Վրաստանը Doing Business-2018 վարկանշային աղյուսակում, որը գնահատում է բիզնեսի վարման դյուրության աստիճանը, գրավել է 9-րդ հորիզոնականը: Այս մասին կարդում ենք Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի զեկույցում:

Անցած տարի Վրաստանը գրավել էր 16-րդ հորիզոնականը և այս տարի արդեն կարողացել է բարելավել դիրքերը 7 հորիզոնականով: Վրաստանն այնպիսի երկրների շարքում է հայտնվել, ինչպիսիք են` Նորվեգիան, որը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, և Շվեդիան, որը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Ուշագրավ է, որ Վրաստանն առաջնորդող դիրքերում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների շարքում: Վրաստանին հետևում են` Մակեդոնիան (11-րդ հորիզոնական), Լիտվան(16-րդ հորիզոնական) և Ռուսաստանը` 35-րդ հորիզոնական:

Առանձին չափանիշներով Վրաստանը Doing Business-2018 զեկույցում գրավել է հետևյալ հորիզոնականները` ձեռնարկությունների գրանցում՝ 4-րդ հորիզոնական, շինթույլտվության ստացում` 29րդ հորիզոնական, ունեցվածքի գրանցում՝ 4-րդ հորիզոնական, վարկերի ստացում՝ 12-րդ հորիզոնական, փոքրածավալ ներդրողների պաշտպանություն`4-րդ տեղ, հարկային ներդրումներ` 22-րդ տեղ, արտաքին առևտուր` 62-րդ տեղ, պայմանագրերի կատարում` 7-րդ հորիզոնական, անվճարունակության թույլտվություն` 57-րդ հորիզոնական և էլեկտրաէներգետիկայի հասանելիություն` 30-րդ տեղ:

Ընթացիկ տարում, ըստ զեկույցի, Վրաստանը երեք կարևոր բարեփոխում է իրականացրել՝ էլեկտրաէներգետիկական ցանցին միանալու ծախսերի կրճատում, փոքրածավալ ներդրողների իրավունքների պաշտպանության բարելավում և սնանկության գործընթացի պարզեցում:

Վրաստանն առաջատարն է տարածաշրջանում վերջին 15 տարիների ընթացքում իրականացրած բարեփոխումների քանակով (47): Նրան հետևում են Ղազախստանը և նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան` 41 բարեփոխմամբ: Վրաստանն այս հարցում զիջում է միայն Ռուանդային, որն իրականացրել է 52 բարեփոխում:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է Նոր Զելանդիան, որը ճանաչվել է բիզնեսի ստեղծման և վարման համար ամենից բարենպաստ պայմաններ ապահովող երկիրը: Լավագույն տասնյակում են նաև՝ Սինգապուրը, որը երկրորդ տեղում է, Դանիան, Հարավային Կորեան, Հոնգկոնգը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Շվեդիան:

Նախկին ԽՍՀՄ տարածքից առաջատար են Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը Հայաստանը և Ադրբեջանը:

Doing Business զեկույցը հրապարակվում է արդեն 15-րդ անգամ և ներառում է 190 պետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել