Եթե ​​ձեր աշխատանքը, որը դուք չեք սիրում, բայց տալիս է նյութական կայուն եկամուտ, ապա դժվար թե կարդայիք այս հոդվածը (ինչպես հայտնի է՝ պատահական  ոչինչ չի լինում) և փնտրեիք այն պատճառը, թե ինչու աշխատանքում չի ստացվում հասնել որոշակի հաջողության:  
Անհերքելի փաստ է՝ այն մարդը, ով չի սիրում իր աշխատանքը, վատ մասնագետ է դառնում, չի հաջողվում նրա կարիերան:
Շատ ենք լսել, որ խորհրդային տարիներին մարդիկ աշխատում էին, քանի որ դա անհրաժեշտ էր, բայց ոչ թե այն պատճառով, որ ուզում էին այդ գործով զբաղվել կամ սիրում էին իրենց մասնագիտությունը:
Ինչքան բժիշկներ, ինժեներներ, ուսուցիչներ, տնտեսագետներ և այլ մասնագետներ կային, ովքեր ուսում են ստացել՝ կարծելով, թե դա է իրենց կոչումը, բայց հետո հիասթափվել են մասնագիտության ընտրությունից: Իսկ այժմ ինչքան ենք հանդիպում միջակ իրավաբանների, մենեջերների, նկարիչների, դերասանների, հոգեբանների և ինչքան ենք բարձրաձայնում, որ չունենք որակյալ մասնագետներ:
Այդպես է, որովհետև ընտրած մասնագիտությունն է մեծ պահանջարկ վայելում, կամ պիտի ինչ-որ դիպլոմ ունենանք, քանի որ այդպես են ուզում հարազատները և այլն: Եթե անգամ աշխատանքը եկամտաբեր ու հարմարավետ լինի, որոշ ժամանակ հետո կձանձրանաք կամ կսկսեք վատ աշխատել:
Եթե ցանկանում եք հասնել մեծ հաջողությունների, չափսոսել աշխատանքին տրամադրած ժամանակի համար, ապա պետք է սիրեք այն, ինչով զբաղվում եք: Զարմանալի չէ, որ փողն այնտեղ է, որտեղ ձեր սիրած աշխատանքն է:
Երբ տատանվում եք՝ ընտրե՞լ տվյալ աշխատանքը, թե՞ ոչ, կա մի օգտակար միջոց՝ պարզելու, թե տվյալ աշխատանքը ձե՞րն է, կարո՞ղ եք հաջողության հասնել, թե՞ հարկավոր է ձեր ուժերը փորձել մեկ այլ բնագավառում: Փորձեք մի պահ աչքերը փակել և պատկերացնել, որ դուք աշխատում եք տվյալ գրասենյակում կամ ընկերությունում: Եթե դուք տվյալ աշխատանքը մտովի կատարելուց հաճելի զգացողություն ունեցաք, հետո ձեզ պատկերացրիք մասնագիտական աճ ապրելուց, ապա իրական կյանքում փորձեք գնալ այդ ճանապարհով: Իսկ եթե դուք միապաղաղություն և ձանձրույթ զգացիք, ձեզ չուրախացրեց անգամ այդ աշխատանքի հետ կապված դրական առաջընթացը, ուրեմն ձեր ճիշտ մասնագիտությունը կամ գործը փնտրելու ժամանակն է: 
Ամեն ինչ սկսվում է սիրով…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել