Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քննարկումների հիմնական մեխն այն է, որ դա կազմակերպել է Ռուսաստանը, որպեսզի Հայաստանը լինի իրենից կախված, այսինքն՝ վերացվեցին «անկախ» քաղաքական գործիչները, և արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք։

Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ից դաս մենք չենք ստացել, իսկ նման դեպքերի քննարկումների հիմնական իմաստը հետագայի համար ճիշտ հետևություններ անելն է։

Իմ համեստ կարծիքով՝ մենք մեր սուվերենությունը զիջել ենք ոչ թե 1999-ին, այլ ավելի վաղ՝ 1995-1996 թվականներին, ու այդ գործում իր առյուծի բաժինն է ունեցել հենց Վազգեն Սարգսյանը։

Դրա համար պետք է մի պարզ ճշմարտություն հասկանալ․ այն ազգերն են սուվերեն, որոնք իրենք են ընտրում իրենց իշխանությունը ընտրությունների միջոցով, իսկ իշխանությունները ենթարկվում են հանրային կարծիքին, այդ դեպքում ոչ մի դրսի ուժ չի կարող իր կամքը պարտադրել նման եղանակով, միևնույն է, նորից կլինեն ընտրություններ և նորից նման մարդիկ՝ իշխանության։

Վերջին օրինակ՝ ոչ ոք չի կարող Հայաստանի իշխանությանը պարտադրել գնալ Ժնև ու հանդիպել Ալիևի հետ ու արդյունքում հրաժարվել Ադրբեջանի առջև դրված Վիեննայի պարտադրանքից, որը ձեռք էր բերվել 100-ից ավել զինվորների կյանքի գնով։

Երբ ազգը զրկվում է ըտրությունների միջոցով ձևավորելուց իր իշխանությունը, ապա այդ ազգը չի կարող ինքնիշխան լինել, այսինքն՝ վերահսկվել իր ժողովրդի կողմից։

Մենք մեր սուվերենությունը զիջել ենք 1995-ին և 1996-ին, երբ Հայաստանում վերացվեց ընտրական ինստիտուտը, ինչում իր հսկայական ավանդն է ունեցել հենց Վազգեն Սարգսյանը։ Իսկ հոկտեմբերի 27-ն ընդամենը դրա հետևանքն էր, այսինքն՝ Հայաստանում հնարավոր եղավ տեռորի միջոցով փոխել քաղաքական կուրսը, որովհետև իշխանությունն այլևս հաշվետու չէ իր ժողովրդի առջև, այլ հաշվետու է դրսի հովանավորների առջև։ Ըստ էության՝ հենց Վազգեն Սարգսյանն է նախապատրաստել իր սպանությունը, նաև մեր պետականության անկումը։

Սա մեղադրանք չէ Վազգեն Սարգսյանին, սա ուղղակի դաս է մեզ համար, որից դեռևս չենք կարողանում ճիշտ հետևություններ անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել