Ի՞նչ են հուշում մեզ մեր քնելու դիրքերը, ինչպիսի ազդեցություն են դրանք ունենում մեր առողջության վրա: Փորձենք պարզել միասին:

Մեջքի վրա պառկած դիրք։ Կարծես, սա լավագույնն է քնելու դիրքերից: Այսպես գլուխը, պարանոցը և ողնաշարը գտնվում են բնական դիրքում, ինչը թույլ է տալիս խուսափել տվյալ հատվածների ցավերից: Եթե գլուխը բարձր է, և ստամոքսն ավելի ներքև է, նշանակում է, որ ստամոքսահյութը չի հոսի կերակրափող և սա կօգնի ազատվել այրոցի զգացողություններից: Բացի այդ՝ մեջքի վրա պառկած դիրքն օգնում է կանխել կնճիռների առաջացումը, քանի որ ոչինչ չի դիպչում և ճնշում դեմքը: Կարելի է ասել՝ միակ բացասական բանն այն է, որ այս դիրքում խռմփոցն ավելի ծանր ու հաճախական է դառնում:

Կողքի պառկած դիրքը (ոտքերն ուղիղ) նույնպես բավականին բարենպաստ է ողնաշարի և պարանոցի ցավերից խուսափելու համար: Սակայն այս դեպքում, քանի որ բարձը ճնշում է դեմքի մաշկը, ավելի հավանական է դառնում կնճիռների առաջացումը: Հղի կանանց դեպքում նախընտրելի է պառկել ձախ կողքի վրա: Դա ապահովում է բարենպաստ արյան շրջանառություն:

Այսպես կոչված սաղմի դիրքը (պառկած կողքի, ոտքերը ծալված) լավ է հղիության դեպքում, իսկ, առհասարակ, այն լավագույն տարբերակը չէ: Հատկապես եթե կան ողնաշարի խնդիրներ, հնարավոր է՝ այս դիրքն առաջացնի ցավեր: Բացի այդ՝ կլորացած, ծալված դիրքը սահմանափակում է ազատ շնչառությունը:

Որովայնի վրա պառկած դիրքը ամենաքիչ նախընտրելին է: Թեև այս դեպքում խռմփոցը նվազում է, այնուամենայնիվ, այսպես չի պահպանվում ողնաշարի բնական դիրքը, ինչի պատճառով ճնշում է գործադրվում մկանների և հոդերի վրա: Սա հնարավոր է՝ գրգռի նյարդերը և հանգեցնի ցավի, թմրածության, ծակծկոցի զգացողության առաջացման: Պարանոցն էլ մի քանի ժամ շարունակ գտնվում է մի կողմ թեքված և բարձին սեղմված վիճակում, ինչը կրկին հնարավոր է՝ ցավեր առաջացնի:

Ի վերջո, եթե չկան անհանգստացնող նշաններ, չկան քնի խանգարումներ, ապա դիրքերն անբարենպաստ ազդեցություն չեն ունենա, քանի որ գիշերվա ընթացքում մարդը մի քանի անգամ փոխում է դիրքը: Պառկեք ձեզ հարմար դիրքով, քնեք առնվազն 7-8 ժամ. եղեք առողջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել