Yerkir.am-ը գրում է.

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձեել է վաղվանից խորհրդարանում մեկնարկող` ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումներին, տարկետման սահմանափակման նախագծի մասին:

Ռուստամյանի կարծիքով` քննարկումներից հետո  ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունենա և ամեն ինչ չի վերադարձվի զրոյական դիրքերի:

«Այս օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն: Իրականում սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում: Այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ, որ ուզում են ուսում ստանալ, շարունակել իրենց ուսումը, այս օրենքները խոչընդոտում են»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը, սակայն չի հերքում, որ կան որոշակի հստակեցում պահանջող հարցեր, որոնք օրենքում խնդիր են այս պահին: Նրա խոսքով դրանք կարող են լուծվել նաև ենթաօրենսդրական ակտերի, կառավարման առանձին որոշումների միջոցով, որ ուսանողները բավարարվեն: «Ես հասկանում եմ նրանց, լուրջ իրավիճակ է, բնական է, որ այս փոփոխությունները նոր իրադրություն են առաջացնում և մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչպես ծրագրեն իրենց ապագան»,- շեշտեց Ռուսատմյանը:

Ըստ Ռուստամյանի` քննարկումները  թույլ կտան ուսանողներին ավելի խորքային ծանոթանալ փոփոխությունների հետ: «Ես վստահ եմ, որ խորքային ծանոթանալու դեպքում կտեսնեն, որ եթե պարտադիր է ծառայությունը, իսկ դա սահմանադրորեն պարտադիր է, դա պետք է պարտադիր լինի բոլորի համար», ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ տարկետման նախկին տարբերակին վերադառնալը ճիշտ չի լինի: «Եթե արգելվում է, պետք է արգելվի բոլորին, եթե թույլատրվում է, ապա թույլատրվում է բոլորին: Տեսել ենք այդ կիսատ-պռատ լուծումները, որ դուռ են բացում կոռուպցիայի համար և իրական պատկերը չեն տալիս նրանց, ովքեր ուզում են գիտնական դառնալ, ուսումը շարունակել: Եվ փաստը ցույց է տալիս, որ նրանց 90%-ը գնացել են այդ ուղղությամբ միայն մի նպատակով` խուսափել ծառայությունից: Սա իրականություն է»,- շեշտեց նա:

Դիտարկմանը`  օրենքում լուսանցքներ մնում են, Ռուստամյանը պատասխանեց, որ դրանք էլ պետք է հստակեցնել, որ նորից չշրջանցնեն: Պատգամավորը չհերքեց, որ  առողջապահական ոլորտում սողանցք մնում է: «Մերոնք ունեն այդ հնարամտությունը ցանկացած օրենքում լուսանցքներ, սողանցքներ գտնել: Իհարկե, կան բնական պատճառներ` առողջական խնդիրներ, որ մարդը չի կարող գնալ ծառայության: Կան ավելի վատ փաստեր, որ մարդուն չեն տվել տարկետում առողջական պատճառով և նա բանակում այդ հիվանդության սրացման հետևանքով մահացել է: Այդ առումով պետք է մեծացնել վերահսկողությունը, իսկ այս հայեցակարգը նաև քաղաքացիական հասարակության վերահսկողության հնարավորություններն է մեծացնում, ավելի թափանցիկ է դարձնելու բանակաշինությունը, զինվորական ծառայության գործունեությունը: Այս գործիքներով պետք է վերահսկել, որ այդտեղ չարաշահումներ չլինեն, որ առողջ անձը չփորձի կոռուպցիոն կամ հովանավորչության միջոցով ազատվել բանակից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել