Armsport.am-ը գրում է.

Հայ ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը` հարձակվող Արսեն Բալաբեկյանը, ով արդեն մեկ տարի է` խաղադաշտ դուրս չի եկել, ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

Այս մասին «ArmSport.am»-ի թղթակցին հայտնել է անձամբ Բալաբեկյանը:

2016 թվականի դեկտեմբերին Երևանի «Ալաշկերտը» հայտարարեց մի քանի ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզելու մասին, որոնց թվում էր նաև Արսեն Բալաբեկյանը:

«Ալաշկերտից» հեռանալուց հետո վիճակս այնքան էլ լավ չէր: Գրեթե 6 ամիս բավարար կերպով չէի խաղացել ու չէի կարողանում ինձ համար նորմալ թիմ գտնել: Հետո մեջքի ցավեր ունեի, պարզվեց` ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունեմ ու պետք է վիրահատվեմ: Վիրահատությունից հետո որոշեցի, որ հանգստանալու ժամանակն է»,- մեզ հետ զրույցում նշեց Արսեն Բալաբեկյանը:

Հարցին, թե որքանո՞վ էր բարդ կարիերան ավարտելու վերաբերյալ որոշումը կայացնելը` Բալաբեկյանը նշեց, որ այն սպասվածից ավելի հեշտ տրվեց.

«Ճիշտն ասած` ավելի դժվար էի պատկերացնում, բայց քանի որ ես շատ շուտ եմ հարմարվում ամեն ինչին,ավելի հեշտ ստացվեց: Ինքս ինձ ասացի, որ եթե թիմերը կասկածում են իմ հարցով, կասկածում են` արդյոք իրենց պե՞տք եմ, թե՞` ոչ, ուրեմն ամեն ինչ ավարտելու ժամանակն է»:

«Հայաստանում ես քիչ բաների չեմ հասել ֆուտբոլում, բայց կարծում եմ` ես իմ պոտենցիալն ամբողջովին չօգտագործեցի: Ինչ-որ առումով խանգարեցին վնասվածքները, նաև սխալներ թույլ տվեցի, ինչ-որ առումով բնավորությունս խանգարեց, քանի որ երբեք չեմ կարողացել շողոքորթել, այլ ասել եմ այն, ինչ մտածում եմ, իսկ ոմանց դա դուր չի եկել:

Կարիերաս որքանո՞վ եմ ստացված համարում. դրվագներով կարելի է ասել, որ գոհ եմ, բայց ընդհանուր առմամբ շատ դժգոհ եմ կարիերայիցս, քանի որ ես ունեի ամեն ինչ ավելի լավը լինելու համար, բայց ... չստացվեց: Իհարկե, վատ վիճակագրություն չունեմ. շատ գոլեր եմ խփել, շատ խաղեր եմ անցկացրել, ռեկորդներ եմ գրանցել, բայց դա ամենաքիչն էր, որ ես կարող էի անել»,- նշեց Արսենը:

Կա՞ն բաներ, որոնց համար Արսեն Բալաբեկյանն այսօր զղջում է.

«Եղել են դեպքեր, երբ սխալ որոշումներ եմ կայացրել, հրաժարվել եմ կոնկրետ առաջարկներից, մտածել եմ, թե ավելի լավ թիմում կհայտնվեմ, բայց սխալվել եմ: Օրինակ, պարսկական ակումբներից մեկից լավ առաջարկ էի ստացել, բայց հրաժարվեցի, քանի որ մտածեցի` երիտասարդ եմ, չարժե գնալ Պարսկական:  Հետո, երբ Բուլղարիայում էի, կոնկրետ առաջարկ ստացա, բայց երիտասարդ էի, կամակորություն արեցի, չմնացի: Այդ ժամանակ դեռ ամուսնացած չէի, ու մտածում էի` չեմ կարող հեռու գտնվել սիրածս աղջկանից: Հիմա, երբեմն ափսոսանքեր ունենում եմ, քանի որ երբ արդեն հանգիստ ուղեղով մտածում եմ, հասկանում եմ, որ դա ինձ համար կարող էր ցատկահարթակ լինել»:

Խոսելով ֆուտբոլային կարիերայից մնացած հիշողությունների մասին` Արսեն Բալաբեկյանը նշեց նաև, թե որ ակումբի հետ են կապված իր դրական հիշողությունները.

«Իմ լավ հիշողությունները կապված են միայն «Բանանցի» հետ: Ես ապրում էի այդ թիմով, մինչև հիմա էլ այդ զգացողությունը ունեմ և ամեն օր հիշում եմ, թե ինչպես ավարտվեց իմ կարիերան «Բանանցում»` առանց պատճառի և հիմնավորման: Չնայած սրան, ես շատ եմ հարգում Սարգիս Իսրայելյանին ու շատ շնորհակալ եմ նրան:

Ամեն անգամ, երբ այցելում եմ «Բանանցի» ակադեմիա, ինձ հետ աննկարագրելի բան է կատարվում, բայց արդեն նախկին ջերմությունը չեմ զգում. կան մարդիկ, ովքեր արդեն ինձ չեն հիշում, կան մարդիկ, ովքեր չեն էլ ճանաչում: «Բանանցից» հետո ես այլևս հաճույք չեմ ստացել ֆուտբոլից: Թող ինձ ներեն բոլոր թիմերն ու մարզիչները, որոնց հետ ես աշխատել եմ մյուս ակումբներում»,- խոստովանեց Բալաբեկյանը և վերհիշեց ևս մեկ դեպք, որը դաջվել է իր հիշողությունում.

«Բանանցում» էի հանդես գալիս ու շատ լուրջ վնասվածք էի ստացել, 7 ամիս անց վերադարձա խաղադաշտ, փոխարինման մտա և «Ուլիսի» հետ խաղի 90-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձա. մոտ 5 րոպե ամբողջ տրիբունան իմ անունն էր վանկարկում: Աննկարագրելի զգացողություններ ունեցա, որոնք երբեք չեմ մոռանա»:

Արսեն Բալաբեկյանի խոսքով` մարզիչներից ամենամեծ ազդեցությունն իր վրա ունեցել է Արմեն Գլուլբուդաղյանցը, ում հետ նա աշխատել է հենց «Բանանցում».

«Մարզիչներից շատ մեծ հաճույքով եմ աշխատել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ: Միշտ լավ եմ զգացել իր մոտ խաղալիս: Գյուլբուդաղյանցն ինձ միշտ վստահություն է ներշնչել: Եթե չպարծենամ, կարող եք իրեն էլ հարցնել, ես նրա ղեկավարությամբ միշտ լավ եմ խաղացել: Չեմ կարող չնշել նաև Նիկոլայ Կոստովի մասին (խմբ.- «Բանանցի» գլխավոր մարզիչը 2007-08 մրցաշրջանում), ով շատ կարճ ժամանակում ստիպեց ինձ հավատալ իմ ուժերին, ու եթե չլիներ չարաբաստիկ վնասվածքս հենց այն պահին, երբ ամեն ինչ լուսավոր էր, կարծում եմ` իմ կարիերան շատ ու շատ լավ կստացվեր»,- նշեց Բալաբեկյանը, ով այսօր` նոյեմբերի 24-ին, տոնում է ծննդյան 31-րդ տարեդարձը:

Բալաբեկյանը նշեց նաև, որ շարունակում է հետևել Հայաստանի առաջնությանն ու գոնե մարզադաշտ այցելելով` հագեցնել կարոտը.

«Դեռ չեմ կարողանում կտրվել հայկական ֆուտբոլից: Դե, նախ ընկերներս են խաղում այնտեղ, հետո էլ` գոնե մարզադաշտ այցելելով եմ հագեցնում կարոտս: Ոչ միայն նախկին թիմակիցներիս, այլև գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ կապը պաշտպանում եմ»,- ասաց Արսենը:

Խոսելով իր ապագայի և հետագայում ֆուտբոլի հետ կապված որևէ աշխատանքի անցնելու հավանականության մասին` Բալաբեկյանը նշեց, որ մարզչական աշխատանքի միանշանակ չի անցնի.

«Մարզչական աշխատանքն իմը չէ, դրանով միանշանակ չեմ զբաղվի: Բայց հետագայում եթե ստացվի կամ առաջարկ լինի թիմերից մեկում որևէ կոնկրետ պաշտոնի` չեմ հրաժարվի (խմբ.- ժպտում է)»:

Արսեն Բալաբեկյանը ցանկացավ շնորհակալություն հայտնել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ կապ են ունեցել իր կարիերայի հետ.

«Կարիերայիս ընթացքում ով ինչ արել է ինձ համար, շնորհակալ եմ: Մարդիկ են եղել, ովքեր խոչընդոտել են իմ առաջխաղացմանը. նրանցից էլ եմ շնորհակալ կյանքի լավ դասի համար: Նրանց վաղուց ներել եմ, ես հիշաչար չեմ»,- հավաստիացրեց Բալաբեկյանը` չցանկանալով այլ մեկնաբանություններ տալ:

Նշենք` Արսեն Բալաբեկյանը բարձրագույն խմբում ֆուտբոլային կարիերան սկսել է Աբովյանի «Կոտայքում» 2004 թվականին:

Դեռևս 18 տարին չլրացած, Արսենն իր առաջին հանդիպումը թիմի կազմում անցկացրել է առաջնության 3-րդ տուրում` ապրիլի 25-ին «Միկայի» հետ կայացած խաղի 82-րդ րոպեին փոխարինելով Գագիկ Սուքիասյանին: Այդ տարի պատանի ֆուտբոլիստն առաջնությանը մասնակցած բոլոր 15 հանդիպումներում էլ փոխարինման է դուրս եկել` դառնալով 1 գոլի հեղինակ:

Երբ 2005թ. մրցաշրջանի ավարտից հետո «Կոտայքը» լուծարվել է, Բալաբեկյանը տեղափոխվել է «Բանանց»` դառնալով թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Բալաբեկյանը «Բանանցում» հանդես է եկել մինչև 2011 թվականը` Հայաստանի առաջնությունում ընդհանուր առմամբ մասնակցելով 134 հանդիպման և դառնալով 36 գոլի հեղինակ:

Բալաբելյանի համար լավագույնը կարելի է համարել հենց «Բանանցում» ունեցած ելույթները: 2007 և 2008 թվականներին Արսենը դարձել է «Բանանցի» լավագույն ռմբարկուն, իսկ 2007թ. առաջնության ռմբարկուների շարքում նա երկրորդն էր (15 գնդակ): 

Արսեն Բալաբեկյանը բազմիցս աչքի է ընկել՝ փոխարինման դուրս գալուց հետո: Նա և Սեմյոն Մուրադյանը, Հայաստանի Բարձրագույն խմբի պատմության ընթացքում, փոխարինման դուրս գալուց հետո ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներն են: 

2012/13թթ. առաջնությունը Բալաբեկյանն անցկացրել է «Ուլիսում», ապա հաջորդ մրցաշրջանում հանդես է եկել «Արարատում», ինչից հետո համալրել է «Ալաշկերտի» շարքերը:

Արսեն Բալաբեկյանը մեկ անգամ կրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը: 2009 թվականին նա մասնակցել է Կիպրոսում կայացած՝ Լատվիայի հետ ընկերական խաղին, որում հաշիվը չի բացվել: Բալաբեկյանը հանդես է եկել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել