Դեռ անցած տարի երգիչ Արսեն Սաֆարյանը հայտնի էր որպես «Saf club»-ի հիմնադիր, սակայն քչերը գիտեն, որ երգիչն այլևս կապ չունի ակումբի հետ: Արսենը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է ակումբից հեռանալու, նոր տեսահոլովակի, ինչպես նաև իր հեղինակային երեկոների մասին:

«Մոտ երեք տարի՝ ակումբի կառուցման շրջանից սկսած, ես մասնակցել եմ «Saf club»-ի ստեղծմանը և բավականին ուժ ու եռանդ եմ դրել այնտեղ: Այնպես ստացվեց, որ ես այլևս կապ չունեմ ակումբի հետ և ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր լսում են, հետևում են իմ գործունեությանը, պարզապես տեղյակ լինեն, որ ես այլևս կապ չունեմ ակումբի հետ»:  

Այն հարցին՝ արդյոք հեռանալուց հետո չի պահանջել, որպեսզի փոխվի ակումբի անունը, երգիչը պատասխանեց. «Ես պահանջ չեմ ունեցել անունը փոխելու, բայց ինչպես լսել եմ, ակումբում պարզաբանում են, որ Փարիզում կա «Saf club» անունով ակումբ, և այն իմ անվան հետ կապ չունի: Ինչևիցե, այդ ամենն ինձ արդեն հետաքրքիր էլ չէ»:

Երգիչը չի բացառում, որ հետագայում բիզնես ոլորտում գործունեություն ծավալի. «Կարծում եմ՝ այս անգամ այնպես կլինի, որ ամեն ինչ իմ անմիջական ղեկավարմամբ լինի, որպեսզի ես գեղեցիկ, հետաքրքիր մթնոլորտ կարողանամ ստեղծել, հնչի այն երաժշտությունը, որը ես նախընտրում եմ: Համագործակցելու նոր առաջարկներ կան, բայց գուցե ամեն ինչ հենց իմ նախաձեռնությամբ էլ լինի»:

Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել Արսեն Սաֆարյանին, կարող են հետևել նրա ֆեյսբուքյան էջի նորություններին և թարմացումներին, որոնց շնորհիվ կարող են իմանալ առաջիկա համերգի տեղը. «Հիմա աշխատում եմ այլ ակումբներում, վերջերս ունեցա համերգ Kami ակումբում, Yans-ում` մոտ երկու ժամից ավելի կենդանի ձևաչափով: Հեղինակային համերգները շարունակական են լինելու»,- նշում է Արսենը և հավելում, որ շուտով կգործի իր յութուբյան պաշտոնական ալիքը, որտեղ իր երկրպագուները կարող են լսել և վայելել ինչպես հին, այնպես էլ նոր երգերը:  

Երգիչը երկար դադարից հետո պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել, որի նկարահանման աշխատանքները հիմա պլանավորման փուլում են:

«Նոր երգս կոչվում է «Էս ինչ սիրուն ես»։ Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը ես եմ: Մոտ օրերս պետք է սկսենք նկարահանել տեսահոլովակը: Կարծում եմ՝ պրեմիերան կլինի մինչև փետրվարի 14-ը: Վաղուց է՝ չեմ ունեցել տեսահոլովակ և կարծում եմ՝ տեղին է հիմա նոր աշխատանք ներկայացնելը»,-եզրափակեց երգիչը։

                                         Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել