Դերասան Սարգիս Գրիգորյանը վաղուց է՝ սերիալներում չի նկարահանվում: Նոր առաջարկներ էլ չունի, և ասում է՝ ցանկություն էլ չկա առաջիկայում նման նախագծերի մասնակցելու: Նրա խոսքով՝ հոգնել է սերիալներից և ցանկանում է ֆիլմարտադրությամբ զբաղվել: Այս մասին Սարգիսն առաջինը հայտնեց BlogNews.am-ին:
«Մի փոքր շտապեմ և ասեմ, որ ցանկանում եմ գեղարվեստական ֆիլմեր նկարահանել: Ի դեպ՝ առաջին ֆիլմը պատրաստ կլինի եկող տարվա մեջ, այսինքն՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Այս պահին սցենարը գրելու, երաժշտական մշակման և ստեղծագործական փուլում ենք: Այսուհետ հավանաբար քիչ-քիչ կմտնեմ այդ դաշտ ու արդեն կսկսեմ զբաղվել իմ ֆիլմերով, որոնք ինձ մի փոքր գեղագիտական հաճույք կպատճառեն: Ես կզբաղվեմ այդ ֆիլմերի հովանավորությամբ, կփորձեմ ֆինանսական միջոցներ գտնել, դերասանական կազմն ընտրել, ինչպես նաև ինքս կնկարահանվեմ, ընդ որում՝ պարտադիր չէ գլխավոր դերում»,- ընդգծեց դերասանը:
Սարգիսը դեռ չի ցանկանում մանրամասներ պատմել նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքներից, բայց վստահեցնում է՝ շատ հետաքրքիր է ստացվելու, նոր խոսք, նոր ձևաչափ, և այդ ամենը՝ գեղեցիկ նկարված:
Հետաքրքրվեցինք, թե ինչու է հոգնել սերիալներում նկարահանվելուց, Սարգիսն էլ նկատեց՝ ոչ ոք այնքան շատ չի մասնակցել նման նախագծերի, որքան ինքը, այն էլ՝ գլխավոր դերում: Չնայած սրան՝ պատրաստ է նկարահանվել, եթե լինի նոր, տարբերվող ու հետաքրքիր առաջարկ. «Ես ոչ ոքի չեմ ուզում փնովել, քննադատել, պարզապես ինքս եմ հոգնել այդ ամենից ու վերջ չունեցող բամբասանքներից: Գիտեք, սերիալներում նկարահանվելը հիմնականում փողի աղբյուր է, բայց գալիս է մի տարիք, երբ ցանկանում ես որևէ մնայուն բան ստեղծել: Ես արդեն 40 տարեկան եմ համարյա, և իմ երեխաները պետք է ասեն, որ իրենց պապան դերասան է, բայց ես նրանց շատ քիչ բան ունեմ ցույց տալու: Դա վատ է»,- ասաց նա:
Ի դեպ՝ Սարգիս Գրիգորյանն ակտիվորեն զբաղվում է նաև իր աղջիկների՝ Յանայի ու Էվայի, ինստագրամյան էջերով: Այնտեղ հրապարակվում են տեսանյութեր և լուսանկարներ հիմնականում ընտանեկան ու դպրոցական առօրյայից: Դերասանն ասում է՝ Յանան իր երեք աղջիկների մեջ այն մարդն է, ով կարող է շարունակել իր գործը, որովհետև դրա բոլոր նախադրյալներն ունի, հենց այդ նպատակով էլ օգնում է նրան այդ հարցում. «Կոպիտ ասած՝ ես իմ երեխայի պրոդյուսերն եմ: Ուզում եմ նրան գրագետ ճանապարհի վրա դնել, ու քանի որ փոքրուց ավելի հեշտ է, ես դրանով զբաղվում եմ: Իսկ Էվայի էջով էլ զբաղվում եմ, որպեսզի չնեղանա քույրիկից :) Եթե նկատել եք, ես նրանց տարիքին ոչ համապատասխան քայլ երբեք չեմ անում: Այն, ինչ տեսնում եք, այդ տարիքի երեխայի լոգիկայում է: Նախապատրաստում եմ նրան այս դաժան կյանքին. ինձ շատ դժվար է տրվել ամեն ինչ, թող նրան հեշտ տրվի»:
Նշենք, որ Սարգիս Գրիգորյանի նոր ֆիլմում նկարահանվելու է նաև Յանան, ու նրա խոսքով՝ շատ հետաքրքիր կերպար է ստացվելու: BlogNews.am-ն առաջիկայում իր ընթերցողներին կպատմի ֆիլմի մանրամասների մասին:
Նյութը՝ Աստղիկ Իսկանդարյանի