«Շանթ» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը և դերասանները կարճ ժամանակում սիրվեցին հեռուստադիտողի կողմից: Երիտասարդական սերիալի գլխավոր հերոսուհին Էլենն է, ում մարմնավորում է Իննա Խոջամիրյանը: Նախագծում նկարահանվում են Մարինկա Խաչատրյանը, Սիսիան Սեփանյանը, Էդգար Իգիթյանը, Դավիթ Աղաջանյանը, Մարիամ Ադամյանը, Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, Հովակ Գալոյանը և այլք: BlogNews.am-ը ներկա է եղել սերիալի նկարահանմանը, լուսանկարել և զրուցել է դերասանների հետ: Նախաբանի համար նշենք, որ դերասանները նկարահանումներից չեն ուշանում, ընդմիջումների ժամանակ երգում են, կատակներ անում, ոմանք էլ գիրք են կարդում:
Դերասան Դավիթ Աղաջանյանն իր մարմնավորած կերպարներին և առաջարկներին լուրջ է վերաբերվում, ամեն ինչ սկսվում է նրանից, երբ տվյալ նախագծի պրոդյուսերներն առաջարկ են անում, որից հետո քննարկվում և հղկվում է կերպարը. «Ինձ համար միշտ էլ հետաքրքիր է այնպիսի կերպարում խաղալ, որն, առհասարակ, քեզ նման չէ: Այդ ժամանակ փորձում ես ստեղծել քո պատկերացրած կերպարին և հաշվի ես առնում, որ քո հերոսը պետք է սիրվի: Եթե դրական կերպար է, սիրվելու հավանականությունն, իհարկե, ավելի մեծ է»:
Դավիթն, առհասարակ, բացասական կերպարներ չի մարմնավորում է. չնայած առաջարկներ եղել են, բայց մերժել է. «Մեր երկրում բացասական կերպարներին հեքիաթային հերոսի պես են մարմնավորում, և նրանք չունեն հստակ զարգացող գիծ, երբ կլինի բացասական կերպար, բայց արդարացված, այդ ժամանակ էլ կմարմնավորեմ: Ես երբեք չեմ մարմնավորում մի կերպարի, որը չեմ ուզում»:
Դերասանի խոսքով՝ սերիալի հիմնական մեխը մեծ սերունդի դերասաններն են, ովքեր իրենց դերասանական խաղով և իրենց պրոֆեսիոնալիզմով սերիալն ավելի հետաքրքիր են դարձնում. «Մենք նրանցից շատ բան ենք սովորում շփվելով, քաղելով և նայելով»:
Դավիթն իրեն բարձր վարձատրվող դերասան չի համարում, բայց ունի իր սկզբունքները. «Շատ վատ բնավորություն ունեմ, նկարահանման հրապարակում պահանջկոտ եմ և բռնկվող: Կարող եմ ամեն ինչից բռնկվել, ինչը ինձ, օրինակ, հաճելի չէ»:
Դերասանական խանդ չունի, չի նեղվում, երբ նրան երկրորդական կերպար են առաջարկում. «Ինձ համար կարևոր են իմ սկզբունքները, կերպարս և, իհարկե, աշխատավարձը: Անգամ եթե երկրորդական դեր է, կարևոր է, թե ինչպես կզարգանա գիծը, որովհետև սերիալը դուրս է գալիս, և արձագանքներից սցենարիստը որոշում է՝ ինչպես տանի գիծը»,- եզրափակեց դերասանը։
Անգլերենի ուսուցչուհու կերպարում ներկայացող Մերին նշում է, որ սա իր առաջին դերասանական փորձն է. մինչ այդ նա աշխատում էր որպես հաղորդավարուհի. «Իհարկե, բավականին պատասխանատու եմ մոտենում աշխատանքին, հատկապես որ կերպարս ինձ հետ կապ չունի. ամուսնացած կին է, ում ամուսինը հարբեցող է և ձեռք է բարձրացնում իր վրա: Այդ բոլորը էմոցիաներ են, որոնք պետք է զգաս, հասկանաս և, իհարկե, կարողանաս փոխանցել»:
Մինչ նկարահանումները Մերին զրուցել և խորհուրդներ է լսել թե՛ ռեժիսորից, թե՛ սցենարիստից, բայց, ինչպես պնդում է, իր վրա աշխատելու շատ տեղ ունի. «Պետք է, իհարկե, դեռ երկար աշխատեմ, աճեմ որպես դերասանուհի, զարգանամ: Իհարկե, յուրաքանչյուր սերիա նայում եմ, տեսնում իմ հիմնական սխաները, աշխատում եմ նայել կողքից, որ ավելի ճիշտ նկատեմ սխալներս: Կարծում եմ՝ մեծամտություն է, երբ ասում են՝ իմ խաղացածը չեմ նայում, քանի որ որպես դերասանուհի դու պետք է պարտադիր հետևես, որ կարողանաս ճիշտ աշխատել քո վրա»:
Առաջին դերի ընտրության հարցում երկար չի մտածել։ Սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ են եղել, բայց սա ընդունեց, քանի որ ֆիլմն ավելի թեթև է: Սերիալի համար Մերին ոճային և կերպարային փոփոխության է ենթարկվել. «Իմ կերպարի պահանջներից մեկն է միշտ բարձրակրունկ կոշիկների վրա լինել։ Չնայած ես առօրյայում բարձրակրունկ չեմ հագնում, բայց պետք է խոստովանեմ՝ սկսել եմ հագնել: Հագուստս էլ պետք է լինի ավելի խիստ, դասական, քանի որ պետք է տարիքով մեծ երևայի, գործնական տեսքով»:
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը Սառայի կերպարում է, ով, ի դեպ, առաջին անգամ մարմնավորում է բացասական կերպարի․ «Շատ էի ցանկանում ինձ փորձել բացասական կերպարում, բայց պետք էր այնպիսին, որ հետաքրքիր լիներ և մի քիչ էլ՝ հումորային: Արդյունքում կարողացանք այնպես անել, որ կերպարս ավելի թեթև լինի: Կերպարս գոռոզ է, ինքնահավան, բայց այս հատկությունների հետ չի կորցնում նաև իր խղճի զգացումը»:
Մարինկան իր կերպարի համար փոխել է վարսերի գույնը և ներկայանում է ավելի արտահայտիչ դիմահարդարմամբ: Դերասանուհին նշում է, որ բավականին հետաքրքիր և պարտավորեցնող է նույն նախագծում նկարահանվել Հովակ Գալոյանի, Դավիթ Հակոբյանի, Նելլի Խերանյանի հետ»:
Դերասանական խանդ չունի, մինչ այս խաղացել է գլխավոր կերպարներում, բայց այս սերիալում չի զգում, որ երկրորդական կերպարում է. ««Էլենի օրագրում» չկա գլխավոր կերպար՝ բացառությամբ Էլենի: Սցենարն այնպես է գրված, որ յուրաքանչյուր կերպար ունի իր պատմությունը և զարգացումը: Այսինքն՝ մեկը չկա, որ մղվել է առաջին պլան, իսկ մյուսը՝ երկրորդ: Իհարկե, սերիալն Էլենի մասին է, բայց մեր մեջ դերասանական խանդ չկա, և գուցե դա նրանից է գալիս, որ մենք բոլորս ընկերներ ենք: Պետք է անկեղծ ասեմ՝ ես չէի համաձայնվի, եթե ինձ առաջարկեին այդ կերպարը, քանի որ ուզում էի նորություն լիներ ինձ համար: Այս կերպարով դերասանական աճ եմ գրանցում»:
Մարինկայի խոսքով՝ բասացական կերպար մարմնավորելը հեշտ չէ, քանի որ կան միմիկաներ, որոնք պետք է ճիշտ անես, որպեսզի իրականությանն ավելի մոտ լինի: