Armsport.am-ը գրում է.

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նոյեմբերի 11-13-ը մասնակցել է ՄՕԿ-ի միջազգային մարզիկների համաժողովին:

Մի քանի օր Լոզանի օլիմպիական թանգարանում աշխարհի տարբեր երկրների 80 բարձրակարգ մարզիկներ բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը պատմել է համաժողովի գլխավոր թեմաների, իր նոր գաղափարների մասին.

«Համաժողովին մասնակցում էր ամբողջ աշխարհի սպորտային էլիտան: Հետաքրքիր է՝ 80 մարզիկ էինք, օլիմպիական խաղերի 95 մեդալակիր: Այսինքն, մի քանի կրկնակի կամ եռակի մեդալակիրներ կային: Օրակարգում հիմնական թեմաները մի քանիսն էին՝ հակադոպինգային պայքարը, մարզիկների իրավունքները, մարզիկների հետագա կյանքը՝ սպորտը թողնելուց հետո, և էլի տարբեր հարցեր:

Լուրջ քննարկումներ ենք ունեցել: Առաջին օրը ներկա էր նաև ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Սպորտից սահուն անցում դեպի աշխատանք

«Պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան ավարտելուց հետո ոչ բոլորն են կարողանում զբաղվել մարզչական աշխատաքով: Բացի այդ կանոն չէ, որ մարզիկն անպայման պետք է մարզիչ դառնա: Օրինակ, ես չեմ ցանկանում: Իսկ ի՞նչ պետք է անել սահուն կերպով աշխատանքային կյանքին ինտեգրվելու համար։

Ճապոնական սիստեմը շատ հետաքրքիր է: Մարզիկները ցանկացած բնագավառում կարող են աշխատել` նույնիսկ չունենալով հատուկ որակավորում: Գործատուն ժամանակ է տալիս պատրաստվելու՝ կլինի մեկ, թե երեք ամիս: Դրանից հետո մարզիկը կես դրույքով է աշխատում, սակայն վճարվում մեկ դրույքի համար:

Օրվա կեսից հետո ազատ են թողնում և նա հանգիստ կարողանում է զբաղվել իր սպորտով: Սա իդեալական տարբերակ է, քանի որ մարզիկը սպորտը թողնելուց հետո ունենում է մասնագիտություն, հետագայում կարողանում է աշխատել լրիվ դրույքով: Մարզիկները կարող են դիմել ADECA ծրագրին, որը պարտավորվում է քեզ աշխատանքի տեղավորել: Ծրագրին կարող են համակարգված մասնակցել միայն այն երկրները, որոնց ազգային օլիմպիական կոմիտեները համաձայնագիր ունեն:

Ես շահագրգռված եմ, որ մենք նույնպես կիրառենք այս համակարգը, սակայն համապատասխան պայմանագիր չունենք: Մեր դեպքում մեծ խնդիր է լեզուն, քանի որ շատ մարզիկներ անգլերենին չեն տիրապետում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել