի նկարիչ-մոդելավորող է, չի աշխատում մասնագիտությամբ, քանի որ, ինչպես նա է խոստովանում, չի սիրում, երբ իր ստեղծածն ինչ-որ մեկը կրում է: Օրեր առաջ BlogNews.am-ը լուսանկարել է Աննային և զրուցել նորաձևության մասին:
«Նորաձևությունն ինձ համար մեծ դեր չունի, քանի որ չեմ համարում, որ որևէ մեկն իմ փոխարեն պետք է որոշի՝ ինչն է ճիշտ և գեղեցիկ՝ կրելու համար: Դա հոգեվիճակդ, աշխարհընկալումդ և յուրովի տեսակդ պետք է թելադրի, այլ ոչ թե մի խումբ կասկածելի ճաշակի, տեսքի և վարքի մարդիկ: Չեմ սիրում, երբ իմ սիրած հագուստը նորաձև է դառնում, օրինակ՝ հոլիդեյ տաբատները, լայնեզր գլխարկները, բերետները և կովբոյական կոշիկները, որոնք 15 տարուց ավելի է՝ սիրում եմ և կրում. դրանք վերջերս շատ նորաձև են դարձել, հետևաբար շատ-շատերն են արդեն կրում: Էսթետ եմ և սիրում եմ գեղեցիկը, իսկ նորաձևությունը գեղեցիկ է, երբ խելամիտ ես հետևում դրան, այլ ոչ կուրորեն»,- ասում է Աննան:
Հաղորդավարուհին հիմնական ոճ չունի, քանի որ, ինչպես նա է ասում, մեկ ոճում լինելը կաղապարում է. «Յուրաքանչյուրս տարբեր դերեր ենք խաղում, և ամեն կերպարն իրեն համապատասխան հագուստով պետք է հանդես գա: Անչափ սիրում եմ լինել էլեգանտ և նուրբ, հասուն և նրբաճաշակ կնոջը վայել կոնսերվատիվ շքեղությամբ, բայց մյուս կողմից էլ ինձ անչափ հարազատ է բոհո ոճը, որը հիփփի և բոհեմի խառնուրդ է՝ ապաչիներին հատուկ արդուզարդի էլեմենտներով. ցավոք, այդ ոճը նորաձև է: Շատերն էլ տարբերվելու համար կրում են այդ ոճին հատուկ ինչ-որ էլեմենտներ: Կարծում եմ՝ բոհեմյան պետք է հագնվի նա, ով իսկապես այդպիսին է ներքուստ, ով այլ է տեսակով, ոչ թե տեսքով: Մի դիպուկ խոսք կա այս թեմայով՝ շաբլոն թվալու ձգտումն արդեն շաբլոն է»:
Մանկության տարիներին Աննայի ամբողջ զգեստապահարանը կարմիր գույների մեջ էր. այդ գույնն Աննայի մայրիկի սիրելին էր: Հիմա Աննան նախընտրում է բնական, նուրբ և պաստելային երանգներ, չի սիրում ոչ մի վառ, ճչացող գույն. «Հագուստի ընտրության հարցում որևէ մեկից չեմ ոգեշնչվում, ավելի շատ՝ բնությունից, իմ հոգեվիճակից, աշխարհընկալումից և հոգևոր զարգացվածության աստիճանից, բայց ոչ ինչ-որ մեկից: Գուցե վերացական է հնչում, բայց ովքեր նույն ալիքին են ինձ հետ, կարծում եմ՝ կհասկանան՝ ինչ նկատի ունեմ»:
Հաղորդավարուհու խոսքով՝ հագուստը պետք է խելամիտ արժեք ունենա, թանկը հաճախ ենթադրում է որակ, բայց միշտ չէ, որ՝ ճաշակ. «Ինչպես անապահով ընտանիքի առաջին, երկրորդ կուրսի աղջնակը կարող է ունենալ ճաշակ և ոճի նուրբ զգացում, այնպես էլ նորաձևության վերջին տենդեցներին հետևող, նորաձևության տներից դուրս չեկող, մեծահարուստ կինը կարող է անճաշակության գագաթնակետը լինել: Այնպես որ, կարծում եմ՝ մեկը մյուսի հետ միշտ չէ, որ կապ ունի: Հագուստը կարող է թանկ լինել, եթե հումքն է թանկ, աշխատանքն է վրան շատ ծավալուն, մանրակրկիտ, ժամանակատար, կամ էքսկլյուզիվ նմուշ է: Մնացած բոլոր դեպքերում մեծ գինն արդարացված չէ: Հաճախ ընկերուհուս հետ գնում ենք շոփփինգի, և ամեն անգամ որևէ բան հավանելիս նայում ենք պիտակին, հետո նայում իրար և ծիծաղելով ասում, օրինակ, այս նույնի համար 6000 դրամ՝ գործվածքին, մեկ ժամ կարելուն, այլ ոչ մի քանի տասնյակ հազարներ»:
Հաղորդավարւհին ինքն է որոշում՝ ինչ կրել և ինչպես ներկայանալ եթերում, անգամ մոտ վեց տարի եղել է «Դար 21» հեռուստաընկերության ոճաբանը և բոլոր հաղորդավարների հագուստներն ինքն է ստեղծել: Եղել է նաև դիմահարդարը, երբեմն էլ՝ նաև վարսահարդարը: Սեփական ոճը փոխելիս հաճախ չի պլանավորում, եթե անգամ անում է, դա պարզապես ստացվում է ինքնաբերաբար և չպլանավորած. «Միշտ սև, երկար վարսերի սիրահար եմ եղել և երբևէ չեմ մտածել, որ կարող եմ շիկահեր դառնալ: Վարսերիս փոփոխությունը ամուսնուս միտքն էր, նա առաջարկեց, իսկ ես հաջորդ իսկ օրը փոխեցի գույնը: Մինչ այս մազերս չէի ներկել։ Սկզբում շատ անսովոր էր, մի պահ փորձեցի մգացնել, հետո հասկացա, որ այլևս չեմ կարող: Իհարկե, կարոտում եմ վարսերիս նախկին գույնը, բայց արդեն ինձ չեմ պատկերացնում այլ կերպ: Երեսունից հետո երկար մազերը երբեմն, կներեք, բայց վհուկի տեսք են տալիս, բացի այդ՝ գույնի և չափի հետ ամեն հագուստ չէ, որ գեղեցիկ է»:
Հագուստ հազվադեպ է կարում, ասում է, որ ժամանակը չի հերիքում, հիմնականում կարում է որևէ կարևոր առիթի համար, երբ այլ տարբերակ չունի. «Մի անգամ դեպք եղավ, երբ բացման շատ կարևոր արարողության էի ներկա լինելու, իսկ ես մոտավորապես մեկ-երկու ժամ ժամանակ ունեի պատրաստվելու համար: Սիրտս էլ վարդագույն զգեստ էր ուզում։ Դե, արի, այդ մի քանի ժամում զգեստ գտի, ոչ միայն գույն, այլև՝ ձև: Անկողնուս վրայից հանեցի հենց այդ նույն գույնի սավանը և արդունքում կարեցի իմ ուզած զգեստը: Ես իրականում ավելի շատ ուշադրություն եմ դարձնում հագուստի որակին, մոդելի հարմարավետությանը, քան բրենդին»:
«Երեկույթի ամենավառ կերպարը գրեթե միշտ ես եմ լինում, եթե այդ վայրում հայտնվում եմ ինքնակամ: Հագուստի միջոցով ուշադրություն գրավում էի դեռահասության տարիներին, հետո դա շարունակվեց եթերային կյանքում, հիմա արդեն ծիծաղելի կլիներ, եթե կրեի աչքի ընկնող հագուստ, չնայած բոլորին նման լինել, երևի թե, մեծ ցանկության դեպքում էլ չկարողանամ»,- անկեղծանում է Աննան։
Գնումների շատ հաճախ է գնում, թուլություն է, որի դեմ փորձում է պայքարել. «Ինձ մարքեթինգի զոհ եմ զգում: Չեմ ուզում ոչխարի հոտի պես հետևել հասարակությանն իրական արժեքներից շեղելու պրոպոգանդային՝ նոր մոդելի հեռախոս, թանկ մեքենա, շքեղ հագուստ: Փողի ավելցուկը կարելի է օգտագործել, օրինակ, կարիքավոր մեկին կամ էլ, օրինակ, հարազատ մարդկանց ուրախացնելով»: