Tert.am-ը գրում է

Հայաստանը պետք է աշխատանք տանի, եթե ցանկանում է օգտվել Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթգծից: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Ըստ նրա՝ պետք չէ սպասել, որ որևէ մեկը կօգնի մեզ այդ հարցում: Զոլյանն ասաց, որ եթե Հայաստանն ավարտին հասցնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքները, որի բացմամբ այդքան շահագրգռված է Վրաստանը, գուցե Վրաստանն էլ օգնի Հայաստանին Թբիլիսի-Կարս-Բաքու երկաթգծից օգտվել: Քաղաքագետը շեշտեց, որ Թուրքիան, Ադրբեջանը չպետք է անտեսեն Հայաստանին, որպեսզի Հայաստանը չդիմի ինչ-ինչ գործողությունների: 

- Պաշտոնապես բացվել է Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթգիծը: Շատ են տեսակետներն այն մասին, որ Հայաստանն այսպիսով ավելի մեծ շրջափակման մեջ է հայտնվում: Ամեն դեպքում Հայաստանն, ըստ Ձեզ, կարո՞ղ է օգտվել դրանից:

- Հայաստանը պետք է ինքը նախաձեռնի: Սպասել, որ մեկը կգա ու կօգնի Հայաստանին՝ օգտվել այս երկաթգծից, սխալ է: 90-ականների վերջերին մի առաջարկություն եղավ, գաղափար, որ Հայաստանի բիզնեսմենները 50 միլիոնի շրջանակներում գնեին մի լաստանավ, որ կարողանային բեռնափոխադրումներ իրականացնել Վրաստանով՝ Սև ծովով, դեպի Ռուսաստան: Կար մեկ ուրիշ առաջարկ էլ, որ Փոթիից Երևան կառուցվի նավթամուղ: Կար ժամանակ, երբ Վրաստանի իշխանությունները պատրաստ էին բավական էժան գնով հրաժարվել Փոթիի նավահանգստի մի մասից: «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման վրա 1 միլիարդ դոլարի ծախս են արել, բայց վերջը չի երևում, մշուշոտ է՝ չգիտենք, թե երբ կշահագործվի, խղճուկ վիճակում է այն: Հայաստանի փոխարեն որևէ մեկը չի գալու մի բան ստեղծի, որ մենք էլ դրանից օգտվենք:

- Վրաստանի իշխանությունները կարո՞ղ են միջամտել, որ Հայաստանն էլ շահագործի այս երկաթգիծը:

- Եթե Վրաստանը շահագրգռված լինի, գուցե նման քայլի գնա, հնարավորություն ստեղծի, բայց ինչո՞ւ մենք պետք է սպասենք, որ Վրաստանի իշխանությունները գան մեզ համար մի բան ստեղծեն: Մենք պետք է նախաձեռնող լինենք: Մենք ինքներս պետք է ստեղծենք: Վրաստանի իշխանությունները շահագրգռված են, որ «Հյուսիս- Հարավ» ճանապարհը շահագործվի, որ իրենք ճանապարհ ունենան դեպի Իրան: Իրենք դա են ուզում: Բայց մենք այս ուղղությամբ ոչինչ չենք արել, որ ակնկալենք, որ իրենք էլ մի բան կանեն: Մենք պետք է ինքներս նախաձեռնենք, որ հետո Վրաստանի իշխանություններից չնեղանանք, թե ինչու չեն անում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել