Life.tert.am-ը գրում է.

Երբ Գարիկ Պապոյանը նվագում է, իսկ Սոնա Ռուբենյանը երգում «դրախտի ալվան ծաղիկ է իմ փերին» կամ «շիրիմիս գաս մտամոլոր», առաջինը ժպիտ է առաջանում, հետո հասկանում ես, որ երաժշտությունը քեզ այլ տեղ է տարել։

«Գարիկ–Սոնա» նախագիծը սկսվեց 1 տարի առաջ`ռաբիս երգերի գործիքավորման փոփոխությունից։ Առաջին հայացքից հումորային նախագիծը մեծ արձագանք ստացավ։ Գարիկն ու Սոնան սկսեցին անընդհատ նոր cover–ներ ներկայացնել, ռաբիս երգերին միացան ժողովրդական ստեղծագործությունները։ Հիմա նրանք ունեն նաև իրենց երգը` Էդգար Էլբակյանի հեղինակած «Լուսին» ստեղծագործությունը։

«Կամի» ակումբում երեկ կայացավ Գարիկի ու Սոնայի համերգը, որն անցավ ջերմ մթնոլորտում։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հիշարժան պահերը:

«Դեռևս Արամ MP3–ի հետ այս նախագիծը սկսել էինք ռաբիս երգերը փոխելուց։ Երբ սկսեցինք համագործակցել Սոնայի հետ, իր երգելաոճը, ձայնը, տեսակը տարավ դեպի ժողովրդական։ Եթե համագործակցությունը Սոնայի հետ չլիներ, այստեղ չէինք հասնի։ Երգիչը թելադրում է իր տեսակը։ Սոնայի ոճի, կարողությունների թելադրանքով հասկացանք, որ այլ գործիքավորմամբ ժողովրդական երգերը մատուցելը կարող է լինել այն, ինչի կարիքը հիմա կա։ Մեզ հիմա ավելի հարազատ են ժողովրդական երգի հարմոնիաները։ Այդ ամենի մեջ խորություն կա»,– ասաց Գարիկը։

Երաժիշտ հումորիստի խոսքը զարմացրեց Սոնային։ Պարզվում է` ժամանակին Գարիկն այլ կարծիք ուներ այս մասին։ «Սկզբում Գարիկն ասում էր` ժողովրդական մի երգիր, էլի, պարզ երգի։ Հետո ասում էր` ժողովրդական երգիր»,– ծիծաղելով պատմեց երգչուհին, Գարիկն էլ պարզաբանեց. «Ես փոխվել եմ։) Ի դեպ, վերջերս իմացա, որ աշուղի ծոռնիկ եմ»։

Սոնայից հետաքրքրվեցինք, թե ինչ է զգում, երբ երգում է «շիրիմիս գաս մտամոլոր»։) «Սկզբում ամեն անգամ ծիծաղում էի, երբ գալիս էր «շիրիմիս գաս» հատվածը, հետո հարմարվեցի։ Ես ընկղմվում եմ երգի մեղեդու մեջ։ Իրականում, այս երգերը տրանսֆորմացիայի են ենթարկվել և դարձել լավը Գարիկի մոտեցման, տանջանքի, գործիքավորումների շնորհիվ»,– ասաց նա, Գարիկն էլ հավելեց. «Սոնան սկսել է զգալ այն բառերը, որ երգում է։ Կարողանում է դիմացինին համոզել, որ ճիշտը շիրիմն է։) Իրականում, մի բան ենք հասկացել, եթե երաժշտության մեջ լրջություն է լինում, ամենատափակ բառերն էլ իմաստ են ստանում։ Իմաստով բառերն էլ կարող են կորցնել այն, եթե մատուցես էժանագին երաժշտությամբ։ Լավ երաժշտության ներքո ամեն բառ իմաստ է ստանում»։

Համերգի ժամանակ Գարիկն ու Սոնան պրեմիերա ունեցան` ժողովրդական «Բինգյոլը» ներկայացնելով իրենց պատկերացմամբ։ «Գարիկի մշակմամբ այն դարձել է ժողովրդական–ժամանակակից, սակայն ժողովրդական երգի հիմնային ոչ մի գիծ չի կորել։ Աշխատում ենք երգերը պահել այնպիսին, ինչպիսին կան. հիմքը թողնելով նույնը` փորձում ենք մատուցել այնպես, որ երիտասարդներին էլ լսելի լինի»,– նկատեց Սոնան։

Ակումբային համերգից Գարիկն ու Սոնան մեծ էներգետիկա ստացան։ Հանդիսատեսը ջերմ էր։ «Մեր վերջին համերգներն այնպես են անցնում, որ ուղղակի չենք կարող  համարել աշխատանք։ Ես վայելում եմ այդ րոպեները բեմում։ Իհարկե, բացօթյա համերգների ժամանակ էներգետիկան ավելի շատ է, սակայն այստեղ էլ այսօր համոզվեցինք, որ շատ ջերմ մթնոլորտ էր»,– նշեց երգչուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել