«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանի ընտանիքում նորից մանկան ճիչ ու խինդ է: Վերջերս լույս աշխարհ եկան գեղեցկուհու երկվորյակ բալիկները՝ Արգիշտին ու Սոֆենան: Ընտանեկան կյանքի, փոքրիկների խնամքի, մանկական խանդի, դայակ ունենալու և շատ այլ հարցերի շուրջ գեղեցկուհին զրուցել է BlogNews.am-ի հետ:

Հայ իրականության մեջ դժվար է միանգամից 5 երեխայի մայր լինելը։ Մի փոքր անքնություն, դժվարություններ, բայց Գոհարի խոսքով՝ ինքը գիտակցում է բազմազավակ մայր լինելու ողջ պատասխանատվությունը. «Միշտ ասել եմ, որ շատ երեխաներ եմ ունենալու  և ոչ թե գլուխ եմ գովել, այլ փորձել եմ քարոզել, որ հայ ընտանիքներում շատ երեխաներ ունենան: Կրկին մայրանալով՝ իրականացրել եմ ամուսնուս՝ բազմանդամ ընտանիք ունենալու նվիրական երազանքը։ Ի սկզբանե եղել է նպատակ, ու շատ երջանիկ եմ, որ կարողացա այն իրագործել: Կան դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել, որովհետև նոր կյանք ես ստեղծում, որը նաև բնության չնաշխարհիկ երևույթն է: Ամենակարևորն այն է, որ բալիկներս առողջ են ծնվել, շնորհակալ եմ Աստծուն»:

10950667_1025551240805780_8512917107660231406_n

Չնայած նրան, որ Սոֆենան ու Արգիշտին անհանգիստ երեխաներ են, փոքրիկների խնամքով Գոհարն անձամբ է զբաղվում. «Օրը երկու անգամ 1 ժամով ման ենք գալիս: Քանի արև կա, փորձում ենք որսալ վիտամին D: Ինձ հիմնականում ամուսինս է օգնում: Եթե անգամ տանը մեկ նորածին երեխա կա, միևնույն է, կինը չի հասցնում շատ հաճախ։ Իմ պարագայում երկուսն են ու գումարած դրան էլ՝ 3 երեխաներս են գալիս դպրոցից ու մանկապարտեզից կեսօրից հետո: Բնականաբար, մենակ չէի հասցնի, դայակ ունենք, բայց, միևնույն է, ամբողջ ծանրաբեռնվածությունը ինձ վրա է մնում: Առայժմ ունենք մեկ դայակ, բայց կարծում եմ՝ քիչ է, երեխաները մի քիչ մեծանան, նաև երկրորդ դայակի օգնության կարիքը կլինի»:

Հարցին՝ արդյո՞ք երեխաների մոտ խանդ չկա, երբ ամբողջ ուշադրությունն ու հոգատարությունն այս ընթացքում ուղղված է փոքրիկների կողմը, Գոհարը պատասխանեց. «Ոչ մեկին չեմ անտեսում, փորձում եմ բոլորին էլ բավարար ժամանակ տրամադրել: Իմ երեխաները շատ ուրախացան, որ իմացան երեխա ենք ունենալու: Իսկ երբ իմացան, որ զույգ են, հետաքրքիր կերպով արձագանքեցին: Տղաս եղբայր էր ուզում, աղջիկներս՝ քույր, ու ստացվեց այնպես, որ բոլորն էլ բավարարված մնացին»:

ecdc5e36a43c1c1ecd4fab8e1af3af53

20994070_1799597280067835_9179066107645550031_n

Գոհարը աղջիկներին ևս փորձում է ներգրավվել փոքրիկների խնամքի մեջ ու անկախ ծանրաբեռնվածությունից՝ նրանց համար անձամբ պատրաստում. «Միասին ենք կերակրում փոքրիկներին, փոխում շորերը: Տանն, իհարկե, ամեն ինչ կատարյալ չէ, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որ կատարելությանը շատ մոտ լինի»:

Հայկական ինքնատիպ անուններ նախընտրող Գոհարն այս անգամ էլ բացառություն չի արել ու երեխաների համար յուրօրինակ անուններ է ընտրել. «Շատ տարբերակներ ենք քննարկել անունների առումով ու վերջում եկել այն եզրահանգման, որ ավելի լավ է հայկական անուններ, քան արտասահմանյան, թեկուզ և դրանք քիչ գործածական են: Տղայիս սկզբում ուրիշ անուն էինք ուզում տալ, բայց նա այնքան Արգիշտի ծնվեց, որ ուրիշ անվան շուրջ էլ չմտածեցինք։ Սևուկ ու հետաքրքիր դիմագծեր, հայկական արտաքին. Արգիշտին ընդհանրապես նման չէր իմ մյուս երեխաներին: Իսկ աղջիկս բաց գույների մեջ է, շատ նուրբ, փոքրիկ քթով: Մինչև անուններ ունենալը նրանց սև ու սպիտակ էի ասում»:

21032357_1799592676734962_7879196781201347364_n

Գոհարի խոսքով՝ պատրաստվում է 5 երեխայով սահմանափակվել. «Երեխաներիս մեջ տարիքային տարբերությունը քիչ է, բոլորն էլ փոքր են ու ուշադրության կարիք ունեն: Կյանքն առավել քաոսային չդարձնելու համար կսահմանափակվեմ 5-ով»:

Գոհարը չի շտապում նաև փոքրիկների մկրտության հարցում: Նրա կարծիքով՝ երեխաները դեռ պետք է մեծանան, որպեսզի մկրտության խորհուրդը կարողանան ըմբռնել:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել