«Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Միշան իր «Բումերանգ» երգով: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակները՝ Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը: Մրցույթից առաջ հայաստանյան պատվիրակությունը լրագրողների հետ հանդիպում է ունեցել և պատասխանել մի քանի հարցերի: Ասուլիսին ներկա էին Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Մինչ սկսելը Միշան մայրանալու կապակցությամբ ծաղիկներ նվիրեց Գոհար Գասպարյանին:

«Այս տարի մենք ավելի ոգևորված ենք, քանի որ կանոնների փոփոխություն է եղել, և յուրաքանչյուրս կարող ենք քվեարկել մեր մասնակցի օգտին»,- նշեց Գոհար Գասպարյանը:

Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո կկարողանա միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին: Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին՝ մրցույթի օրը:

Լիրա Քոչարյանը նշում է, որ մրցույթում բավականին մեծ թիմ է աշխատել՝ Առաջին ալիքի պրոֆեսիոնալ թիմը, որին միացել են նաև «Արցախի ձայների» մասնակիցները. «Մենք շատ ենք, և մեր պատվիրակության մեջ կլինեն նաև «Արցախի ձայնը» նախագծի մասնակիցները: Հայաստանի նախորդ տարիների ելույթներն իսկապես շատ լավն էին, և մասնակիցները հաճախ մոտեցրել են հաղթանակին, գուցե այս տարի հաղթանակի դուռը բացի Միշան»:   

Կազմակերպիչները որոշեցին մանրամասներ չհայտնել ելույթից, միայն նշեցին, որ Միշան բեմում միայնակ է լինելու. «Մենք չենք ուզում ավելորդ բաներ անել, միայն կասեմ՝ բեմում հեքիաթային մթնոլորտ է տիրելու»: Դե, իսկ Միշայի ցանկությունը մեկն է. «Ես ուզում եմ բարություն փոխանցել, որպեսզի Հայաստանը հաղթի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել