«Դեպի Եվրատեսիլ» նախագծի թիմն օրեր առաջ հարցում էր անցկացրել ֆեյսբուքյան հարթակում՝ օգտատերերին առաջարկելով մեկնաբանություններում նշել այն արտիստի անունը, որին ցանկանում են տեսնել «Եվրատեսիլ 2018»-ին որպես Հայաստանի պատվիրակ։ Այսօր արդեն ամփոփվել են հարցման արդյունքները, և պարզ են դարձել այն արտիստների անունները, որոնք ամենից հաճախ էին կրկնվում մեկնաբանություններում, և ովքեր անհատապես դեռ չեն մասնակցել «Եվրատեսիլ»-ին։ Այսպիսով, այդ արտիստներն են Սևակ Խանաղյանը, Սոնա Ռուբենյանը, Շպռոտը, Լիլիթ Հովհաննիսյանը, Հասմիկ Շիրոյանը, Ալեքսանդր Պլատոն, Արտեմ Վալտերը, Թամար Կապրելյանը և Շուշան Պետրոսյանը։
Թեմայի շուրջ BlogNews.am-ը զրուցել է երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ, ով, սակայն, նշեց՝ նախագծին մասնակցելու հայտ չի ներկայացնելու։ Ասում է՝ ով էլ ընտրվի և ով էլ ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին, մեծ հաջողություն կմաղթի նրան և էկրանից այս կողմ մատները խաչած կհետևի նրա ելույթին։ Հարցին՝ այսինքն նախագծին մասնակցելու ցանկություն չունի՞, Սոնան ասաց, որ ոչ։ Իր այս որոշումը, սակայն, մեկնաբանել չի ցանկանում։ Չնայած սրան՝ երգչուհին կարծում է՝ «Եվրատեսիլ»-ը շատ լավ նախագիծ է, մրցույթ, որը մեր երկրի անունը մեծ բեմից ևս մեկ անգամ հնչեցնելու հարթակ է հանդիսանում։
Սոնայի հետ զրուցեցինք նաև նրա առաջիկա պլանների ու նախագծերի մասին։ Երգչուհին ասաց, որ նոր տեսահոլովակ դեռ չի պլանավորում, բայց դեկտեմբերի 3-ին Սևակ Ամրոյանի հետ համերգ է ունենալու Կանադայի Մոնրեալ քաղաքում. «Համերգը կազմակերպել է տեղի հայ համայնքը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Նրանք որոշել են, որ ես ու Սևակը կարող ենք դուետային համերգ ունենալ միասին։ Մենք, իհարկե, սիրով համաձայնել ենք։ Կլինեն նաև այլ համերգներ, նոր ծրագրեր, բայց դեռ չեմ ուզում փակագծերը բացել»,- ասաց նա։
Վերջերս Սոնա Ռուբենյանը համերգով հանդես եկավ նաև Լոնդոնի հայկական եկեղեցում։ Համերգը նվիրված էր Հայաստանի անկախության 26-ամյակին։ Սոնայի խոսքով՝ համերգով հանդես գալու առաջարկը եղել է The Beautified Project խմբի անդամ Անդրե Սիմոնյանի կողմից, ով երկար տարիներ բնակվել է Լոնդոնում. «Անդրեն իմ ավագ ընկերն է, շատ եմ սիրում նրան թե՛ որպես մարդ, թե՛ որպես երաժիշտ։ Համերգին մի քանի դուետով ներկայացա նաև նրա հետ։ Ի դեպ, ես՝ որպես երգիչ, շատ մեծ ցանկություն ունեի համերգ ունենալ եկեղեցում ու շատ շնորհակալ եմ Լոնդոնի հայ համայնքին, Լոնդոնի հայկական առաքելական եկեղեցուն, որ այդպիսի հնարավորություն ընձեռեցին։ Տպավորություններս ուղղակի հրաշալի են, էմոցիաներս անասելի շատ էին ու հագեցած։ Ինքս ուղղակի վայելել եմ համերգն ամբողջ ընթացքում»,- անկեղծացավ երգչուհին։
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։
Նյութը՝ Աստղիկ Իսկանդարյանի