Դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով այս շրջանում նկարահանվում է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ, որ նկարահանում են վերջին սերիաները: BlogNews.am-ը զրուցեց դերասանուհու հետ՝ թեմայի մանրամասներին ծանոթանալու համար: Պարզվեց՝ ինֆորմացիան սխալ է. որոշ փոփոխություններ են եղել, և նկարահանման աշխատանքները դեռ շարունակվում են:

«Ճիշտն ասած՝ դեռ չգիտենք էլ՝ երբ ենք նկարահանելու վերջին սերիաները: Առավել մանրամասնել չեմ կարող. թեման մեր պրոդյուսերների իրավասության շրջանակում է»,- ասաց դերասանուհին:

Էմմայի խոսքով՝ առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ սցենարային առումով բեկումնային փուլում է հեռուստասերիալը: Փակագծերը բացել ու ասել, թե կոնկրետ ինչ է լինելու, իհարկե, չի կարող, բայց վստահեցնում է՝ լարված ու հետաքրքիր սերիաներ շատ են լինելու:

Շուտով կլրանա նախագծի մեկ տարին: Տևական ժամանակ է՝ Էմման «ապրում է» Արևիկի կերպարում ու ասում է, որ հերոսուհին իր մի մասն է դարձել: Չնայած դրան՝ նմանություններ գրեթե չկան իր և Արևիկի կերպարի միջև. «Նրան ամեն ինչ ավելի դժվարությամբ է տրվում, իսկ իմ դեպքում այդպես չէ: Ուզում եմ նշել, որ շատ լավ խմբում ենք աշխատում: Ունեմ շատ լավ խաղընկերներ, որոնց հետ աշխատելը մեծ հաճույք է: Արդեն մեկ ընտանիքի պես ենք, ու կարծում եմ՝ մեր համախմբված թիմն ու անձնվեր աշխատանքն իրենց արդյունքները տալիս են: Արդեն 220-րդ սերիային ենք հասնում, բայց հետաքրքրությունը նախագծի հանդեպ չի կորչում, եթե չասեմ, որ ավելանում է»,- նկատեց դերասանուհին:

Ինչպես գիտեք, «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում նկարահանվում է նաև Էմմայի ամուսինը՝ դերասան Վիլեն Սարգսյանը: Չնայած դրան՝ նրանց կերպարները միմյանց չեն առնչվում, միասին գրեթե չեն աշխատում. «Ես, կարելի է ասել, չեմ զգացել, որ ամուսինս ներկա է նկարահանման հրապարակում, որովհետև շատ քիչ դեպքերում ու փոքր տեսարաններում ենք իրար հետ եղել: Մեր հիմնական գծերն առանձին են»,- նշեց դերասանուհին:

Սերիալում նկարահանվելուն զուգահեռ՝ Էմմա Մանուկյանը խաղում է նաև Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Ասում է՝ համատեղելն այնքան էլ հեշտ չէ, բայց իր գործընկերների շնորհիվ դա հնարավոր է դառնում. «Ժամային առումով փորձում ենք այնպես անել, որ ո՛չ թատրոնը, ո՛չ էլ հեռուստանախագիծը չտուժեն: Իհարկե, դրանք երկու լրիվ տարբեր աշխարհներ են թե՛ դերասանական աշխատանքի և թե՛ առօրյայի տեսանկյունից: Գիտեք, սերիալային ռեժիմը շատ դաժան է, ժամանակատար, շատ էմոցիաներ ու արագություն պահանջող, իսկ թատրոնում ավելի հանգիստ ենք աշխատում, ավելի կանոնակարգված: Բայց դերասանի համար օգտավետ է այն փաստը, որ հետո այդ արագությունը բերում ենք թատրոն, այսինքն՝ կերպարին արագ ընտելանալը, բարդ տեսարաններին շատ արագ պատրաստվելը և այդ տեսարաններում ճիշտ աշխատելը: Համենայն դեպս, ինձ մոտ այդպես է, ես այդ փոփոխությունն ինձ վրա զգում եմ»:

Էմմայի խոսքով՝ աշխատանքային նոր առաջարկներ դեռ չկան, քանի որ ներկայիս նախագծի հետ պայմանագրեր ունեն կնքած ու դեռ չգիտեն էլ՝ նկարահանումները որքան կտևեն: Առայժմ կենտրոնացած է հեռուստասերիալում իր աշխատանքի վրա:

Նյութը՝ Աստղիկ Իսկանդարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել