Օրվա ընթացքում երկմտում էի` գրել այս մտահոգությանս մասին, թե ուղղակի շրջանցել տառապող հասարակության տենչանքը. հաղթեց առաջին «ես»-ս, այդ պատճառով թեմային անդրադարձա ուշացումով:
Գրեթե ամբողջ աշխարհն այսօր «տոնում» է «Հելոուինը», որն իր մեջ սատանայապաշտական տարրեր է պարունակում: Հայաստում ևս, մասնավորապես՝ Երևանում, հատկապես վերջին տարիներին մեծ ոգևորությամբ են տոնում այս տոնը՝ տարաբնույթ դիմակներ կրելով, դդումներին կտրվածքներ տալով և վախենալու կերպարանքներ ընդունելով:
«Հելոուին» տոնը սկսել են նշել շատ վաղուց, Բրիտանիայում և Հյուսիսային Ֆրանսիայում: Հեթանոսական ժամանակներում այս տարածքներում ապրող ցեղախմբերը (հիմնականում կելտերը) տարին բաժանում էին երկու մասի` ձմեռվա և ամռան: Ամբողջ ձմեռ Արևի աստվածը գերի էր ընկնում Մեռածների և խավարի աստծու` Սաուինի մոտ: Նոյեմբերի 1-ին ցեղախմբերը տոնակատարություն էին կազմակերպում` ի պատիվ Սաուինի: Ըստ հնագույն լեգենդի՝ այդ գիշեր դժոխքի դռները բացվում են աշխարհի առջև, և դժոխային կերպարանքները ներխուժում են երկիր: Ավանդույթի համաձայն` երեկոյան մարդիկ վառում են լապտերները, որպեսզի վախեցնեն չար հոգիներին:
Աշխարհը հիմա կենտրոնացած է մեկ բանի վրա՝ միատարր դարձնել ամեն բան և այնպես անել, որ վերանան ազգերն ու պետությունները, լինի միանման մտածողություն և իշխի մեկ ընդհանուր գաղափարական մոտեցում:
Մոլորված են նրանք, ովքեր կարծում են, թե տոնակատարությունն ուղղակի ուրախ ժամանց է: Առաջին հայացքից «անմեղ» թվացող տոնն իր մասնակիցներին կամա, թե ակամա մասնակից է դարձնում սատանայի պաշտամունքի ծեսի: Կրոնաբան չեմ, ոչ էլ մոլեռանդ քրիստոնյա, ուղղակի հասարակության հերթական մտավոր դեգրադացիան է մտահոգությանս առիթը:
Այդ անհասկանալի օրը կտրուկ ավելանում է հանցագործությունների մեծ թիվը, դիմակներով մարդիկ գողության, խարդախության ու նմանատիպ այլ զանցանքներով են զբաղվում: Այստեղ թաքնված են նաև լուրջ բիզնես շահեր, մասնավորապես՝ դիմակների ու հագուստների պատվերների մեծ թվաքանակներ են վաճառվում, սա նույնպես հատուկ մշակված պլանային դոկտրին է: Ըստ էության՝ այդ տոնի մեջ չկա խորհուրդ, ընդամենը մարդկանց հերթական անգամ զոմբիացնում են և դարձնում մանիպուլիացիոն գործիք:
Այս անհասկանալի տոնի խորհրդանիշի մասին պատմությունը կարդալուց հետո «տոնի» իրական իմաստը դառնում է ակնհայտ: Դարեր առաջ Ջեք անունով (դդումը ներկայումս կոչվում է Ջեք) իռլանդացի դարբին է ապրելիս եղել: Նրա խորամանկության և ժլատության մասին լեգենդներ են պտտվում մինչ այսօր: Ասում են` նա այնքան խորամանկ էր, որ խաբել է անգամ Սատանային, վերջինս անգամ նրան խոստացել է երբեք չտանել նրա հոգին:
Ահա սա է վերջին մի քանի տարիներին հայ իրականության մեջ բավականին լայն մասսայականություն վայելող այս արևմտածին հիբրիդի ողջ պատմությունը: