«Բոլոր դիետաների հիմնական խնդիրն այն է, որ անօգուտ են»,- պնդում է հոգեբան Թրեյսի Մանը։ Այդ իսկ պատճառով էլ նա խորհուրդ է տալիս հրաժարվել անբնական սահմանափակումներից և խորհրդածել սննդի հետ կապված ապրելակերպի և սովորությունների մասին։

Սկսեք բանջարեղենից

Վերցրեք մեկ ափսե աղցան կամ խորոված բանջարեղեն, միայն այն, ինչ սիրում եք։ Ափսեն պետք է լցված լինի միայն ու միայն բանջարեղենով՝ զերծ այլ տեսակի ուտելիքներից։ Հիշեք՝ եթե սեղանին դնեք նաև հացի ամանը՝ լի ախորժելի հացով, ապա կպարտվեք։ «Մենակ մնացեք բանջարեղենի հետ»,- ասում է Թրեյսի Մանը։

Օգտակար սնունդը դարձրեք նկատելի

Տեղավորեք այն սառնարանի ամենատեսանելի և հարմար դարակում, այնպես, որ քաղցած ժամանակ ձեռքը մեկնեք հենց նրան։ Հաշվի առեք, որ սովորաբար, երբ քաղցած ենք լինում, ակամա ընտրում ենք ոչ միայն ամենահասանելի, այլև «ամենահարմար» ուտելիքները, այդ պատճառով էլ համոզվեք, որ ձեր ընտրած օգտակար այլընտրանքները կարիք չունեն եփելու, անգամ կտրատելու։ Նախօրոք կտրտեք բրոկոլին, կանաչ լոբին կամ գազարը և դրանց համար սոուս պատրաստեք։ Եթե շոկոլադի կարիք զգաք, խաղող կերեք։

Վնասակար սնունդն աննկատ դարձրեք

Եթե չեք կարողանում ամբողջովին հրաժարվել վնասակար սնունդից, ապա այն պահեք ոչ թափանցիկ տարայում։

Դժվարացրեք սնունդն ավելացնելու ընթացքը

Տարայից փոքր քանակությամբ սնունդ վերցրեք և լցրեք ափսեի մեջ, այնուհետև փակեք տարան ու դրեք սառնարանի մեջ։ Եթե ցանկանաք ավելացնել, ապա ստիպված կլինեք կրկնել այդ ամենը։ Այդպիսով ժամանակ կունենաք ինքներդ ձեզ հարցնելու՝ այդ աստիճան քաղցա՞ծ եմ։ Անգամ ամենափոքր խոչընդոտը, որը բաժանում է մեզ ուտելիքից այն պահին, երբ այլևս քաղցած չենք, օգնում է խուսափել գայթակղությունից։ Եթե ռեստորանում ձեր սեղանը հեռու է աղցանների սեղանից, ապա հավանականությունը մեծ է, որ չեք գնա և ուտելիք չեք ավելացնի։ Օգնում է նաև փոքր ափսեն։ Տպավորություն է ստեղծվում, թե շատ ենք կերել և հագեցած ենք։ Այս հնարքը գործում է, եթե անգամ հրաշալի գիտակցում ենք մեր հապաղելու պատճառը։

Առողջարար սննդին այլ անուն տվեք

Այդպիսով չեք կարծի, թե առողջարար սնունդը պատիժ է։ Սկսեք մտածել, որ ամեն ուտելը հաճույք է, թե որքան կթարմանաք շոգին, եթե մրգային աղցան ուտեք, որքան համեղ են աշնան խնձորները և այլն։

Իրատեսորեն վերաբերվեք գայթակղությանը

Եթե գիտեք, որ հայտնվելու եք մի վայրում, որտեղ համեղ, հնարավոր է նաև վնասակար ուտելիքներ են լինելու, մտածեք, թե ինչպես եք վարվելու, բայց այն թող չլինի բնական ցանկությունները ճնշելու ուղով։ Առաջարկված ուտելիքներից խստիվ հրաժարվելու փոխարեն ինքներդ ձեզ խոստացեք, որ փորձելու եք ամեն ինչից, բայց քիչ։ Եթե արգելք դնեք, կսկսեք դիմակայել այդ արգելքին՝ հակառակն անելով։

Ընդունեք ձեր թույլ կողմերը

Ընդունեք ձեր թույլ կողմերը և դրանք շրջանցելու ուղիներ գտեք։ Մի անցեք փռի կողքով, որտեղից կարող եք գնել ձեր սիրած հրուշակեղենը։ Սա վերաբերում է հատկապես այն օրերին, երբ այնքան էլ տրամադրություն չունեք և հեշտությամբ կհամաձայնեք երես տալ ձեզ քաղցրեղենով։ Խանութում դրամարկղի մոտից շոկոլադ վերցնելու սովորությո՞ւն ունեք։ Այդ պահին շեղեք ձեր ուշադրությունը, մտածեք մեկ այլ բանի մասին կամ հեռախոսի հաղորդագրություններն ստուգեք։

Ուտելիս ուշադրությունը սևեռեք միայն ուտելու վրա

Մի կերեք հեռուստացույց դիտելիս կամ համակարգչով աշխատելիս, թերթ մի կարդացեք այդ ընթացքում, մի կողմ դրեք հեռախոսը։ Կենտրոնացեք սննդի վրա՝ համային նրբերանգների, բույրի, գույնի։ Այդ կերպ ոչ միայն կվայելեք սնունդն ու ավելի մեծ հաճույք կստանաք, այլև կխուսափեք շատակերությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել