Հայաստանի անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում հասարակությունը և պետությունը բազմիցս ներգրավված են եղել տարբեր մակարդակներում տեղի ունեցող ընտրական գործընթացներում, թե´ տեղական, թե´ հանրապետական նշանակության: Ակնհայտ է, որ այն երկրներում, որտեղ նոր են ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտները և, մեծ հաշվով, ժողովրդավարական քաղաքական մշակույթը, որտեղ դեռևս անհատի քաղաքական կամքից է նաև մեծապես կախված տվյալ երկրի հետագա ժողովրդավարական զարգացման հնարավորության և բարեփոխումների հեռանկարը, կարևոր նշանակություն ունեն նախագահական ընտրությունները: Կարևորելով Հայաստանում տեղի ունեցած բոլոր նախագահական ընտրությունները, այնուամենայիվ, պետք է նշել, որ 2013թ.-ի նախագահական ընտրություններն իրենց նշանակությամբ տարբերվում են մյուսներից: Ակնհայտ է, որ Հայաստանն իր 20-ամյա զարգացմամբ, բարեփոխումներով և հետընթացով հասել է մի մակարդակի, որտեղից առաջ շարժվելը նորընտիր նախագահից պահանջելու է արմատական քայլեր, թե´ սոցիալ-տնտեսական, թե´ իրավաքաղաքական համակարգի և թե´ արտաքին քաղաքական ոլորտներում: 2013թ.-ի փետրվարի 18-ից հետո տեղի ունեցող զարգացումների առանձնահատկություններից մեկը` անկախ նրանից, թե ով էր լինելու նորընտիր նախագահը, լինելու է այն գործընթացի սկզբնավորումը, երբ 1988թ.-ի շարժման արդյունքում առաջ եկած քաղաքական էլիտային փոխարինելու է գալու նորը` իր մոտիվացիայով, մտածելակերպով, խնդիրներին լուծում տալու մոտեցումներով: Սերժ Սարգսյանի առաջիկա 5 տարիների կարևոր խնդիրներից է նաև նպաստել, բարոյական ու քաղաքական աջակցություն ցուցաբերել նոր քաղաքական էլիտայի ձևավորման գործընթացին: Նա պետք է լինի այն օղակը, որն ապահովելու է հնից նորին անցնելու սահուն գործընթացը, այլապես քաղաքական էլիտայի ճահճացած վիճակը սպառնալիքի տակ կդնի ոչ միայն բարեփոխումների ամբողջ հեռանկարն, այլ, նույնիսկ, 88-ի շարժման ամբողջ ձեռքբերումները: Նորընտիր նախագահից է մեծապես կախված, արդյո՞ք առաջիկա 5 տարիներում Հայաստանում կտեղայնացվի եվրոպական քաղաքական, տնտեսական, սոցիալական կառավարման համակարգը, արդյո՞ք մեզանում վերջ կդրվի հասարակական և պետական չարիք հանդիսացող օլիգարխիկ տնտեսությանը, օրենքի ոտնահարմանը, պաշտոնեական դիրքի չարաշահմանը, կոռուպցիային և անպատժելիությանը: Արդյո՞ք Հայսատանը ի վիճակի կլինի աշխարհաքաղաքական ցանկացած զարգացումից դուրս գալ իր ազգային և պետական շահերը մաքսիմում պաշտպանած: Ակնհայտ է, որ նորընտիր նախագահը` Սերժ Սարգսյանը, իր լեգիտիմության պաշարով գերազանցում է գոնե վերջին 15-16 տարիների Հայաստանի բոլոր նախագահներին, ուստի առաջիկա 5 տարիները նրա համար այն պատմական հնարավորությունն են, իսկ հայ ժողովրդի համար՝ միգուցե և վերջինը, Հայաստանը զարգացման որակական նոր մակարդակ բարձրացնելու համար, որտեղ այդքան էլ կարևոր չէ, թե մենք այդ Հայաստանը ինչպես կանվանենք՝ ապահով, օրինաց, բարգավաճ, ազատ, թե բարեկեցիկ: Պարզապես, այդ դեպքում Հայաստանի ցանկացած քաղաքացի, յուրաքանչյուր հայ` աշխարհի ցանկացած վայրում, կարող է հպարտորեն, առանց զարմանքի և երկմտանքի ընթերցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել