Երբ շատ ժամանակ խոսում ենք այն մասին, որ Հայաստանն իսկապես «և-և» քաղաքականությունը համարում է իրատեսական ու հետևողականորեն փորձում դա իրականացնել, շատերը փորձում են կասկածի տակ դնել՝ հայտարարելով, որ հնարավոր չէ դա իրականացնել։

Հիմա եթե նոյեմբերի 25-ին ստորագրվում է Եվրոպայի միության հետ շրջանակային բանաձևը, ի՞նչ է ստացվում։ Արդյոք հենց նույն «և-և»-ը չի գործում։ Ասոցացում չէ, մենք միանգամից Եվրոպա չենք դառնում, դա նույնիսկ անհնար է, սակայն մի՞թե դա չի նշանակում աշխարհաքաղաքական երկու բևեռի հետ համագործակցություն՝ չմերժելով և՛ մեկին, և՛ մյուսին։ Սա կարելի է համարել որպես Հայաստանի այցեքարտ քաղաքականության մեջ։ Հայաստանն Իսրայել դառնալ չի կարող, որովհետև չունի այնպիսի հզոր դաշնակից, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Հայաստանը չի պատերազմում իր բոլոր հարևանների հետ, ինչը նույնպես պակաս կարևոր չէ։ Հետևաբար այս համեմատություններն Իսրայելի հետ այնքան էլ տեղին չեն ոչ միայն արտաքին, այլև ներքին դիսցիպլինայի ու կառուցվածքաբանության առումով։ Նախ՝ ինչքան էլ ցավալի լինի, մենք այս պահին չունենք մեկ միասնական օրակարգ, ինչպես նրանք, իսկ քանի չունենք, չենք կարող առանց մանևրելու ու գերտերությունների հետ խաղալու յոլա գնալ։ Երբ կհասկանանք, կձևավորենք այն միջավայրը, որտեղ քաղաքացին կլինի պետության առանցքը, այլ ոչ թե անգիտակից զանգվածը, երբ կգիտակցենք մեր իրավունքները, այն ժամանակ էլ ուժերս գուցե պատի խաղալ նրա հետ, ում հետ որ ցանկանում ենք։ Իսկ այժմ մենք ավելի շատ հարմարվող ենք, ու ցավոք, պետք է ընդունել այս փաստը՝ անկախ նրանից՝ դուր է գալիս դա մեզ, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել