«Հայ հեղափոխական դաշնակցությունը նախօրեին ուշագրավ տեղեկություն է տարածել Բյուրոյի և Հայաստանի ԳՄ համատեղ նիստի և ընդունված որոշման մասին՝ ներկայացնելով Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տեսակետների շարադրանքը երկրում առկա իրավիճակի վերաբերյալ: Ի մի բերելով դրանք` դրանցում տեղ գտած ուշագրավ արձանագրումները՝ հիմք կա եզրակացնելու, որ Բյուրոյի և ԳՄ համատեղ նիստով ու որոշումով Դաշնակցությունը բավականին նուրբ դժգոհություն է հայտնում կառավարության գործունեության արդյունավետությունից:
 
Այլ կերպ ասած՝ համատեղ նիստն ու որոշումը հեղափոխական կուսակցության դիվանագիտական ակնարկն է վարչապետին: Օրինակ՝ ՀՅԴ-ն արձանագրում է, որ չնայած կարևոր են բարեփոխումները, սակայն արդյունավետությունը, բյուրոկրատական որոշումների կայացման պարզեցումը մնում են առաջնային խնդիր: ՀՅԴ-ն արձանագրում է նաև. «Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեև առկա են որոշ դրական տեղաշարժեր և արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալական հետևանքները՝ նվազեցնելով դրանց հավանական բացասական ազդեցությունն անապահով խավերի նկատմամբ»:
 
Այդ կապակցությամբ Դաշնակցությունը հորդորում է իր նախարարներին առաջնորդվել սոցիալական խնդիրների լուծման և սոցիալական արդարության հաստատման գիտակցումով՝ կարծես նրբորեն ակնարկելով, որ կառավարությունն ամբողջությամբ, իբրև հավաքական կառույց, այդ ուղենիշներով չէ, որ առաջնորդվում է: Եվ իհարկե՝ ամենաուշագրավը եզրահանգումն ու համատեղ նիստի որոշումն է, որ ՀՅԴ-ն քաղաքական համաձայնության շրջանակում առաջնորդվելու է նախաձեռնողականության և ինքնուրույնության գործելաոճով: Ընդհանուր առմամբ, Դաշնակցությունն, իհարկե, կողմ ըլլալով դեմ ըլլալու իր ավանդական գործելաոճի մեջ է, որ դավանում է արդեն մի քանի տարի, իշխանության հետ մերթ միավորվելու, մերթ բաժանվելու վայրիվերումներով, սակայն ինքնին հատկանշական է, որ Դաշնակցությունը հենց այժմ է որոշել հնչեցնել զանգը, և հարց է առաջանում, թե ում կամ ինչի համար է այն ղողանջում: Չէ՞ որ առջևում չկա ընտրական գործընթաց, հետևաբար՝ ՀՅԴ-ն, թերևս, կարիք չունի հանրության վրա աշխատել և ցույց տալ, որ ինքն էլ գոհ չէ կառավարության գործունեության արդյունքից՝ այդպիսով ընտրական քվե հավաքելու ակնկալիքով:
 
Միևնույն ժամանակ, կոալիցիոն համաձայնագրով ՀՅԴ-ն 2018-ին վարչապետ առաջադրելու, այսպես ասած, իրավունքը թողել է ՀՀԿ-ին, ըստ այդմ՝ այստեղ էլ կարծես թե ամեն ինչ պարզ է: Բայց պարզ է, թերևս, միայն առաջին հայացքից, որովհետև Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների անորոշությունը սկսել է ինչ-որ առումով նյարդայնացնել նաև Դաշնակցությանը, հատկապես, երբ տեղի են ունենում ներիշխանական կամ ներհամակարգային խաչաձև բախումներ ու գրոհներ»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել